Բջջային հեռախոսների միջոցով՝ նույնականացում․ նոր փորձանք ՀՀ քաղաքացիների գլխին

Բջջային հեռախոսների միջոցով՝ նույնականացում․ նոր փորձանք ՀՀ քաղաքացիների գլխին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր Կառավարության նիստին առաջարկեց կիրառել էլեկտրոնային փաստաթղթերի նոր կարգ՝ նույնականացում բջջային հեռախոսների միջոցով։ Նա ասաց, որ պետական մարմինները այսօր էլ էլեկտրոնային եղանակով են փոխանակում փաստաթղթերը, բայց համակարգը կատարյալ չէ, ամեն դեպքում անձը պետք է փաստաթուղթ ստանալիս ներկայանա, որոշ մարմիններ էլ, օրինակ՝ ՊԵԿ-ը, անձի նույնականացում իրականացնում է քարտերի միջոցով։ Սա էլ պահանջում է նախ նույնականացման քարտերի առկայություն, սարք, որը այն ճանաչում, ծրագրային ապահովում եւ այլ բարդություններ; Նույնականացման քարտեր ունեն 750 հազար քաղաքացի, իսկ օգտագործում են 120 հազարը։



Բջջային հեռախոսների միջոցով նույնականացումը, ըստ Դավիթ Հարությունյանի, ավելի կատարյալ կարգ է, անգամ ամենաէժան բջջային հեռախոսի միջոցով կարելի է այն ստանալ, պարզապես պետք է տեղադրել հատուկ ձեւի SIM։ Մարդը այս քարտը օգտագործելու է միայն մեկ անգամ, բջջային հեռախոսի միջոցով կստանա ամբողջ ինֆորմացիան իր վերաբերյալ տարբեր մարմիններից, օրինակ՝ ԴԱՀԿ ծանուցումներ, բանկային հաշիվներ։ Սակայն այս գործընթացը գումար է պահանջելու, պետբյուջեից 2017 թվականին կպահանջվի մոտ 50 մլն դրամ։ Ծրագրի իրականացմամբ զբաղվելու է ԷԿԵՆԳԸ («Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ)։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա Եվրոպական գործընկերության ծրագրի պահանջներից մեկն է, որը պահանջում է էլեկտրոնային փաստաթղթավորման Եվրոպայում ընդունված կատարյալ ձեւեր։