Հանուն իրենց վայելքների

Հանուն իրենց վայելքների

Ինչո՞ւ է Արցախի դրոշը մեր իշխանությունների վրա ազդում այնպես, ինչպես կարմիր լաթն է ազդում ցլերի վրա։ Ինչո՞ւ են նրանք ամեն ինչ անում, որ Արցախի թեման դուրս գա հայկական օրակարգից, եւ անգամ Արցախ այցելություններն են սկսել  դատապարտել՝ դրա մեջ Հայաստանի դեմ ուղղված վտանգ տեսնելով։ Ինչո՞ւ են փորձում ներշնչել հայ հասարակությանը, որ ամեն գնով պետք է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, պետք է սահմանազատման աշխատանքներ իրականացնել, ոչնչով չառարկել լկտիացած հակառակորդին։ Եվ ներկայացնում են, որ ամենաչնչին դիմադրությունն անգամ՝ մեր կողմից, կարող է պատերազմի հանգեցնել։

Փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել երկրում՝ հայ մարդուն ներշնչելով, որ սրա միակ այլընտրանքը պատերազմն է։ Եթե չենք ուզում նոր պատերազմ ու նոր զոհեր, պետք է անմռունչ համաձայնենք մեր երկրից ինչ-որ հատվածներ թշնամուն տալու, մեր ճանապարհները թուրքին ու ադրբեջանցուն զիջելու, նրանց առաջ մեր երկրի դռները բացելու քաղաքականության հետ։ Պետք է հաշտվենք այս ստորացման, Արցախն ուրանալու, այն թշնամուն հանձնելու մտքի հետ։ Պետք է հրաժարվենք Շուշին ու Հադրութը վերադարձնելու որեւէ հեռանկարից, համաձայնենք ապրել նվաստացած ու անարժանապատիվ կյանքով, միայն թե պատերազմ չլինի։ Ապրենք շարքային հացակերի կյանքով, որի միակ նպատակն իր գոյությունը քարշ տալն է։ Իրենց դեպքում, իհարկե, այդ գոյության ներքո հասկացվում է լավ ուտել- հագնվելը, գործուղումներ մեկնելը, դաչաներում ապրելը, թանկարժեք մեքենաներ վարելը, վերջին արտադրության այֆոններ բռնելը, բիզնես-կլասով թռչելն ու թանկ հյուրանոցներում մնալը:

Հանուն այս վայելքների նրանք պատրաստ են ոչ միայն Արցախը հանձնել, այլեւ Գեղարքունիքն ու Սեւանը, Գյումրին ու Կապանն էլ տալ, միայն թե թուրքը թողնի, որ մի ափաչափ հատվածում իրենք վարչապետ ու նախագահ կոչվեն։