Մենք չենք դատում, թող Աստված դատի

Մենք չենք դատում, թող Աստված դատի

«Հրապարակին» են դիմել առաքելական եկեղեցու մի խումբ հետևորդներ՝ իրենց զայրույթն արտահայտելով սբ.Շողակաթ վանքում հակահեղափոխական քարոզ ունկնդրելու համար: Հավատացյալները, որ լույս հունվարի 1-ի գիշերը ներկա են եղել Ամանորի և Սուրբ Ծննդյան ժամերգությանն ու քարոզին, ստիպված են եղել լռելյայն կիսել քարոզիչ սրբազանի հոռետեսությունը՝ ապագայի նկատմամբ: Մեզ դիմածները պատմում էին, որ քարոզիչը՝ Արտակ սրբազանը, ժամերգության ավարտից հետո, փոխանակ շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու, միանգամից անցել է իր «առաքելությանը» քաղաքականացնելով հոգևոր արարողությունը:

Զրուցակիցներիս փոխանցմամբ՝ մինչ բուն քարոզին անցնելը, սրբազանը թափանցիկ ակնարկ է արել տասանորդի մասին: «Այսօր իմ տուն էին եկել բարեկամս ու նրա երեխան՝ իրենց տասանորդն էին բերել», -ասել է հոգևորականը: Ապա ներկայացրել է իր և երեխայի զրույցից մի հատված, որի առանցքի շուրջ էլ ծավալել է իր «մտահոգությունը» հեղափոխության նկատմամբ; Իբր երեխան ասել է, որ ուսուցչի պատճառով ինքը ստիպված է եղել փոխել դպրոցը և հիմա չգիտի՝ ճի՞շտ է արել, թե՝ ոչ: «Ես իրեն չկարողացա պատասխանել, հիմա ձեզ եմ դիմում, բայց պատասխան չեմ ակնկալում»,- ասել է սրբազանը և երեխայի՝ ինքնուրույն քայլ կատարելու որոշումը վերագրել հեղափոխությանը:

Ակնհայտորեն մերժելով հեղափոխությունն ու որևէ հույս չտածելով ապագայի նկատմամբ, հոգևորականը, հարցերի շարանով փորձել է հավատացյալների մոտ զղջման ու ապաշխարման տրամադրություն ստեղծել: «Ի՞նչ տվեց մեզ այդ հեղափոխությունը, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ դրանից: Այդ հեղափոխությունը պետք է մեր ներսից լիներ…Ինչո՞ւ պետք է երեխան ինքնուրույն դպրոց փոխելու որոշում կայացներ, որտե՞ղ է վերջանում ուսուցչի հեղինակությունը և որտեղի՞ց է սկսվում երեխայի իրավունքը..» Հավատացյալները չեն համարձակվել հակադարձել սրբազանին, որովհետև չեն ցանկացել վանքի ներսում աղմուկ բարձրացնել, մեղքի տակ ընկնել: ,,Աստծուն աղոթելու,հույս տալու, խաղաղություն քարոզելու փոխարեն, հուսալքեց մեզ; Այսկե՞րպ են հավատացյալների բանակը մեծացնելու՝վանելո՞վ, քարոզները քաղաքականացնելո՞վ…Մենք չենք ուզում դատավորի դերում լինել, Աստվածաշունչն ասում է՝ մի դատիր, որ չդատվես: Թող իրեն Աստված դատի…»։