Հերթական հումորիստ-դերասանն անցել է աշխատանքի քաղաքապետարանում

Հերթական հումորիստ-դերասանն անցել է աշխատանքի քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ քաղաքային իշխանության գլուխ անցնելուց հետո իր դերասան-հումորիստ ընկերները հերթով աշխատանքի են անցնում քաղաքապետարանում։

Մենք տեղեկացել ենք, որ այս անգամ էլ քաղաքապետարանում աշխատանքի է ընդունվել հումորիստ-դերասան, թամադա Արման Գևորգյանը, որն առավել հայտնի է դարձել ժամանակին հեռարձակվող «32 ատամ» հումորային հաղորդաշարի շրջանակում։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ ճշտելու ինֆորմացիան եւ տեղեկանալու՝ ինչ կարգով է Գեւորգյանն անցել աշխատանքի։

Մեր հարցմանը ի պատասխան հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ, այո, Արման Գևորգյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: 

«Նա 2020 թվականի օգոստոսի 3-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակութային միջոցառումների համակարգման և վերահսկման բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Արման Գևորգյանն ընդուվել է աշխատանքի՝ համաձայն ՀՀ կառավարության  2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն «ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի  2-րդ կետի 4-րդ ենթակետի»,-նշված է հարցման պատասխանում։

Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ «Կարգին հաղորդումից» հայտնի դերասաններ Աշոտ Մելոյանը եւ Հովհաննես Գրիգորյանն աշխատանքի են անցել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ում։