Անբարոյականությունը պոզով-պոչո՞վ է լինում

Անբարոյականությունը պոզով-պոչո՞վ է լինում

«Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ենգոյանը գրել է.

«Անբարոյականությունը պոզով պոչո՞վ է լինում

Այն, որ օրվա իշխանությունները ապաշնորհ ու ապիկար են, բոլորին է արդեն հայտնի, բայց այն, որ նրանք նաև անբարոյական են, մինչև վերջերս ես չգիտեի։ 
 Իսկ հիմա կոնկրետ օրինակ: 

Արցախյան պատերազմը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմեց բոլոր տեքստիլ արտադրություն իրականացնող խոշոր ընկերություններին, որոնց հետ ՀՀ ՊՆ ուներ կնքված պայմանագրեր՝ տարբեր տեքստիլ արտադրանք (անկողնային սպիտակեղեն և այլն) մատակարարելու վերաբերյալ և հանձնարարեց ժամանակավորապես  ձեռնպահ մնալով պայմանագրով նախատեսված մի շարք ապրանքներ մատակարարելուց, և դրա փոխարեն արտադրողականության ամբողջ ծավալով կազմակերպել «զինվորական կոստյում բամբակյա կեպիով» և «զինվորական կոստյում ձմեռային դաշտային» ապրանքատեսակների արտադրությունը և ամենօրյա ռեժիմով մատակարարումը:

Վերոհիշյալ ընկերությունները հայրենասիրական մղումներից դրդված, փորձելով իրենց ներդրումը ունենալ հայրենիքի պաշտպանության գործում, զօր ու գիշեր լծվեցին բանակի զինվորական համազգեստ կարելուն: Սակայն օրվա իշխանությունը իր նման չէր լինի, եթե մի հիմարություն չաներ։ Պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրովի «շնորհակալություն» հայտնեց նախարարության առաջադրանքը կատարած և իրենց ողջ ուժն ու եռանդը ներդրած ընկերություններին՝ լուծելով ընկերությունների հետ կնքված պայմանագրերը՝ մնացած տեքստիլ արտադրանքը (անկողնային սպիտակեղեն, սրբիչներ և այլն) ժամանակին չմատակարարելու հիմքով:

Ավելին, ընկերություններից գանձվեցին տույժ, տուգանքներ, իսկ ընկերությունների տվյալները ուղարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս պետական գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու համար՝ պետության հետ կնքված պայմանագրերով նախատեսված պայմանագրային պարտավորությունները խախտելու հիմքով: 
Զերծ մնալով իրավական գնահատականներից, մի բան ընդամենը ասեմ․ բա անբարոյականությունը պոզով պոչո՞վ է լինում»։