Բջջային հեռախոսը դառնում է մարդկանց «չիպավորման» միջոց

Բջջային հեռախոսը դառնում է մարդկանց «չիպավորման» միջոց

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ կառավարության նիստի ժամանակ առաջարկեց կիրառել էլեկտրոնային նույնականացման նոր համակարգ՝ բջջային հեռախոսների միջոցով։ Նա բացատրում էր, որ էլեկտրոնային փաստաթղթավորման ներկայիս համակարգը կատարյալ չէ, որ պետական մարմինները թեեւ այսօր էլ էլեկտրոնային եղանակով են փաստաթղթեր փոխանակում ու շրջանառում, բայց, միեւնույն է, դրանք ստանալու համար քաղաքացին պետք է ներկայանա անձամբ եւ ստորագրի։ Կան մարմիններ, օրինակ, ՊԵԿ-ը, որոնք նույնականացման անձնագրեր են օգտագործում, եւ այս դեպքում անձի ներկայանալը պարտադիր չէ, փաստաթղթի տակ դրվում է նրա էլեկտրոնային ստորագրությունը։ Բայց նախ, ինչպես նշեց Դավիթ Հարությունյանը, նույնականացման քարտ ունեցող 750 հազար քաղաքացիներից դրանցից օգտվում է ընդամենը 120 հազարը։ Երկրորդն էլ՝ նույնականացման քարտերի միջոցով իդենտիֆիկացումը պահանջում է դրանց առկայությունը ճանաչող սարքեր, ծրագրային ապահովում եւ այլ բարդություններ։ Բջջային հեռախոսների միջոցով նույնականացումը, ըստ Դավիթ Հարությունյանի, ավելի կատարելագործված կարգ է։ Քաղաքացին կարող է նույնականացվել իր բջջային հեռախոսի չիպի կամ հատուկ տիպի քարտի միջոցով։ Այսպիսով, բջջայինը դառնում է մարդկանց «չիպավորման» միջոց։ «Առաջարկվող տարբերակը կիրառելի է անգամ ամենաէժան բջջային հեռախոսի միջոցով: Քաղաքացին մեկ անգամ պետք է հեռախոսում տեղադրի նույնականացման համար նախատեսված ՍԻՄ քարտը, ստանա 2 PIN կոդ եւ վերջ: Արդյունքում նա կկարողանա բջջային հեռախոսի միջոցով ծանուցումներ ստանալ բանկային հաշիվների վերաբերյալ, ԴԱՀԿ-ից եւ այլն»,- ասաց կառավարության ղեկավարը։ Նա սկզբում, փորձառու գովազդային գործակալի նման, խոսեց համակարգի առավելությունների մասին եւ զգուշորեն անցավ դրա «մինուսներին»։



Դրանցից հիմնականն այն է, որ Դավիթ Հարությունյանի այս նորամուծության վրա, որը, ինչպես պարզվում է՝ Եվրոպական գործընկերության ծրագրի պահանջներից է, 2017-ի պետբյուջեից կծախսվի մինչեւ 50 մլն․ դրամ։ Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորը լինելու է «ԷԿԵՆԳ»-ը («Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ), որը ղեկավարում է Դավիթ Հարությունյանի վաղեմի բարեկամ եւ սիրելի գործընկեր, նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակ դատաիրավական ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը։ «ԷԿԵՆԳ»-ը հավաստագրման կենտրոնի կարգավիճակ է ստանալու, որն իրավաբանական անձանց թույլ է տալու, որոնք համապատասխանում են իր պահանջներին, դառնալ բջջային էլեկտրոնային ստորագրության օպերատոր։ Այսպիսով, այս նոր կարգով Հայաստանում նոր բիզնես է ծնվում՝ ստորագրության օպերատորի, բայց ոչ ոք չի հարցրել ՀՀ քաղաքացիներին՝ արդյոք նրանց պե՞տք է այս նոր կարգը, թե՞ ոչ։ Առայժմ չեն ասում, թե ինչ կարժենան նոր ՍԻՄ-երը, ովքեր են դրանք ձեռք բերելու՝ ՀՀ քաղաքացինե՞րը, թե՞ կառավարությունն անվճար է դրանք տրամադրելու, ինչից կարելի է եզրակացնել, որ դրանք նոր փորձանք են դառնալու ՀՀ քաղաքացիների գլխին, նրանցից փող կլպելու, ինչ-որ մարդկանց հարստացնելու նոր ուղի։ Ինչպես տեսնում ենք, մեր կառավարիչների երեւակայությունն անսպառ է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ