Մենք սպանդանոց տարվող մատաղացու չենք

Մենք սպանդանոց տարվող մատաղացու չենք

Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը գրել է՝ 

ՄԵՆՔ 
• Ժամանակավոր պարտությունը բոլորովին էլ չի մթագնել մեր գիտակցությունը, չի բթացրել մեր զգոնությունը, չի կոտրել մեր դիմադրողականությունը, չի թուլացրել ապրելու և ոտքի կանգնելու մեր կամքը, որ ժամ առ ժամ ավելի է ամրանում։
• Մենք սպանդանոց տարվող մատաղացու չենք, որ փրկության համար ապավինենք տերերի ողորմածությանը։ Ճիշտ հակառակը․ վստահում ենք մեր միակ տիրոջը՝ մե՛զ և մեր բազկի՛ն, չնայած գործո՛ւն բարեկամների առջև մեր սրտերը միշտ բաց են։
• Մենք գիտակցե՛լ ենք մեր սխալները՝ դրանք այլևս երբեք չկրկնելու վճռականությամբ։ Մենք լավ գիտենք, որ պետք է ինքնամաքրվել։ Մենք պատրա՛ստ ենք ապաշխարել և այս արհավիրքի փլատակներից դուրս գալ ամբողջապես նորացած, ավելի ուժեղ։
• Մեր աչքերը վառվում են Հայրենիքի արևածագը տեսնելու սպասումից, մեր ձեռքերը քոր են գալիս մեր տանը կուտակված աղբը հավաքելու, ընկած քարը քարին դնելու և մեր ոգու ավերակված տաճարը վերականգնելու ցանկությունից։
• Թող ոչ մեկին չշփոթեցնեն մեր եղբայրների ու քույրերի ընկճվածությունն ու կոշտ խոսքը։ Իրականում մեր ներքին կռիվը ոչ այնքան իրար դեմ է, որքան մեր արատների դեմ։ Ֆիզիկական և հոգևոր աշխարհների օրենքներով՝ մեր անհաշտության սառույցը հալչում է, և մայր հողի ընդերքում հասունանում է մեր միասնության հրաբուխը։
• Մեր ուժը բազմապատկվում է, որովհետև միաբան ենք դառնում ճշմարի՛տ սիրո և իսկակա՛ն համերաշխության լույսով։ 
• Այդ լույսը կուտակվել է մեր սրտերում, և նրա հաղթանակն անխուսափելի է,  որովհետև ծնվել է Եռաբլուրում՝ մեր եղբայրների ու որդիների լռությունից․․․