Սեփական փորձով. Դավիթ Գյուրջինյանը` տարկետման իրավունքի վերացման մասին

Սեփական փորձով. Դավիթ Գյուրջինյանը` տարկետման իրավունքի վերացման մասին

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին ուղղված մեր մի շարք հարցերը` տարկետման իրավունքի վերացման և գիտության ոլորտում դրա հավանական հետևանքների մասին, կոնկրետ պատասխաններ չստացան: Փոխարենը նա բավարարվեց սեփական օրինակը ներկայացնելով և նշելով, որ յուրաքանչյուրը կարող է իր համար հետևություններ անել:



«1984-ին գերազանցությամբ ավարտեցի Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Համեստաբար ասեմ, որ շատ լավ էի սովորում: Երևի կզարմանաք, բայց ուզում էի գյուղական մի դպրոցում աշխատել. նույնիսկ նշանակում ստացա: Կարծում եք՝ Մուրացանի հայտնի հերո՞սն էի և որոշել էի գյուղը լուսավորե՞լ: Չէ՜: Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ ուղղակի չէի ուզում բանակում ծառայել: Անհագ սովորելու, հետազոտական աշխատանք կատարելու ցանկություն ունեի:



Մինչ մտմտում էի անելիքներիս մասին, իմացա, որ առանց իմ իմացության ինստիտուտում որոշում է կայացվել ինձ դարձնել հայոց լեզվի ամբիոնի փորձալրող: Լրիվ չէի պատկերացնում, թե դա ի՛նչ էր. միայն գիտեի, որ ուսումս շարունակելու հնարավորություն էր: Ուրախ էի, քանի որ հայերենով պիտի զբաղվեի: Դիսերտացիայի թեմա հաստատվեց, ղեկավար նշանակվեց, սկսեցի գնալ ասպիրանտական դասընթացների, նույնիսկ թեկնածուական մինիմումի մի երկու քննություն հանձնեցի: Մեկ տարի լարված աշխատեցի:



Ու հանկարծ ... ծանուցագիր զինկոմիսարիատից: Պարզվեց՝ փորձալրողները պիտի ծառայեն բանակում, նրանք տարկետման իրավունքից չեն օգտվում: Իբրև բարձրագույն կրթություն ստացած՝ ծառայությունս 1,5 տարի պիտի տևեր: Նեղվեցի, գործերս անավարտ թողած՝ գնացի, ինչպես ասում են, պարտքս կատարելու:



Շինգումարտակ էր, Մոսկվային կպած: Հայկական բանասիրականն ավարտածիս, թեկնածուական դիսերտացիա գրողիս ընդամենը մեկ-երկու շաբաթից հարմար գործի նշանակեցին (հիմնականում գրասենյակային): Ազատ ժամանակս տրամադրում էի ընթերցանությանը: Մայրս պարբերաբար ուղարկում էր բաժանորդագրված ամսագրերիցս երկուսի համարները՝ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», գեղարվեստական գրքեր (հատկապես արևմտահայերեն), ռուսերեն գրքերը վերցնում էի զորամասի գրադարանից: Լավ հիշում եմ, որ Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գիրքը բանակում եմ կարդացել: Ռուսերենի խնդրառության բառարան-տեղեկատուն այնպես հանգամանորեն էի ուսումնասիրում, կարծես ռուսագետ լինեի: Ի դեպ, դիսերտացիայիս վերաբերող առաջին՝ շատ սեղմ հոդվածս լույս տեսավ, երբ ես բանակում էի:



Չէ՛, չկարծեք առողջարան էր կամ հանգստյան տուն: Ես համակերպվել էի իրականությանը, միաժամանակ փորձում էի ժամանակս զուր չանցկացնել: Դժվարություններ եղան, անհամ օրեր... Հաղթահարեցի:



Բախտս բերեց. բանակից վերադարձա մեկ տարի 5 ամիս ծառայելուց հետո՝ մեկ ամիս շահած. ուշ զորակոչել էին, շուտ զորացրել:



1986-ի աշնանը բանակից եկա թե չէ, լծվեցի հին գործիս: Երկու տարի անց՝ 1988-ի աշնանը, ատենախոսությունս ներկայացրի քննարկման: Ավերիչ երկրաշարժի օրը նշանակվեց հրապարակային պաշտպանության օրը: 1989-ի փետրվարին 13-ին պաշտպանեցի: Այդ օրն առաջնեկս քառասուն օրական էր:



Կյանքից հետ չէի մնացել...»։