Վոլկովը հեռանում է, ով է ռուս խաղաղապահների նոր հրամանատարը

Վոլկովը հեռանում է, ով է ռուս խաղաղապահների նոր հրամանատարը

Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Վոլկովին՝ նրան փոխարինելով այլ անձով։ Նոր հրամանատարը կոչումով գեներալ-գնդապետ է, ռուսական պատերազմներով անցած հմուտ զինվորական, ՌԴ ՊՆ-ում հայտնի է իր կամային որակներով։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի ամենավստահելի անձանցից է՝ նրա հետ երկար տարիներ աշխատած։ Գալիս է, այսպես ասած, վիճակը կարգավորելու։ 

Այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից եւ Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաեւ ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաեւ ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի։ Նոր հրամանատարին, մեր տեղեկություններով, հրահանգված է զսպել ադրբեջանական աճող ագրեսիան եւ վերահսկողությունը կրկին վերցնել իր ձեռքը։ Ռուսական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ նոր հրամանատարին ասվել է, որ ՌԴ-ի համար կարմիր գիծ է Արցախի ճանապարհի բնականոն գործելը եւ ճանապարհին դրվող անցակետը պետք է բացառապես ռուսական զինուժի կողմից վերահսկվի։ 

Արցախից մենք տեղեկացանք, որ Ալեքսանդր Վոլկովն արդեն պատրաստվում է մեկնել։ Ենթադրվում է, որ մոտ օրերս կժամանի նոր հրամանատարը, որն արդեն ճանապարհին է։

ՀԳ Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնենք նոր հրամանատարին։