Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մտավորական է, ով պետական լծակներ ուներ իր ձեռքին

Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մտավորական է, ով պետական լծակներ ուներ իր ձեռքին

Հայաստանի 80 մտավորականներ եւ գիտնականներ նախօրեին հանդես եկան կոչով՝ սատարել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին․ «Մեր բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ հայտարարում ենք, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են: Սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական եւ քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու եւ հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար»։

Մտավորականության կոչին ավելի ուշ անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մտավորականներին հորդորելով ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերից մի հատված, որտեղ հիշատակվում է հայ մտավորականների պոռոտախոսության, պարծենկոտության, եղեռնական տգիտության ու մեղավորության մասին։ Դրանից հետո Տեր-Պետրոսյանն ամփոփել էր իր խոսքը՝ համոզմունք հայտնելով, որ եթե ուղերձը ստորագրած մտավորականները, «հետեւելով Լեոյի իմաստնությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են ընկալել այս կոչը հայտարարությունը ստորագրած գիտնականները:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին, մեզ հետ զրույցում մասնավորապես ընդգծեց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մտավորական է, ընդ որում՝ մտավորական, ով պետական լծակներ ուներ իր ձեռքին՝ 1990թ․ օգոստոսի 4-ից, երբ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, իսկ հետո էլ՝ 1991թ․ հոկտեմբերի 16-ից, նախագահ մինչեւ 1998-ը։ Ուրեմն ինքը, լինելով մտավորական, թող ասեր իր մտավորականի խոսքը եւ պետական լծակներն օգտագործեր իր պատկերացրած տարբերակով Արցախի խնդիրը լուծելու համար։ Իր պաշտոնավարության շրջանում արդյո՞ք հայ մտավորականության ձայնը լսելի էր, ես կարծում եմ՝ ոչ»։

Առաջին նախագահն իր պատասխան արձագանքում անուղղակիորեն արցախյան հարցի կարգավորման պատասխանատվությունը դնում է մտավորականների ուսերին, ինչո՞ւ։ «Խնդիրն այն է, որ գոյություն ունի պատմականության սկզբունք, եւ խնդրին պետք է մոտենաս տվյալ ժամանակաշրջանի տեսանկյունից, այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, եւ որեւէ մեկը եթե պարտվողական կամ զիջողական դիրքերից հանդես գար, անմիջապես նրա այդ մոտեցումը կարող է այլ կերպ ընկալվեր։ Եթե ինքը, լինելով պետական այր, մտածում էր առաջին հերթին Հայաստանի Հանրապետության մասին, թող օգտագործեր այդ լծակները եւ խնդիրը հասցներ տրամաբանական լուծման եւ ոչ թե թողներ հաջորդ սերունդներին ու այսօր էլ խոսեր, որ մտավորականությունը մեղքի մեծ բաժին ունի»։

Ինչո՞ւ այս իրավիճակում, երբ երկրում ներքաղաքական խնդիրներին վերջ չկա, ու առավել, քան երբեւէ, միասնականության կարիք կա, առաջին նախագահը թիրախավորում է ոչ թե ներկա իշխանություններին, այլ՝ մտավորականներին։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Տեր-Պետրոսյանի այսօրինակ հայտարարությունը։ «Ես չեմ կարող ասել․․․, հարցն ուղղեք Տեր-Պետրոսյանին՝ թող նա էլ պատասխանի»,- հավելեց Մելքոնյանը։     

ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հարցրինք՝ հետեւե՞լ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորին՝ կարդացե՞լ է Ավ․ Իսահակյանի հուշերը եւ ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահի արձագանքի մասին։ «Ես մի բան կարող եմ ասել․ մեր մտավորականության հասցեին ոչ ոք իրավունք չունի որեւէ թթու խոսք ասելու։ Մեր մտավորականությունն ամենադժվարին պայմաններում կարողացել է պահպանել ու շարունակել այն ամենը, ինչը մեր ժողովուրդն ունեցել է դարերի ընթացքում։ Բոլոր նրանք, ովքեր հիմա եկել ու քննադատներ են դարձել, նոր պատմություններ են հնարում, նրանցից ամեն մեկը պետք է հիշի, թե ինչ է ասում եւ ում համար»։  

Առաջին նախագահի կարծիքով, եթե մտավորականները ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի։ Համաձա՞յն է այս գնահատականի հետ։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը տարբեր ժամանակներում այնքան տարբեր բաներ է ասել, հատկապես Ղարաբաղի հարցում, որ հիմա դժվար է ասել՝ որն է իր ասածից համապատասխանում իրականությանը, որը՝ ոչ․․․»,- նշեց Ռ․ Մարտիրոսյանը։