Սասուն Խաչատրյանը փողի կարիք ունի

Սասուն Խաչատրյանը փողի կարիք ունի

Մինչ հասարակությունը պետության անվտանգության, Ադրբեջանի անընդհատ ագրեսիաներով ու Հայաստանի ինքնիշխանության մասին է մտահոգված, նոր ձևավորված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, պարզվում է, լրիվ այլ առաջնահերթություններ ունի․ նա պահանջում է, որ օրենքին հետադարձ ուժ տան և իրեն ավել գումար վճարեն։

Բանն այն է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվա հետ, այսինքն՝ Խաչատրյանի աշխատավարձի չափը սահմանվել է այն ժամանակ, երբ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ է մտել, սակայն Սասուն Խաչատրյանը կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 23-ին։ Օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար ավելի բարձր աշխատավարձ է սահմանվել, քան ստանում էր Խաչատրյանը ՀՔԾ պետի պաշտոնում, և հիմա նա պահանջում է, որ իրեն վճարեն այդ 6 ամսվա պակաս գումարը։

ՀՔԾ պետի պաշտոնի համար 11 գործակից էր սահմանված, Հայաստանում պաշտոնյաների համար աշխատավարձի բազային չափը 66 հազար 140 դրամ է, ուստի ՀՔԾ պետի պաշտոնում Խաչատրյանը ստանում էր 727 հազար 540 դրամ, իսկ Հահակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության համար 14.50 գործակից է սահմանված, որը կազմում է ամսական 959 հազար դրամ։ Այս 2 աշխատավարձերի միջև տարբերությունը կազմում է 231 հազար դրամ, 6 ամսվա համար՝ 1 մլն 388 հազար դրամ՝ մոտ 3400 դոլար։

Ինչպես ասում են, այնպես էլ չէ, որ Խաչատրյանը այդ 1 մլն 388 հազար դրամի հույսին էր մնացել․ ըստ 2021 թվականի հայտարարագրի՝ Սասուն Խաչատրյանի ստացած միայն դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ, 2021-ի ընթացքում նա ստացել է 21 մլն դրամ աշխատավարձ։ Փաստորեն Խաչատրյանի դեպքում գործում է «փողը երբեք շատ չի լինում» սկզբունքը, իսկ պետությունից էլ «ինչ քերես՝ քո քյարն է»։

Բացի հարցի բարոյական կողմից, ընկալելի չէ նաև հարցի իրավական կողմը, թե ինչ հիմքով է Խաչատրյանը պահանջում օրենքին հետադարձ ուժ տալ։ Օրինակ՝ եթե հետագայում նրա աշխատավարձը ավելի բարձրացվի, արդյոք Խաչատրյանը էլի պահանջելո՞ւ է, որ իրավական ակտին հետադարձ ուժ տան ու գումարի ամսական ավելցուկը հաշվեն եւ իրեն վճարեն։ Եւ հարց է առաջանում՝ ՀՀ պատմության ընթացքում որեւէ այլ պաշտոնյայի համար նման բացառություն արվե՞լ է։