Թեև ամանորյա տոների մեկնարկին դեռ 20 օր կա, սակայն Հայաստանի հանգստյան գոտիներում արդեն ազատ տեղեր գրեթե չկան: Նշենք, որ եթե բարձրակարգ հյուրանոցները ողջ տարին աշխատել ու սպասարկել են զբոսաշրջիկներին, նույնը չի կարելի ասել այլ հյուրանոցներ մասին: Օրինակ՝ Ծաղկաձորի «Յուպիտեր» եւ «Սայա» հյուրանոցներն ամիսներ շարունակ չեն աշխատել, կաշխատեն միայն դեկտեմբերի 20-ից հետո: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանից, ով նաեւ հյուրանոցների միության նախագահն է, հետաքրքրվեցինք Ծաղկաձորում Ամանորի հանգստյան գներից:
«Հյուրանոցների գները հասանելի են մարդկանց, բայց մարդիկ եթե ուզում են հանգստանալ, ապա ուզում են հանգստանալ 5 աստղանի հյուրանոցներում: Ծաղկաձորում կան 3, 4, 5 աստղանի հյուրանոցներ, որոնք, իհարկե, թանկ են՝ «Մարիոթ Ծաղկաձոր», «Ռոսիա», «Մուլտի ռեստ հաուս» «Գոլդեն Փելես», բայց, եթե համեմատում ենք միջազգային շուկայի հետ, գներն հարմար են: «Ոոսիա» հյուրանոցում միջին գինը 1 օրվա համար 40 հազար դրամ է»,-ասաց քաղաքապետը:
Հարցին, թե Ծաղկաձորի որ հյուրանոցն է ամենաթանկը եւ ինչ արժե այնտեղ 1 օրը, Արթուր Հարությունյանը պատասխանեց, որ ամենաթանկը «Գոլդեն Փելեսն» է, ուր ամենաբարձր գինը 1 օրվա համար 2մլն. 500 հազար դրամ արժե: «Դրանք այն համարներն են, որ կարող ենք ամբողջ աշխարհին ասել, որ այսպիսի բարձրակարգ հյուրանոցներ ունենք, որի ռոյալ սուիթը՝ երեք հարկանի, իր ամեն հարմարություններով պատրաստ է ընդունել թագավորներին»:
Քաղաքապետը համաձայն չէ, որ Ամանորին Ծաղկաձորի հանգստյան տներում գները բարձր են: Օրինակ՝ տոնական մեկ շաբաթվա հանգիստը երկու հոգու համար «Գրողների ստեղծագործական տանը» 800 հազար դրամ է, «Ռոսիա» եւ «Էլեգանտ» հյուրանոցներում՝ 700-800 հազար դրամ է:
Արթուր Հարությունյանի կարծիքով՝ վերջին դեպքերից հետո, երբ կործանվեց ռուսական ինքնաթիռը, եւ Եվրոպայում հանգիստ անցկացնելը վտանգավոր է, հնարավոր է այս տարի զբոսաշրջիկների հոսք ավելի շատ լինի Հայաստանում. «Մեր մոսկովյան տուրօպերատորները հայտնում են, որ մարդիկ ուզում են գալ Ծաղկաձոր, բայց ինքնաթիռ նստելուց վախենում են, անգամ ինքնաթիռով Սոչի գնալուց են վախենում, գերադասում են Սոչի գնալ մեքենայով, քան ինքնաթիռով, հույս ունենք, որ անցած տարվա համեմատ զբոսաշրջիների հոսքը Հայաստան կավելանա»:
Նելլի Կարապետյան