Մարզերում դեռ կան հեղուկ վառելանյութով եւ փայտով ջեռուցվող դպրոցներ

Մարզերում դեռ կան հեղուկ վառելանյութով եւ փայտով ջեռուցվող դպրոցներ
Վերջին տարիներին դպրոցներում վերականգնվել են աշնանային ու գարնանային արձակուրդները: Հոկտեմբերի 29-ից պաշտոնապես աշակերտները կհանգստանան. առաջին դասարանցիները՝ 2 շաբաթ, իսկ ավելի մեծերը` 1: Մինչ դպրոցականները հանգստանում են, օգտվելով աշնանային արձակուրդներից` դպրոցներում սկսվել են ջեռուցման նախապատրաստական աշխատանքները: Սովորաբար ջեռուցման սեզոնը սկսվում է նոյեմբերի 15-ից, սակայն եթե եղանակային պայմանները ստիպեն, ջեռուցման շրջանն ավելի վաղ կսկսվի:



Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արա Սիմոնյանից տեղեկացանք, որ արդեն դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ջեռուցում ապահովելու համար: Արա Սիմոնյանը նշեց, որ մարզի ենթակայության տակ գտնվող 90 դպրոցներից 75-ը ունի լոկալ ջեռուցում, 5 դպրոց կջեռուցվի փայտի վառարաններով, 6-ը ՝ էլեկտրական ջեռուցիչներով, իսկ 4 դպրոց էլ կջեռուցվի գազի վառարաններով:



Գեղարքունիքի մարզում պատկերն այլ է: Մարզի դպրոցներից միայն 59-ն է, որ ապահովված է կենտրոնացված ջեռուցման համակարգերով, մյուս դպրոցները ձմռանը տաքացվում են էլեկտրականությամբ, փայտով, գազի վառարաններով ու անգամ հեղուկ վառելիքով: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը մեզ հետ զրույցում ասաց. «2017-18 թթ. ուսումնական տարվանից դպրոցները լույսի ու գազի պարտք չունեն: Մարզի 118 դպրոցներից 59-ը ունեն լոկալ ջեռուցում, 12 դպրոց կջեռուցվի գազի վառարաններով, 29-ը՝ հեղուկ վառելանյութի վառարաններով, 5-ը՝ փայտի վառարաններով, 13 դպրոց էլ՝ էլեկտրական ջեռուցիչներով»:



Կարեն Զազյանից հետաքրքրվեցինք, կա՞ն դպրոցներ, որ անցած տարվանից հեղուկ վառելանյութ են տնտեսել. «Նախորդ տարվանից ոչ մի դպրոցում հեղուկ վառելանյութ չի տնտեսվել: Թե ինչպես են օգտագործում հեղուկ վառելանյութը, կախված է ցուրտ օրերից: Եթե տաք է լինում, հնարավոր է ավելի քիչ օգտագործեն, ցրտի դեպքում 2.7 –ի փոխարեն 3 լիտրից ավելի կօգտագործվի: Մեզ մոտ միշտ ցրտաշունչ ձմեռ է լինում, եւ հնարավոր չի հեղուկ վառելանյութ խնայել: Մենք հստակ չենք կարող ասել, թե ջեռուցման սեզոնին 1 դպրոցը քանի լիտր հեղուկ վառելանյութ կօգտագործի: Դպրոցներին կառավարությունը գումար է տրամադրում, իսկ դպրոցներն էլ կազմակերպում են հեղուկ վառելանյութի գնման պրոցեսը»:



Հ.Գ. Դասասենյակներում պետք է ապահովվի 18-20 աստիճան ջերմություն: Ի դեպ, ջեռուցման համար հստակ գումար սահմանված չէ:Այն հատկացվում է դպրոցի բյուջեից: Այսինքն` դպրոցի դասասենյակում ջերմաստիճանի սանդղակը թե ինչ աստիճանի վրա կկանգնի, կախված կլինի տվյալ դպրոցի բյուջեից կամ տնօրինության հայեցողությունից:



**Նելլի Կարապետյան**