«Հրապարակ». Զարմացա, որ ՄԱԿ-ի առաքելությունը փորձ չարեց հանդիպել տուժածների հետ

«Հրապարակ». Զարմացա, որ ՄԱԿ-ի առաքելությունը փորձ չարեց հանդիպել տուժածների հետ

Հայաստանի իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանին լիակատար հանձնելուց հետո, պաշտոնական Բաքվի ուղիղ հրամանով, ԱՀ նախկին եւ ներկա ղեկավարներ, զինվորականներ ապօրինաբար գերեվարվեցին։ Հայաստանի ղեկավարությունը մինչ այս պահը որեւէ առարկայական գործընթաց չի սկսել՝ իր քաղաքացիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար։ Խիստ զբաղված են Հռոմի ստատուտը վավերացնելով,  Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խզելով: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։

- Պարոն Վարդանյան, Դուք՝ որպես ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչ, մեղավորություն կամ մեղքի զգացում չունե՞ք՝ Արցախից հայերի բռնի տեղահանման, Արցախը կորցնելու համար։

- Ես պետք է ասեմ, որ յուրաքանչյուր հայ խորքային ցավ է զգում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 21-րդ դարում։ Որեւէ քաղաքակիրթ մարդ չի կարող հանդուրժել էթնիկ զտման այս քաղաքականությունը։

- Էթնիկ զտման մասին չէ խոսքը, այլ՝ Արցախի կարգավիճակի։ Հայաստանի իշխանությունները կանաչ լույս վառեցին Ադրբեջանի առաջ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Արդյունքում` մարդիկ անտուն են մնացել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածք։

- Բացարձակ այդպես չէ, այդ միֆը, որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, դրա համար տեղի է ունենում էթնիկ զտում, որեւէ իրավական հիմնավորում չունի։

- Բայց դուք ճանաչել եք Արցախն Ադրբեջանի տարածք։

- Որեւէ ճանաչում չի կարող հիմք հանդիսանալ միջազգային հանցագործություն անելու համար։

- Իսկ Արցախն Ադրբեջան ճանաչելը Հայաստանի իշխանությունների սահմանադրական իրավո՞ւնքն էր, Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրավունք ունե՞ր նման բան անել։

- Արցախի ժողովուրդն ինքն իր դիրքորոշումը հայտնել էր իր կարգավիճակի վերաբերյալ։ Չհաջողվեց կյանքի կոչել այն պնդումները, թե պայքարը գնում է ոչ թե տարածքի, այլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Հայաստանի Հանրապետությունը կարող է շատ բան ասել, կարող է ասել ամեն ինչ, բայց այլ բան է պատասխանատվությունը։

- Եթե Արցախը չճանաչված պետություն է, Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս եւ ի՞նչ իրավունքով այն ճանաչեց Ադրբեջանի տարածք։

- Մենք շատ ենք հեռվանում արդեն։

- Ես ուզում եմ հասկանալ՝ ՀՀ սահմանադրությունը նրան այդ լիազորությունը տալի՞ս էր։

- Մենք պետք է առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ որեւէ փաստի ճանաչում չի կարող հիմքեր ստեղծել այս կամ այն պետության համար՝ կատարել հանցագործություններ։

- Արցախահայության բռնի տեղահանման օրերին Ադրբեջանի ԱԱԾ-ն Հակարիի կամրջով անցնող ԱՀ նախկին եւ ներկա ղեկավարներին ձերբակալեց։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը քայլեր չի ձեռնարկում՝ դա կասեցնելու համար, ի՞նչ է արվում՝ Հայաստանի քաղաքացիներին գերությունից ազատելու համար։

- Սկսած Ռուբեն Վարդանյանի ձերբակալումից՝ բոլոր դեպքերն ուղարկվելու են միջազգային ատյաններ, ՄԻԵԴ, որն այստեղ անելիքներ ունի։ Ադրբեջանի այս կամայական գործողությունները մենք դիտարկում ենք բացառապես հայատյացության կոնտեքստում, Արցախում էթնիկ զտում անելու կոնտեքստում։ Որեւէ մեկը չի կարող կամայականորեն ազատությունից զրկվել, մենք միջոցներ ենք ձեռնարկելու՝ անկախ նրանից, թե տվյալ անձն ինչ վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների նկատմամբ։

- Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, այդ թվում՝ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով։ Ադրբեջանն իրավական տեսանկյունից ի՞նչ հիմնավորմամբ է համարում, որ Ռուբեն Վարդանյանն ապօրինի է հատել իր սահմանը։

- Եթե մենք խոսեինք իրավական կայացած երկրի մասին, իմաստ կլիներ իրավական գնահատական տալ այդ գործընթացին։ Ադրբեջանը համարվում է ՄԻԵԴ-ի հիմնական «հաճախորդը»՝ այն իմաստով, որ այդ կառույցի որոշումները չկատարելու առումով առաջամարտիկ է։ Ադրբեջանի այս գործողությունների մասին կխոսեմ միջազգային ատյաններում՝ մեր գործընկերների հետ։ Ադրբեջանի քաղբանտարկյալների այն հսկայական ցուցակը, որն այսօր գտնվում է միջազգային կառույցների ձեռքում, ավելի է ընդլայնվելու։

- Ո՞ր միջազգային կառույցներին եք դիմելու, Հաագայի միջազգային դատարանի՞ն, որի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու որոշումն Ադրբեջանն այդպես էլ չկատարեց։ Ի՞նչ տրամաբանությամբ եք դիմում այդ կառույցներին, ո՞ւմ հետ եք հույս կապում։

- Ես այնպիսի անձնավորություն չեմ, որը մտածում է՝ վաղն արթնանա, ամեն ինչ լինելու է վառ եւ պայծառ, բայց հրաժարվել նույնիսկ թույլ գործող գործիքներից, չեմ կարող՝ հաշվի առնելով, որ միջազգային իրավունքը որեւէ այլ լավ գործիք չի ստեղծել։

- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, եւ Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Այս փաստաթուղթը կարո՞ղ է իրավական լինել։

- Ես համարում եմ, որ նման փաստաթղթի կարիք չկար, անհրաժեշտ էր պարզապես արձանագրել իրողությունները եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված պատկերը։ Ես ո՛չ իրավական հիմք եմ տեսնում, ո՛չ էլ տրամաբանություն։

- Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խզելը, Հռոմի ստատուտի վավերացումը քաղաքական, տնտեսական եւ իրավական առումով ի՞նչ հետեւանք կարող են ունենալ Հայաստանի համար, ինչո՞ւ եք հայ ժողովրդին դնում նոր փորձության առաջ։

- Այս փաստաթղթի վավերացումը չպետք է դիտարկվի հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, որոնք հիմնված են լուրջ պայմանագրերի վրա։ Մենք միասին ԵԱՏՄ անդամ ենք, իրավական միջազգային փաստաթղթեր ունենք, որոնք կարգավորում են այդ փաստաթղթերը։ Իմ զարմանքն է առաջացնում ՌԴ պաշտոնատար անձանց կողմից կոշտ արձագանքը։

- Դուք համարում եք, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չե՞ն կարող վատանալ Հռոմի ստատուտի վավերացումից հետո, իսկ ռուսական կողմը կոշտ է արձագանքել այդ քայլին։

- Ես ի գիտություն եմ ընդունում այդ փաստը։

- Գաղտնիք չէ, որ ձեր քաղաքական թիմը մեծ հույսեր է կապում Արեւմուտքի հետ։ Արցախի հայաթափումից հետո, երբ արդեն ոչ մի հայ չէր մնացել այնտեղ, ՄԱԿ-ի դիտորդները որոշեցին շրջայց կատարել պետության ներսում եւ արդյունքում` ադրբեջանական զինյալների ոչ մի վայրագություն չեն արձանագրել, ավելին՝ հայտարարել են, որ տեղահանության պատճառ չի եղել։

- Արցախում եղել են Ադրբեջանում տեղակայված ՄԱԿ պաշտոնյաները, եւ ես չեմ կարող այս պահին վերջնական գնահատական տալ։ Բայց ինձ մոտ զարմանք է առաջացնում այն փաստը, որ ՄԱԿ-ի առաքելությունը հայտնվեց Արցախում միայն այն բանից հետո, երբ գեթ մեկ հայ չմնաց այնտեղ, եւ այդ պատվիրակությունը որեւէ փորձ չարեց հանդիպել ադրբեջանական զինյալների հանցավոր վարքագծի հետեւանքով տուժած անձանց հետ։ Մենք պետք է սպասենք ՄԱԿ կենտրոնակայանի դիրքորոշմանը։ Այն դատողությունները, որ արվել են, չեն արտացոլում իրավիճակը։