Քրդերը հայերի աչքերով (մաս՝ երկրորդ)

Քրդերը հայերի աչքերով (մաս՝ երկրորդ)

Ноев Ковчег պարբերականը, հրապարակել է բավական ուշագրավ հոդված, համահեղինակությամբ Համլետ Միրզոյանի եւ Մարինա Միրզոյանի, որտեղ հիմք ընդունելով հայկական աղբյուրները, ներկայացվում է քրդերի կյանքը, կենցաղը, սովորությունները, ազգային առանձնահատկությունները եւ այլ հատկանիշներ: Քրդական անկախության հանրաքվեի նախաշեմին այս հոդվածն առանձնակի հետաքրքրություն է ձեռք բերում, քանի որ բացի ազգագրական ակնարկ լինելուց, նաեւ ցույց է տալիս հայկական միջավայրում քրդերի ընկալումը, հանգամանք, որը կարող է էական հանգրվան լինել ապագայում երկու ժողովուրդների հարաբերությունների նոր մակարդակով մշակման ընդհանուր գործընթացում: Հոդվածի առաջին մասը տես այստեղ:



Մաս երկրորդ 



Քրդերը իրենց տուն հյուր եկած մարդուն կամ մարդկանց երբեք չեն վնասի, նույնիսկ եթե նա իրենց համար երդվյալ թշնամի է: Ընդհակառակը, նրանց կհյուրասիրեն ինչպես հարկն է եւ կճանապարհեն ուղեկցելով բավական երկար ճանապարհ, որպեսզի իրենց տան մոտ ոչ ոք նրանց չվնասի: Հյուրին ընդունում են շատ լավ, կանայք նրանց շորերն ու ոտքերն են լվանում, հյուրասիրում, այն ամենով, ինչ ունեն: Հյուրը քրդերի համար Աստծո կողմից ուղարկված մարդ է եւ ըստ քրդական պատկերացման, ով չի հարգում հյուրին, չի հարգում նաեւ Աստծուն: Նույնատիպ է նրանց պատկերացումները նաեւ վրեժի վերաբերյալ: Աստված հրամայում է վրեժ լուծել եւ քուրդը ամեն գնով փորձում է իր երդվյալ թշնամուց վրեժ լուծել: Քրդական պատկերացմամբ զոհի հոգին այն ժամանակ է միայն հանգստանում, երբ նրա արյան վրեժը լուծված է : Այս պատկերացման համաձայն, քրդերը պարտականություն ունեն Աստծո, հասարակության եւ զոհի հոգու եւ ընտանիքի առաջ լուծելու արյան վրեժը եւ կհանգստանան միայն արյան դեմ արյուն թափելով: Հետաքրքրական է այն, որ քանի դեռ արյան վրեժը լուծված չէ, քրդական ընտանիքում ամենօրյա ծիսական ողբի արարողություն է անցկացվում եւ զոհի մայրը կամ քույրը պահպանում են զոհի արյունոտ շապիկը եւ ամեն օր հանելով սնդուկից արտասվում ու ողբում՝ կոչ անելով վրեժ լուծել: Եթե զոհը ունի մանկահասակ երեխա, ապա նրա արյունոտ շապիկը հագցնում են այդ երեխային, որպեսզի փոքրուց հասկանա կատարվածը եւ վրեժով լցվի: Այս ամեն դաժանություններով հանդերձ, սակայն քրդական ավանդույթը վրեժի հարցում նաեւ ունի լուսավոր կետ: Պատահում է այնպես, որ զոհի ընտանիքը ներում է մարդասպանին: Սա սովորաբար չկանխամտածված սպանությունների կամ դժբախտ պատահարների դեպքում է լինում: Նման դեպքում գոյություն ունի ներման խնդրման հատուկ ծիսակարգ, երբ մեղավորը ծնրագդիր բերանքսիվայր նետվում է զոհի հարազատների ոտքերի առջեւ եւ ներողություն խնդրում փաստելով, որ կատարվածը ակամա է կամ դժբախտ պատահար: Այս դեպքում մեղավորն ինքն է առաջարկում զոհի ընտանիքին սպանել իրեն եւ նրանց սրտերում բորբոքված վրեժի հուրն հանգցնել իր արյամբ: Եթե զոհի ծնողները ներում են, ապա մեղավորը դառնում է նրանց տանը արդեն տանու մարդ: Եթե մեղավորը ներման է արժանանում, իսկ զոհը ունի կին եւ երեխաներ, նա պարտավոր է այնքան նյութական աջակցություն ցուցաբերել, որպեսզի այրին եւ հորից զրկված զավակը կամ զավակները ապրեն բարեկեցության մեջ:



Համլետ Միրզոյան
Մարինա Միրզոյան
Ноев Ковчег



Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի