«Հրապարակ». Հասարակությունը գնահատում է ամպագոռգոռ, ազգայնական կոչերը

«Հրապարակ». Հասարակությունը գնահատում է ամպագոռգոռ, ազգայնական կոչերը

Ընդունված է, որ պետությունների համար բախտորոշ իրավիճակներում այդ ազգի մտավորականները հանդես են գալիս հատուկ կոչով, հնչեցնում իրենց սրտացավ ձայնը, պայքարի մղում հասարակությանը եւ այլն։ Այդպես, համենայնդեպս, եղել է մեր բազմադարյա պատմության գրեթե բոլոր շրջափուլերում, սակայն վերջին շրջանում, հատկապես 2018 թ․ հայտնի իրադարձություններից հետո, նման ազդակներ գրեթե չենք ստանում հայ մտավորականներից (չնչին բացառություններով)։ 

Արցախի ու Հայաստանի համար օրհասական այս ժամանակահատվածում ո՞րն է մտավորականության դերը, արդյո՞ք չափազանցված չեն մեր ակնկալիքները նրանցից, եւ ի՞նչ դիրքորոշում ունեն նրանք ազգին պատուհասած սպառնալիքների հարցում։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։

- Թվում է, թե Հայաստանի ու Արցախի ճակատագրի նկատմամբ անտարբեր են մեր մտավորականները, մինչդեռ պատմականորեն եւ ավանդաբար սովոր ենք, որ հենց նրանք հնչեցնեն տագնապի ու պայքարի կոչնակը։ 

- Կյանքը Հայաստանում այնքան է աղտոտված կուսակցական կողմնորոշումներով, որ նորմալ մարդիկ խուսափում են հանրային խոսք արտահայտելուց, քանի որ անմիջապես թիրախավորվում են այս կամ այն կողմից: Եկեք անկեղծ խոստովանենք՝ ինչպիսի՞ մտավորական ենք ուզում տեսնել: Պատասխանը կլինի ընկճող՝ մեր նման մտածող: Անհատի միտքը եւ կարծիքը արժեք չունեն:
Կարծում եմ՝ Ձեր ակնարկը, որ անցյալում մտավորականներն են հնչեցրել տագնապի ու պայքարի կոչնակը, սիրուն լեգենդ է: Ես ճանաչում եմ մեկ մեծ մտավորականի, որի բոլոր հնչեցրած տագնապները եւ հորդորներն անտեսվել են հասարակության կողմից: Դա Հովհաննես Թումանյանն է: Կարող եմ նշել ուրիշ անուններ: Մտավորականի կարեւորագույն հատկությունը պատասխանատվության զգացումն է սեփական ժողովրդի եւ պետության հանդեպ: Իրականում հասարակությունն ավելի շատ գնահատում է ամպագոռգոռ եւ ազգայնական կոչերը: Ստանում է դրանք բուծող «մտավորականներից» եւ հետո զարմանում, թե բա ուր են մեր մտավորականները: Ունենք այն, ինչի պահանջը ներկայացրել ենք:

- 2021 թ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցեցիք նաեւ Դուք։ Ժամանակին կարծում էիք, որ երկու ազգերի տարբեր ոլորտները ներկայացնող երիտասարդների համագործակցության հարցում հեռանկար կա։ Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ նույն տեսակետի՞ն եք։

 - Հիմա էլ եմ կարծում, որ հեռանկար կա: Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ մեր ազգն այս հողում ապագա չունի: Իսկ հանդիպումները նաեւ այսօր են տեղի ունենում: Բազմաթիվ հարթակներում՝ մարզական, գիտական, մշակութային եւ այլն: Եվ եթե կարելի է իրար հետ մարդավարի շփվել ամերիկացիների, ֆրանսիացիների, վրացիների, ռուսների....... ներկայությամբ, ի՞նչն է խանգարում դա անել tet-a-tet ադրբեջանցիների հետ։ Հեշտ չէ անցնել այդ ճանապարհը, բայց պատասխանատվությունը սեփական ժողովրդի հանդեպ ավելի կարեւոր է, քան «հայրենասերի» էժանագին հեղինակություն ձեռք բերելը:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում մեզ՝ հայերիս, բովանդակ իմաստով, հաշվի առնելով անվտանգային մարտահրավերները․ սպառնալիքները եւ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։

- Մենք պարտավոր ենք անկեղծ վերլուծել մեր անցած ուղին, հանգիստ, առանց իրար վրա մեղքը բարդելու, առանց ներսի թշնամիներ եւ դավաճաններ ման գալու: Սա երկար խոսակցություն է, եւ այն կարելի է սկսել միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրս պատրաստ լինենք ընդունել մեր մեղքի բաժինը: Այդ ճանապարհով անցել են բազմաթիվ պարտություն կրած ազգեր, եւ դա իրենց առողջացրել է: Բերեմ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի օրինակը՝ Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա:

- Սիրում ենք կրկնել, թե մշակութային ազգ ենք, մինչդեռ անհաղորդ ենք մշակութային գործընթացների, խնդիրների հանդեպ։ Ապրում ենք նյութականացված կյանքով, սպառողի հոգեբանությամբ, առանց մշակութային արժեքների։ Ի՞նչ անել, որտե՞ղ ենք թերացել։

- Կարծում եմ՝ խնդիրը մշակույթն ու ժամանցը նմանեցնելու մեջ է։ Մշակույթն ազգի հիգիենան է: Արդյո՞ք մենք մաքուր ենք ապրում: Մաքուր՝ բառի բուն իմաստով: Իսկ կեղտոտ է ապրում նա, ով տեր չէ: Մենք ունենք խնդիր՝ մեզ այս երկրի տերը զգալու մեջ: Ոչ թե տեր՝ իրավունքների, այլ տեր՝ պարտավորությունների՝ երկրի հանդեպ:

- Ո՞րն է Ձեր հորդորը ժողովրդին՝ իբրեւ մշակութային գործչի, մտավորականի։

- Մի՛ թույլ տվեք, որ ատելությունը մտնի ձեր սրտերը, այն քաղցկեղի նման է՝ խժռելու է ձեզ ամբողջովին:

Արա Ալոյան