Ավելի քան վստահ եմ, որ մոտ ապագայում աշխարհի բոլոր հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների քաղաքագիտության ֆակուլտետներում կուսումնասիրեն Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքական «փորձը»՝ որպես նորագույն համաշխարհային պատմության մեջ պետության ամենաբացասական, անգրագետ, հիմար, հակապետական կառավարում, ընդ որում՝ կուսումնասիրեն «կտրականապես արգելվում է կրկնել այդ փորձը» կարգախոսի ներքո։
Սա կատակ կամ գույների խտացում չէ, սա հայերի համար մղձավանջային այն իրականությունն է, որտեղ «խաղաղության դարաշրջան» կոչվող թուրքական մուղամի տակ մեզ երաշխավորված ոչնչացման են մղում Հայաստանի թավշյա իշխանությունները։
Բայց սա ի՞նչ է...մարտնչող տգիտությո՞ւն, քաղաքագիտական հիմարություն, անսկզբունքայնություն, վախկոտություն, թե՞ այս իշխանությունների արտաքին աշխարհաքաղաքական տերերի հրահանգով երկրի գիտակցված, մտածված ու համակարգային կործանում։
Ես դա չգիտեմ, բայց ապագայում, իհարկե, կբացահայտվեն Հայաստանին պատուհասած ներկա աղետի բոլոր պատճառահետեւանքային նրբերանգները։ Սակայն փորձենք հասկանալ և ինքներդ դատեք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և հետևություններ արեք։
1․ Հայաստանը միտումնավոր փչացնում է իրանցիների և ռուսների հետ հարաբերությունները՝ փոխարենը ակնկալելով անվտանգության «արևմտյան հովանոց» ստանալ Թուրքիայից և Ադրբեջանից:
2․ Հայկական իշխանությունը միաժամանակ ձգտում է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական պայմանները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության հաշվին:
3․ հայկական իշխանությունը գիտակցաբար Ռուսաստանի հետ հարաբերությունները բերում է բացահայտ թշնամանքի մակարդակի, այսինքն ՝ գիտակցաբար ստիպում է ռուսներին Հայաստանն ընկալել որպես սպառնալիք:
4․ Թավշյա իշխանությունը գիտակցաբար հագեցնում է Հայաստանի տարածքը Իրանի համար թշնամական գեո-քաղաքական կառույցներով ՝ փաստացի ստիպելով Իրանին նույնպես ընկալել Հայաստանը , որպես սպառնալիք իր ազգային շահերին:
5․ Դե իսկ Եվրոպան, որը Հայաստանում հակահայ ուժերի քարոզչության համաձայն «Հայաստանի անվտանգության երաշխավորն» է, իր հերթին աննախադեպ տեմպերով ընդլայնում է իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ էներգետիկայի, լոգիստիկայի ոլորտներում և Հայաստանին թշնամական երկու երկրներին դիտարկում է որպես էներգետիկ ոլորտում ԵՄ ռազմավարական գործընկերներ:
6․ Թուրքիան և Ադրբեջանը, ի հակակշիռ Հայաստանի, մեծացնում են իրենց շփումները ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ ՝ փաստացի տարածաշրջանային հակառակորդներին դարձնելով թուրք-ադրբեջանական «գործընկերների» տանդեմից կախյալ (օգտագործելով հայկական իշխանությունների սխալները):
7․ Իրանը, նկատի ունենալով Հայաստանի ղեկավարության աշխարհաքաղաքական դիրքորոշումից բխող սպառնալիքը, փաստացի սկսում է իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել հայկական տարածքից բխող սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ:
8․ Ռուսներն, անշուշտ, նույն կերպ կվարվեն , այսինքն ՝ մեզ կդիտարկեն որպես սպառնալիք իրենց համար ։
Հիմա ուշադրություն․ Եվրոպան Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում համապատասխանաբար Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը թուլացնելու գործիք։
Իրանն ու Ռուսաստանը Հայաստանը դիտարկում են որպես եվրո-ամերիկացիների գործիք, որը սպառնում է նրանց ազգային շահերին։
Թուրքիան և Ադրբեջանը մեթոդաբար գնում են տարածաշրջանում իրավիճակի սրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով մասնատել և օկուպացնել Հայաստանի հարավը ՝ թուրք-ադրբեջանական ընդհանուր սահման ձևավորելու նպատակով։
Վրացիները շատ պրագմատիկ չեզոքություն են պահպանում տարածաշրջանային բոլոր դասավորություններում։
Այժմ պատասխանեք մեկ հարցի․
Ինչպե՞ս անվանել հայաստանյան իշխանությունների գործողություններն այս դեպքում։
Արման Աբովյան