Հասարակություն

Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ՝ հող է գրավե՞լ, սպանություննե՞ր է արել․ Նիկոլ Փաշինյանի համակիր

Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ՝ հող է գրավե՞լ, սպանություննե՞ր է արել․ Նիկոլ Փաշինյանի համակիր

Ապրիլի 14-ին հանրությունը ցնցվեց հերթական վանդալիզմից: Անհայտ անձը պղծել էր Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը, կոտրել էր արձանի քիթը։ Արձանը կոտրող քաղաքացին` Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը դրան հաջորդող օրերին եկել էր «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն եւ պատմել, թե ինչու է նման բան արել․ «Արձանը կոտրել եմ, լավ եմ արել, դրա ու դրա նմանների երեսից տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը»: Պարզել էինք, որ Ազգալդյանի քրոջ հետ կապված ինչ-որ խնդիրներն են պատճառը, որ այս անձը 2022 թվականին պայքարում է 1994 թվականին հերոսաբար զոհված քաջորդու հիշատակի դեմ։ Այս անգամ նա խմբագրություն էր եկել պատմելու, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում քննչական մարմիններում, ինչպես են գործերը քննում եւ իր հետ կապված ինչ անարդարություններ են տեղի ունենում։

«Ես ուզում եմ խոսել, թե ինչ է կատարվում Կենտրոն վարչական շրջանի Քննչականում, ինչպես նաև այլ բաժիններում: Անտերություն է ամենուր, անարդարություն: Կենտրոնի քննիչներից` Ռազմիկ Սաֆարյանն ինձ կաշառք է առաջարկել, որպեսզի ես իմ բողոքներից մեկը հետ վերցնեմ: Մեկ այլ քննիչ էլ` Նելլի Գրիգորյանը ինձ առաջարկել է, որ ինձանից գողացված իրերը ետ վերադարձնեն և ես իմ ներկայացրած բողոքը հետ վերցնեմ», - ասում է արձանը կոտրած անձը, որին մի քանի ժամ ձերբակալելուց հետո ազատ էին արձակել։
«Լեոնիդ Ազգալդյանի արձանը վնասելու վերաբերյալ նորից եմ կրկնում` արձանը վնասել եմ, քանի որ նրա ու նրա նմանների երեսից է մեր ազգն էս օրին հասել: Էդքան զոհ տվեցինք դրա երեսից, թե 2020 թվականին, թե դրանից առաջ` 30 տարվա ընթացքում: Ազգալդյանի արձանի քիթը վերանորոգելու համար ճարտարապետը ուզում է ավելի քան 10 միլիոն դրամ: Ընդամենը` 10 միլիոն դրամ, արձանի քիթը վերանորոգելու համար: Հետո զգացին, որ դա ֆանտաստիկ թիվ է, 10 միլիոնը փոխարինեցին 3 միլիոնով», - նշում է նա: Արձանի վերականգնման գումարի չափով նրան վնասի հատուցման պահանջ է ներկայացվելու, դա է պատճառը, որ վանդալիզմի գնացած անձը կարեւորում է այդ թիվը»

Նա հպարտորեն ասում է․ «Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին» եւ պնդում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր, Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ մեղավորություն չունի՝ մեղավորն 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին` Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ: 

«90-ականներին անիմաստ ավազակային հարձակում սկսեցին մեր հարևան պետության դեմ: 30 տարի զավթել ենք նրանց հողերը, հիմա էլ դրա պատասխանն ենք տալիս: Ես արդարության կողմնակիցն եմ, ով արդար է՝ նրան եմ պաշտպանում: Բացի այդ ուզում եմ ասել, որ այդ հայրենիքի դավաճան Ազգալդյանի պատճառով մեր հայ ազգը տառապում է մինչ օր: Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրավե՞լ, ի՞նչ են արել, սպանություննե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վերջում էլ իրենց հողերն են ազատագրել, կարո՞ղ ա մեր հողերն են գրավել: Հայ ազգի դավաճանները զավթել են Ադրբեջանի հողերը, մեզ կրակը գցել: Ես ցանկանում եմ նաև նշել, որ Ազգալդյանի՝ այդ ցնդած ֆիզիկոսի արձանի քիթը կոտրելու համար ոստիկանությունում ինձ երկու ոստիկան խոշտանգել են: Մի դավաճան էլ Վազգեն Սարգսյանն էր էլի… Ես ուզում եմ Ադրբեջանի քննչական մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի նրանք զբաղվեն իմ բոլոր բողոք-դիմումներով: Վստահ եմ՝ նրանք արդար գործողություններ կկատարեն: Վատ չէր լինի, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններին հրավիրեինք Հայաստան: Ադրբեջանի իրավապահները միայն կարող են Հայաստանում կարգ ու կանոն հաստատել, Ֆրանսիայի հրապարակը մաքրել էդ ընդդիմությունից: Փաշինյանն արդար մարդ ա, ես նրա գործողություններում և ամեն ինչում արդարություն եմ տեսնում: Մարդուն չեն թողնում իրականացնել իր արդար աշխատանքը: Իրավապահները չեն կիսում իմ և Նիկոլ Փաշինյանի գաղափարները: Երբ ասացի, որ Արցախն Ադրբեջանինն է, միանգամից զայրացան: Ոստիկաններից շատերը չեն համակրում մեր երկրի ղեկավարի գաղափարները: Բացահայտ ինձ հետ խոսեցին այդ մասին», - իր խոսքը եզրափակեց նա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image