Քաղաքականություն

Սպասվում է ադրբեջանցի պատգամավորների այցը Հայաստան

Սպասվում է ադրբեջանցի պատգամավորների այցը Հայաստան

Ազգային ժողովի լրատվական բաժինը երեկ հաստատեց նախորդ օրը հրապարակած մեր տեղեկատվությունն այն մասին, որ փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երեւան:

ԱԺ աշխատակազմից փորձեցինք պարզել, թե Ադրբեջանի պատգամավորներն արդյոք հաստատե՞լ են իրենց այցը Հայաստան, որտեղից մեզ ասացին, որ դեռ բանակցությունների փուլում են։ Սակայն «Ադրբեջան» անունը հաղորդագրության մեջ ընդգրկելը խոսում է այն մասին, որ ադրբեջանական պատվիրակությունը ժամանելու է:

Մեզ ասացին, որ այս տարիներին մեկ անգամ այդպիսի դեպք եղել է, որ Եվրանեսթի շրջանակներում Ադրբեջանից պատգամավորներ են ժամանել Հայաստան, եւ դա եղել է 2012 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ նրանք այցելել էին՝ մասնակցելու Եվրանեսթի կրթության, մշակույթի, գիտության, հանրային կապերի հանձնաժողովի նիստերին։ Հանձնաժողովի նախագահն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն էր։

Նա մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ մեկ անգամ էլ 2015-ին պիտի գային Հայաստան՝ մասնակցելու արդեն Եվրանեսթի պլենար նիստին, որին բոլոր երկրների բոլոր պատվիրակներն էին մասնակցում, սակայն հրաժարվել են գալ։ «Էդ ժամանակ ադրբեջանցիները չեկան, որովհետեւ օրակարգում հստակ դրված էր բանաձեւը, որ Եվրանեսթը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտելու, ինչը եւ արել է։ Ադրբեջանցիները բոյկոտում էին՝ պահանջելով այդ հարցը հանել օրակարգից, թե չէ՝ չեն գա, ես էլ ասացի՝ ջհանդամին գան, թող չգան, էդ հարցը պիտի մնա օրակարգում։ Պնդեցի, եւ Եվրանեսթի բյուրոն ինձ հետ համաձայնեց, թեեւ Ուկրաինան, օրինակ, դեմ էր դրան»,- պատմեց Արտակ Զաքարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image