«Ոչ թալանին» և «Էլեկտրիկ Երեւանի» նախաձեռնողն արտագաղթեց Հայաստանից

«Ոչ թալանին» և «Էլեկտրիկ Երեւանի» նախաձեռնողն արտագաղթեց Հայաստանից

Քաղաքացիական ակտիվիստ, քաղաքացիական անհնազանդության տարբեր շարժումների մասնակից եւ հիմնադիր Մաքսիմ Սարգսյանն օրերս արտագաղթել է Հայաստանից։ Իր ֆեյսբուքյան էջում նա տեղադրել է մեր քաղաքի՝ ինքնաթիռից արված լուսանկարը ու իր քայլի հետեւյալ բացատրությունը․ «Որոշումը, որը կայացրեցի, բարդ էր, բայցեւ անխուսափելի։ Հայաստանում այլեւս կործանման էի գնում՝ չունենալով աշխատանք եւ ունենալով վարկեր, պարտքեր, առողջական եւ այլ խնդիրներ, երկրից գոնե ժամանակավորապես հեռանալս անխուսափելի էր։ Իսկ հիմա այլեւս նայում ու քայլում եմ միմիայն առաջ»։ Մեզ հետ զրույցում Մաքսիմ Սարգսյանը մեկնաբանեց․ «Այլ տարբերակ չունեի, ի՞նչ արած, ժամանակավոր է էս ամենը՝ էդ տրամադրվածությամբ եմ մեկնել»։ Նա մասնագիտությամբ իրավագետ է, նաեւ՝ լուսանկարիչ։ Համոզված է, որ քաղաքացիական ակտիվ կեցվածքն էր պատճառը, որ Հայաստանում աշխատանք չէր գտնում։ Մաքսիմ Սարգսյանի վերջին ակցիան ապրիլի 22-ին տեղի ունեցավ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս ներկայացնում էր իր տարեկան զեկույցը, նա մի քանի քաղաքացիական ակտիվիստների հետ միասին ներս մտավ, եւ Թաթոյանի սեղանին փակցրեցին «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունը։ 



3 տարի առաջ, այս օրերին Մաքսիմ Սարգսյանն իր ընկերների հետ Երեւանում բողոքի հզոր ակցիաներ էր կազմակերպում։ Երիտասարդները փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու կառավարության որոշումը։ Իշխանությունը չկատարեց «Էլեկտրիկ Երեւանի» պահանջը, ընդամենը միջանկյալ որոշում ընդունեց՝ 7 դրամները մեկ տարի սուբսիդավորելու մասին։ Իրականում սա խորամանկություն էր, սոցիալական ցնցումներից խուսափելուն միտված հնարք, որն ստացվեց։ Մաքսիմը, որն «Էլեկտրիկ Երեւանի» կազմակերպիչներից էր եւ «Ոչ թալանին» նախաձեռնության հիմնադիրներից, գտնում է, որ այն ժամանակ հաղթելու շանս կար։ Այսօր ի՞նչ է մտածում այդ դեպքերի մասին։ Ի՞նչն էր ճիշտ, ի՞նչը սխալ։ «Սխալն ու ճիշտն էլ չեմ վերլուծել՝ անփորձ էինք ու շատ բան այդ պահին այլ կերպ էինք ընկալում։ Որեւէ այլ մեկը չի կարող պնդել, որ ինքը լիներ, այլ կերպ կաներ։ Կարծում եմ՝ բալանսավորված էր, ու ճիշտ քայլերն ավելին էին, քան սխալները»։



«Էլեկտրիկ Երեւանի» հայտնի դեմքերից արտագաղթել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարո Ղուկասյանը։ Նա մեկ օրում շարժման խորհրդանիշը դարձավ, երբ լուսանկարը, որում ինքը մատ է ցույց տալիս ցուցարարներին ջրցան մեքենաներով ջրող ոստիկաններին, տարածվեց աշխարհով մեկ։ Կարո Ղուկասյանը բնակվում է Անապայում: Նա լողափին սրճարան է աշխատեցնում, բայց վստահեցնում է, որ շուտով վերադառնալու է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ