Դրական տեղաշարժ

Դրական տեղաշարժ

Փորձենք վերջին իրադարձությունների մեջ ինչ-որ դրական բան գտնել, որ չխենթանանք: Անշուշտ, խայտառակություն է, որ հայ մարդիկ, այն էլ` պատգամավորի մանդատ ունեցող, չեն կարողանում մտնել Արցախ, սակայն այն աղմուկը եւ ընդվզումը, որ բարձրացավ դրա արդյունքում, դրական է, հուսանք, որ հաջորդ անգամ նման բան նախաձեռնողները տասը կչափեն` մեկ կկտրեն եւ ձեռնպահ կմնան նման քայլերից: Պատգամավորների ակցիան, ի դեպ, ծառայեց իր նպատակին: Արցախցիները տեսան, որ մենակ չեն: 2 երկրների պատգամավորները, ամեն դեպքում, հանդիպեցին եւ ինչ-որ հարցեր քննարկեցին: Հայաստանում ու Արցախում թմբիրի մեջ գտնվող մարդկանց արթնացնելու նպատակն էլ կարծես իրագործվեց:

Շատ ավելի բարդ է դրական բան տեսնել երեկ խորհրդարանում հնչած ելույթի մեջ, որով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հող էր նախապատրաստում առաջիկա պարտվողական քայլերի համար` Արցախի անկախությունից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ճանապարհների տրամադրում եւ այլն: Գուցե կարելի է դրական համարել այն, որ երկրի առաջին դեմքը սկսել է գիտակցել ավերածությունների մակարդակը, որն իրականացվել է իր թեթեւ ձեռքով: Գուցե երեկվա ելույթում նաեւ զղջումի ինչ-ինչ նոտաներ կային, որոնք անցյալում չկային: Հակառակը` մեղքի միակ կրողները նրա համար նախկիններն էին, եւ իր տեքստերն արյան ու վրեժի կոչեր էին` «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» բնույթի:

Ցավալին այն է, որ զղջում է ոչ թե իր սխալների, այլ անհամարձակության համար: Ոչ թե ափսոսում է, որ ուժից վեր բեռի տակ է մտել եւ հուսախաբ արել մարդկանց, այլ կարծում է, որ հայի բախտն ու պահանջատիրությունն են մեղավորը: Ոչ թե ապաշնորհ կառավարման մեջ է տեսնում չարիքը, այլ ժողովրդի հետ չխոսելու: Թեեւ 4 տարի միայն խոսք ենք լսել: