Դատավորների լիազորությունները պետք է կասեցնել, նշանակել նոր դատավորներ

Դատավորների լիազորությունները պետք է կասեցնել, նշանակել նոր դատավորներ
2015թ․ նոյեմբերին Նորք-Մարաշի բանդայի գործով ազատազրկված, իսկ ապրիլյան հեղափոխությունից հետո ազատության մեջ հայտնված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը թեեւ առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի երեկ հրավիրած հանրահավաքին, սակայն ամբողջությամբ նայել է այն։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է եւ առաջարկում է ճիշտ լուծումներ։



Հրատապ խնդիրներին վերաբերող ճիշտ լուծումներ է առաջարկում։ Եվ պետք է հետեւողականորեն գնալ դրանց հետեւից։ Դատավորներին պետք է ոչ թե ուղերձ հղել, այլ նրանց լիազորությունները կասեցնել, որովհետեւ գիտենք, թե դատավորները որտեղից են եկել եւ ինչպես են ապրել։ Պետք է նշանակել նոր դատավորներ»,- ասաց մեր զրուցակիցը։



Հետաքրքրվեցինք, թե ինչ հետեւություններ է արել բանտում անցկացրած տարիների ընթացքում։ «Բազմաթիվ։ Բանտը խոշորացույց է, բանտից դրսում կատարվող ամեն ինչին նայում ես կարծես խոշորացույցով, հեռադիտակով։ Եվ շատ բան ես հասկանում, թե ինչու ինչպես, որը կարող էր ճիշտ լինել»,- արձագանքեց Վահան Շիրխանյանը։ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ հայտնվելու հարցում արտաքին միջամտությանը Վահան Շիրխանյանը չի հավատում։ «Ես կարծում եմ, որ նրան ազատել է իր նախկին ենթական, որն այսօր դատավոր է»,- ասաց մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի հետապնդել այն նպատակները, որոնց մասին հայտարարել է, ապա Հայաստանի համար կարող է նոր վտանգ առաջանալ։



«Բոլորը՝ եւ՛ սերժականները, եւ՛ ռոբերտականները, մեկ ելակետային դիրք ունեն՝ դա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո համազգային ցնծությունն էր։ Ամբողջ աշխարհում մեր ազգը ցույց տվեց, թե ինչքան է ատում, ինչքան է մերժում երկուսին էլ։ Ամեն ինչ անցյալում է, եւ իրենք պետք է գոհ լինեն, որ ժողովուրդն իրենց դատի առաջ չի կանգնեցրել դեռեւս»,- ասաց Վահան Շիրխանյանը։