Պատանեկությանս աստղերի հետ

Պատանեկությանս աստղերի հետ

Նրանցից ոմանք արդեն չկան, 
մյուսները տա
րագիր են հեռուներում....
Սաադի

Լուսանկարների ընտանեկան հավաքածուից մի քանի նկար ինձ տարան  պատանեկություն՝ դպրոց-բուհ շրջապտույտի: Ողջ գիշեր ես իմ պատանեկության աստղերի հետ էի: Նրանք թրթռում էին մեկ զվարթ, մեկ տխուր ժպիտով ու իրենց գույնզգույն փոշին էին ցանում հեղագնդի վրա: Քանի մոտենում էր այգաբացը, այնքան գունատվում էին աստղերը, աստղերի հետ նաև իմ հուշերը: Երազիս առաջին կանգառը 20․12․1972թ.-ն էր: 

Այդ օրը դպրոցում կազմակերպված ցերեկույթը հիշեցի, որ կազմակերպել էինք ֆիզիկայի ֆակուլտատիվ պարապմունքի հաճախող խմբով, ֆիզիկայի ուսուցիչ, մանկավարժական ինստիտուտի բազմաշնորհ շրջանավարտ Էդիկ Հարությունյանի գլխավորությամբ: Ոչ ինտերնետ կար, ոչ էլ այսօրվա չափ մասնագիտական տեղեկատու գրականություն, բայց «Կյանքը դա էլեկտրոն է» վերտառությամբ միջոցառման մասին խոսում էին նաև շատ տարիներ անց: Հենց այդ կանգառից գոտեպնդված ուսուցչիս անձնական օրինակով ուղևորվեցի դեպի մանկավարժական: Այստեղ ավելի սիրեցի ֆիզիկան, քանզի անմոռանալի դասախոսներիս մասնակցությամբ կառուցվող գիտամանկավարժական հիմնաշենքի  2-րդ կուրսի 2-րդ կիսամյակում իր բաժին հարկը կառուցելիս դասախոս Ֆելիքս Կարապետյանը արտաուսումնական մի զրույցում ասաց. «Ֆիզիկան հենվելով բնական երևույթների և օրինաչափությունների  վրա սահմանել է կյանքի կանոնները և տարածել այն որպես ճիշտ ապրելու արվեստ»: Այս խոսքերը ժամանակին գրի եմ առել իմ ծոցատետրում և մինչ այսօր չեմ մոռացել: 

Երազիս շարունակության մեջ իմ առջև բացվում է լուսավորված մի էկրան և կրկին ինձ դպրոց առաջնորդում, հետո նորից բուհ: Ֆիզկուլտուրայից իմ հնարավորությունները առավել քան համեստ են եղել, բայց անմոռանալի են ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մաքսիմ Շահնազարյանից ստացած դասերս, ով սիրում էր կրկնել «միշտ միասին» խոսքերը: Իսկ մանկավարժականի ֆիզկուլտուրայի դասախոս Համլետ Սարգսյանը մի անգամ ընդգծված ասաց. «Կանոնները սպորտում և կյանքում նման են, կարելի է ասել՝ նույնն են, հաղթանակները 2 դեպքում էլ ամրագրում են աշխատասիրությունն ու նվիրումը, երազիս շարունակության մեջ մնաց բուհը: 

Մի սովորական աշնանային օր էր, սովորում էի 3-րդ կուրսում, մեզ տարան Գառնու ձոր ծառատունկի: Երբ ֆակուլտետի դեկանի տեղակալ հաղթանդամ Խաչիկ Այվազյանին ասացի՝ մրսում եմ, նա հավանաբար նկատի ունենալով իմ նիհար լինելը ժպիտով պատասխանեց. «Քո վրա ինչ կա, որ մրսի»: Ծիծաղեցինք և  միանգամից տաքացանք: Դա միակ բարեգործությունը չէր, որին մասնակցել եմ մանկավարժականում ուսանելու տարիներին: Մի օր էլ գերմանացիների հետ համատեղ մասնակցում էինք Երևանի երիտասարդական պալատի /Կուկուռուզնիկ/ շինարարությանը: Մի քանի օր անց «Մանկավարժ» թերթի աշխատակից Կարինե Ավագյանի հորդոր-հանձնարարությամբ իմ կողմից գրված ինֆորմացիան տեղ գտավ թերթում: Հենց նրա քաջալերանքն ու խորհուրդը ինձ տարան դեպի լրագրության բազմաշերտ աշխարհ:
Երազում էլի վերադարձա դպրոց՝ դպրոցի զինղեկ, ի ծնե մանկավարժ, հայրենական մեծ պատերազմի մասնակից, մարտական առաջին աստիճանի շքանշանակիր Գևորգ Հոբոսյանը մեզ տարել էր դաշտային պարապմունքի: Վեռադարձի ժանապարհին նկատեցինք մի այրված հաճարենի:

-Ի՞նչ է տալիս այս ծառը, - հարցրեց ուսուցիչը:
- Թթվածին, մաքուր օդ, փայտ, - հնչեցին պատասխանները:

Ուսուցիչը ավելացրեց՝ Ճիճիլյանին էլ խաշան: Ուսուցչի սուր աչքից չէր վրիպել, որ իմ մտերիմ դասընկեր Սամվել Ճիճիրյանը հաճարենու չորացրած տերևներից սիգարետ է «պատրաստել» ու ....
ԲՈՒՀ-ում հիմնական մասնագիտությանը զուգահեռ սովորում էի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի «Կոմերիտական ակտիվի դպրոց» բաժնում: Հանդիպում էր կազմակերպվել ՀՀ առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հետ:

Տարիներ հետո ենք տեղեկացել, որ նա եղել է մանկավարժականի ԽՄԿԿ պատմության կաբինետի վարիչ, հետո էլ աշխատակցել գրադարանին: Նա ժամանակին կատարել է 14 պարաշյուտային և օդանավի 25 ինքնուրույն թռիչք, նաև այն մասին, որ նա ծնվել է իմ հարազատ Լոռու Հոբարցի գյուղում: Վերջին փաստը ինձ ավելի հոգեհարազատ դարձրեց նրա կյանքի ուղին: 

Երազիս որպես շարունակություն տեղափոխվեցի Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոց, որտեղ իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում բարձր դասարանցիների համար զեկուցում եմ կարդացել «Ղուկաս Ղուկասյանը և «Սպարտակ» կոմերիտական-երիտասարդական կազմմակերպության հիմնումը Հայաստանում» թեմայով: Երազիս մեջ հավաքում էի կանաչավուն թղթերը ու տեղավորում թղթապանակում, երբ աչքերս բացվեցին: Դրսում ձյուն էր գալիս, Ալավերդիում կարճատև, բայց 2022թ-ի առաջին ձյունը: Որոշեցի ինձ բնորոշ խաղաղ սրտով նայել աշխարհին և կյանքին, չհառաչել կորուստների համար: Մանավանդ որ գիշերը երազիս հետ քամվում էր ու լույսն արդեն բացվում էր այս կանաչ-կապույտ աշխարհի վրա՝ Շնողի դպրոցի և Երևանի մանկավարժական համալսարանի վրա: Շնորհավոր 100-ամյա հոբելյանդ, սիրելի մնակավարժական, իմ երազները պարուրող, իմ կոփման անմոռանալի դարբնոց, երազների յուրատիպ շտեմարան... 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
Մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետի 1979թ. շրջանավարտ