Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հոդվածների հեղինակները

Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հոդվածների հեղինակները

Երբ երկար ժամանակ զբաղվում ես նույն գործով, նկատում ես բաներ, որոնք լավ կլիներ՝ չնկատեիր։ Նկատում ես, թե ինչպես է խոստումնալից գործընկերդ դառնում ինչ-որ օլիգարխի կցորդը, ազատ լրատվամիջոցը վերածվում մանր-մունր խնդիրներ բարձրացնող, օրվա հաց վաստակող ԶԼՄ-ի, համարձակ ու հստակ ասելիք ունեցող թերթը դառնում է անկապ դատողություններ տպող եւ ռելիզների ձեւափոխմամբ, իր նախկին իմիջի հաշվին գոյատեւող։ Մանրակրկիտ հետեւում ու ցավում ես այն դեգրադացիայի համար, որն առկա է լրատվական դաշտում։



Չէի ուզենա նոստալգիկ ապրումներ ունեցող, իր դարն ապրած լրագրողի տպավորություն թողնել, բայց չեմ կարող չհիշել, որ 90-ականներին լրագրողներս շատ ավելի նպաստավոր պայմաններում էինք գործում՝ ե՛ւ հարգանքն էր մեր հանդեպ ավելի մեծ, ե՛ւ լրագրողի խոսքն էր ավելի ազդեցիկ, ե՛ւ իշխանավորներն էին ավելի ուշադիր մեր խոսքին ու զգույշ՝ մեզ հետ շփումներում։ Հիմա անհավատալի է թվում, բայց 20-30, անգամ 50 հազար տպաքանակով թերթեր էին տպվում, որոնք այսօրվա թերթերին շատ էին զիջում ոչ միայն դիզայնով ու տպագրության որակով, այլեւ ասելիքով, թեմաների բազմազանությամբ, համարձակությամբ։ Բայց 90-ականների թերթերից շատ ավելի որակյալ այսօրվա թերթերն ընդամենը 2-3 հազար տպաքանակ ունեն եւ միլիոն խնդիրներ՝ այն ժամանակվա խնդիրների հետ համեմատության եզր անգամ չունեցող։ Այո, այն ժամանակ թերթի խմբագրին կարող էր պաշտպանության նախարարը տանել իր կաբինետ ու անձամբ ծեծի ենթարկել՝ իբր բանակին, ռազմաճակատին վնասելու համար։



Այսօր նման բան անպատկերացնելի է, բայց նույն նախարարը նաեւ հարգում էր մամուլը, եւ տողերիս հեղինակը ՊՆ անմատչելի «դիսպետչերականին» մասնակցելուց հետո համակարգը քննադատող հոդված էր հրապարակում, որը կարդում ու խաղաղ էին վերաբերվում։ Այսօր «տեղից վեր կացող» կարող է արդարադատության նախարարին քննադատել, բայց կալանավայրեր մուտք գործել պրակտիկորեն անհնարին է, իսկ ժամանակին խմբերով լինում էինք ՔԿՀ-ներում, մասնակցում վաղաժամկետ ազատման հարցերով նիստերին, հարցազրույցներ անում դատապարտյալների, կալանավայրերի եւ վարչության պետերի հետ։ 90-ականներին հատուկենտ կառույցներ ունեին լրատվականներ, եւ նախագահականից ու կառավարությունից բացի, մյուս բոլոր պետական մարմիններ լրագրողների մուտքն ազատ էր։ Ոչ մի հավատարմագրում, ոչ մի բյուրոկրատական քաշքշուկ։ Հանգիստ կարող էիր մտնել ցանկացած նախարարություն, քաղաքապետարան, շրջել կաբինետներով, եւ ոչ ոք չէր ասի՝ դիմիր լրատվության պետին կամ՝ հարցերը գրավոր ուղարկիր։ Իրոք, դեմոկրատական երկիր էր՝ բաց ու հասանելի լրագրողների, իմա՝ հանրության համար։ Այդպիսի օրերից մի օր, Երեւանի քաղաքապետարանի դիսպետչերականին (որը բաց էր լրագրողների համար) մասնակցելիս էլ ձայնագրեցի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի զայրացած, հայհոյախառն ելույթը՝ ուղղված գործող քաղաքապետ Վահագն Խաչատրյանին, հետո նախաքննության միակ ապացույցը դարձավ ձայնագրիչս։



90-ականների լրագրողները նաեւ բանավեճեր էին հրահրում, իրենք մասնակցում այդ վեճերին, հրապարակախոսական շարքեր էին տպագրվում, որոնք ողջ երկիրն էր քննարկում։ «Ազգ» թերթը, օրինակ, տպագրում էր երջանկահիշատակ Տիգրան Հայրապետյանի փայլուն հրապարակախոսությունը, եւ խմբագիր Համլետ Գասպարյանն (այսօր՝ Ռումինիայում ՀՀ դեսպան) ուղղակի «հալածում» էր Տիգրանին, եթե մեկ օր հոդված չէր ստանում նրանից։ Այսօր «Հայոց աշխարհի» խմբագիր Գագիկ Մկրտչյանը փայլուն հոդվածաշարով էր հանդես գալիս «Երկիր» օրաթերթում՝ ամեն անգամ մի նոր բացահայտմամբ։ Այժմ ԱՄՆ-ից Ֆեյսբուքում հակառուսական ստատուսներ գրող Նաիրի Բադալյանի հայտնվելն էր լրագրության մեջ իրադարձություն՝ ամեն հոդվածը բում էր առաջացնում։ Լրագրության առաջատարների խմբում Գրիգոր Բաբայան կար, Ավիկ Մարության, Ռուզան Խաչատրյան, Աննա Իսրայելյան, Ժենյա Մարտիրոսյան, Հակոբ Ասատրյան, Արմեն Բաղդասարյան, Մարկ Գրիգորյան, Նարինե Դիլբարյան, Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան ու էլի շատ շատերը, որոնք գույն էին, խոսք էին, դեմք էին՝ իրենց ասելիքով ու աուրայով հանդերձ։



Հիմա մամուլում այդ գույնն ու ասելիքն է պակասել՝ հստակ ու խելացի, օրիգինալ ու սկզբունքային, խնդիրն ամբողջությամբ բացահայտող, «աշխատած» հոդվածների դեֆիցիտ կա դաշտում։ Լրագրությունը, անշուշտ, շատ է զարգացել այս տարիներին՝ ժամանակին որեւէ փաստ ճշտելու ձեւը մարդկանց հարցուփորձ անելն էր, առավելագույնը՝ գրադարանների արխիվներում, թերթերի հավաքածուների մեջ փորփրելը, տարրական հեռախոսային կապն ի՞նչ է՝ նորմալ չէր աշխատում, մթի ու ցրտի մասին լալահառաչ պատմություններ էլ չանեմ։ Հիմա համակարգիչն ու հեռախոսը, համացանցն ու Գուգլը լրագրողի գործի առյուծի բաժինն անում են։ Մնում է փաստերը ճիշտ շարադրել ու աղբյուրներից խելացի օգտվել։ Բայց լրագրողների ինֆորմացիոն «բագաժն» է պակասել, գրագիտությունը, աշխատասիրությունը, եզրահանգումներ անելու ունակությունը։ Դպրոցում ու բուհում մտածել, աշխատանքի մեջ հոգի դնել չեն սովորեցնում։ Ընտանիքն էլ համարձակության ու նրբանկատության օպտիմալ զուգակցում, խոսքի արժեքի գիտակցում չի սերմանում։ Այդ ամենն ստիպված են անել ԶԼՄ-ները, որտեղ նրանք աշխատանքի են ընդունվում։ Իսկ ուսուցիչներն էլ խմբագիրներն են, որոնք մշտական ցայտնոտի, հավերժ զբաղվածության, դաժան մրցակցության, ստեղծագործական, ֆինանսական ու բազում այլ խնդիրների լուծմանը զուգահեռ՝ փորձում են հոդված գրել սովորեցնել։



Բայց մամուլի որակական նահանջի պատճառները միայն բնական ու օբյեկտիվ չեն։ Անշուշտ, չէի ուզենա մեր հայրերի ու պապերի նման փնթփնթալ՝ բա մեր երիտասարդ ժամանակ սե՞նց էր… Ոչ, երիտասարդ սերնդի մեջ շատ լավ բաներ կան, որ մեր մեջ չկան ու չեն լինի։ Հենց միայն այն, որ նրանք հոմո-սովետիկուսներ չեն՝ չգիտեն ինչ է փակ, կագեբեական երկրում ապրելը, որտեղից կիսաեվրոպական Բուլղարիա մեկնելն արդեն մեծ իրադարձություն էր, դաժան գրաքննության ենթարկվելն ու Կենտկոմի հրահանգով նյութեր գրելը, էլի շատ բաներ։ Բայց մեր մամուլը մակերեսային է դարձել՝ օրվա անկարեւոր թեմաների ետեւից վազող։ Եվ դրա պատճառը մեր ժամանակների մակերեսայնության մեջ պետք է փնտրել՝ համընդհանուր թափթփվածության ու շտապողականության։



Ի վերջո, հարց է ծագում՝ ո՞ւր է հին սերունդը, ինչո՞վ են զբաղված կայացած լրատվամիջոցները։ Ես այս տարիներին նաեւ ցավով հետեւել եմ լավագույն լրագրողների սպառվելուն ու լավագույն լրատվամիջոցների հետընթացին, որի մեջ մեր՝ խմբագիրներիս մեղքն էլ փոքր չէ, սակայն մեզնից քչերն են դա խոստովանում։ 90-ականների լավագույն լրատվամիջոցները, որպես մամոնտներ, կամաց-կամաց նահանջեցին ու զիջեցին իրենց դիրքերը։ Այն թվերի գիգանտներից «Երկիրն» այլեւս չկա՝ մի հսկա կուսակցություն չկարողացավ պահել-պահպանել ու թերթը հասցնել մինչեւ մեր օրերը, «Ազգը» շաբաթաթերթ է դարձել եւ կորցրել իր լսարանը, ինչի մեջ փոքր չէ խմբագրի մեղքը։



«Չորրորդ իշխանությունը» շաբաթը 1-2 անգամ է տպագրվում։ Մյուսներն էլ, անգամ եթե ամեն օր են տպագրվում, բարոյապես են մաշվել, չեն դիմանում նոր լրատվամիջոցների մրցակցությանը, հին են՝ իրենց ոճով, դիզայնով ու բովանդակությամբ։ Եվ, որ ամենացավալին է՝ տարեցտարի նույն դաշտում աշխատելով, նույն մարդկանց հետ շփվելով՝ մեր հին, լավ լրագրողները, 90-ականներին համարձակ ու հետաքրքիր հոդվածների հեղինակներն ու խմբագիրները պարզապես սերտաճեցին իշխանության, չինովնիկների, քաղաքական դեմքերի հետ։ Եվ նրանց դեմ գրել կա՛մ չեն ուզում, կա՛մ չեն համարձակվում։ Իսկ խորքում ավելի լուրջ պատճառ կա՝ երկարատեւ պայքարից ու հակադրվելուց մարդիկ, որպես կանոն, հոգնում են։ Ճնշումներին դիմակայելը, միշտ լարված ապրելը ոչ մեկին հաճելի չեն։ Ի վերջո, հայտնի լրագրողներն ու խմբագիրները ծերանում են նաեւ, հանգիստ, խաղաղ, ապահովված կյանք են ուզում, ինչի արդյունքում տուժում է ընթերցողը՝ հասարակությունը, որն ինքն էլ չի խրախուսում ազատ խոսքը, լրագրողական խիզախությունը, թեւ ու թիկունք չի կանգնում պետական մեքենայի, իշխանական բանակի դեմ ելած լրագրողին։



Եթե կա մեղավոր մամուլի այսօրվա վիճակի համար, ապա մեղավոր ենք բոլորս։ Իհարկե՝ առաջին հերթին իշխանությունը, քաղաքական դաշտը, հետո՝ հասարակությունը եւ անպայման՝ լրագրողներս։



Արմինե ՕՀԱՆՅԱՆ