Գյումրի այցելած 25 գեղեցկուհիները եւ գյումրեցիների հումորը

Գյումրի այցելած 25 գեղեցկուհիները եւ գյումրեցիների հումորը

Այսօր գյումրեցիները քննարկելու եւ խոսելու թեմա ունեն: Գրեթե ամենուր խոսում են երեկ գիշեր Գյումրու Շիրակ օդանավակայան վայրէջք կատարած ԱՊՀ 25 գեղեցկուհիներից; «Կըսեն գալն ու էրթալը մեկ են էրել, ցերեկով գային, բան հասկընայինք»,-քննարկում են գեղեցկության սիրահար երիտասարդները, որոնք գեղեցկուհիներին տեսնելու մեծ ցանկություն ունեին: Իսկ գեղեցկուհիներին պարզվում է տեսնելու բախտ է վիճակվել սահմանափակ թվով անձանց: Բանն այն է, որ ԱՊՀ 25 գեղեցկուհիները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային մրցույթին, որն այս տարի անցկացվելու է Երևանում:



Գյումրու քաղաքապետարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հասցրել է գեղեցկուհիների նկարները հրապարակել, որոնցից երևում է, որ նրանց դիմավորել են փոխքաղաքապետը եւ քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը: Ինչպես երևում է, քաղաքապետ Սամվել Բալասանյանին էլ մյուսների նման գեղեցկուհիներին տեսնելու բախտ չի վիճակվել կամ քաղաքապետն ինքը ցանկություն չի հայտնել: Ինչևէ, նշենք, որ նախապես տարածված լուրերի համաձայն ՝ գեղեցկուհիները պետք է ժամանակ անցկացնեին Գյումրիում՝ ծանոթանալով քաղաքի պատմամշակույթային արժեքներին: Թերևս այդ պատճառով է, որ նրանց համար ոչ թե միանգամից Երևանի, այլ Գյումրիի չվերթ է նախատեսվել: Պարզվում է սակայն, որ գեղեցկուհիները Գյումրիում րոպեներ են անցկացրել, քանի որ նրանց ինքնաթիռը նախատեսված ժամից բավականին ուշ է վայրէջք կատարել, եւ աղջիկների՝ Գյումրիով պտտվելու ցանկունթյունն այնքան էլ մեծ չի եղել: «Ըդիգ իրանք պըդի ուզեին մեզի տեսնեին, ոչ թե մենք իրանց»,-կատակում է վաճառական Աշոտն ու ավելացնում, որ շատ երկրներում է եղել, սիրուն կանանց է հանդիպել, բայց իր կողակցին՝ գյումրեցի Անուշին, ՄԻՍՍ ԱՊՀ-ն չէ, ՄԻՍՍ աշխարհն էլ չի հասնի:



Վարդգես պապն էլ հնուց եկած մի բան է պատմում. «Ինչըխ աշխարհի կենտրոնը Գյումրին է, էդման էլ նամուսն ու թասիբն է Գյումրիում: Գյումրեցին իր կնգան վրա կնեղենա, սաղ գիշեր խռով կկենա, առավոտ ելավ, կնգան կզուգե-զարդարե, ոսկեղենը կլցնե վրեն, մարդամեջ կուղարկե: Հըբը իր կնգանից ավել գեղեցկուհի աչքին կերևա՞»: Իսկ ավելի լուրջ, որքան էլ տարօրինակ է, ԱՊՀ-ից ժամանած գեղեցկուհիներին տեսնելու, նրանց հետ շփվելու առավել մեծ ցանկություն հայտնեցին երիտասարդ աղջիկները: «Ես մեզ էլ՝ հայուհիներիս, պակաս գեղեցկուհի չեմ համարում, բայց հետաքրքիր կլիներ թեկուզ մի քանի րոպե շփվել հասակակից օտարերկրյա գեղեցկուհիների հետ, որոնցից վերցնելու որևէ բան համենայնդեպս կունենաս»,-ասաց 18-ամյա Արմինեն:



Նշենք ,որ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը տեղի կունենա հունիսի 6-ին, որին մասնակցում է 13 երկիր: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 27հզր. ԱՄՆ դոլար:



Արևիկ Հակոբյան