Այդուհանդերձ, գեներալն ապահովե՞ց «լավ երեկո»

Այդուհանդերձ, գեներալն ապահովե՞ց «լավ երեկո»
Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լավ Երեկո»-ն վերջնականապես զրկեց լրատվամիջոցներին իրենց ամենաշատ դիտում բերող թեմայից։ Խոսքը, իհարկե, Սեյրան Սարոյանի շուլուխների մասին է։ Այդ հաղորդման ժամանակ գեներալը ներկայացավ իր ողջ փայլով ու հմայքով։ Նրա ֆոնին անգամ հումորիստներ Գարիկի ու Արամի «բոցերը» այլևս ծիծաղելի չէին։



Հետաքրքիր է ստացվում, որ երկրիդ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը երկրիդ հանրային միակ հեռուստաալիքի եթերում ստանձնում է գլխավոր շոումենի պատասխանատվությունը և մի հրճվանք ու ցնծություն է ներմուծում մեր տները։ Հետաքրքիր է նաև, որ մարդիկ թողած Սարոյանի խոսքերի բովանդակությունը, սևեռվել են այն բարբառի վրա, որով նա խոսում է։ Իրականում այդ բարբառը, որը գեներալի թոթով լեզվին երգիծական ելևէջներ է ստանում, հայերենի ամենահին բարբառներից է։ Չնայած որ Հայաստանի պետական լեզուն գրական հայերենն է, սակայն գեներալ- պատգամավորը որդեգրել է սեփական բարբառով հաղորդակցվելու ճանապարհը։ Բայց ախր շատ ենք լսել, չէ՞, որ լեզուն բարբառներով է հարուստ, իսկ Ալաշկերտի բարբառը, որով հիմա խոսում են Մարտունի քաղաքում և շրջակա գյուղերում, ամենահիներից է։ Այդ բարբառով են գրվել «Զորավոր զորքիդ մեռնեմ», «քելե լաո» և այլ երգեր, գուցե պե՞տք է այդ երգերն էլ ծաղրել։



Ակնհայտ է, որ Գարիկն ու Արամը պատահական չէին հյուր հրավիրել հենց գեներալին։ Նրանք գլխանց գիտեին, որ վերջինիս՝ ԱԺ պատգամավորի կեցվածքի հետ անհամատեղելի՝ գյուղացու պարզ ու հասարակ կեցվածքը պայթեցնելու է Յութուբի հաշվիչը։ Իհարկե, երբեք չի կարելի արդարացնել խորհրդարանում բարբառախոսությունը, և Սարոյանի կողմից՝ որպես պատգամավոր, հնչեցված այն բարոյախրատական քարոզները, որը ի վիճակի էր տալ միջին վիճակագրական ցանկացած «հորքուրի մարդ» կամ քեռի։



Հետաքրքիր է նաև, թե ինչու Գարիկն ու Արամը գեներալի հետ չխաղացին իրենց ավանդական խաղերը։ Պատասխանը պարզ է, քանի որ իմաստ չկար․գեներալը արդեն ապահովել էր մարազմի համապատասխան չափաբաժինը։ Սակայն, ի վերջո, մի հարց կա, որի պատասխանը այդպես էլ մնում է օդում կախված․ Հ1-ը, որը համարվում է իշխանությունների խոսափողը, ինչու էր հրավիրել հենց Սեյրան Սարոյանին, չէ որ գեներալը ամբողջովին բացահայտեց գործող իշխանության իրական դեմքն ու երկիրը կառավարելու մոդելը։ Հավանաբար ցույց տալու համար, որ Հ1-ը բացահայտ չեզոք հեռուստաալիք է, որտեղ հավասարապես ելույթ են ունենում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մասը կազմող գեներալ Սեյրանը։ Չգիտեմ, թե որքանով Հ1-ին հաջողվեց դա, բայց որ Սարոյանի բերած «արաղները» լավը կլինեին, կասկած չկա։



**Կորյուն Սիմոնյան**