Ալիեւը ծրագրել է ադրբեջանցիներին դարձնել «հայեր», իսկ հայերին վերածել «ադրբեջանցիների»

Ալիեւը ծրագրել է ադրբեջանցիներին դարձնել «հայեր», իսկ հայերին վերածել «ադրբեջանցիների»

Ո՞րն է Բաքվի նպատակը: Ի՞նչ է փորձում աշխարհին և սեփական ժողովրդին ներշնչել Ալիևը: Նա ցանկանում է հայերի ներկա և պատմական տարածքները, պատմությունը, մշակութային և այլ ժառանգությունը վերագրել եկվոր, նախկինում քոչվոր, հետևաբար՝ անհայրենիք ադրբեջանցիներին, իսկ հայերին, ընդհակառակը՝ զրկել հայրենիքից, մեր ունեցած առավելություններից, արժեքներից, ժառանգությունից: 

Անվանել մեզ եկվոր, զրկել մեզ մեր հազարամյակների պատմությունից, պատմական տարածքների մասին հիշողությունից, մշակութային և այլ տեսակի ժառանգությունից: Զրկել մեզ նույնիսկ հրաշքով, երկրորդ անգամ երկնքից ընկած մեր անկախությունից ու Տիգրան Մեծի կողմից մեզ ժառանգություն թողնված մեր պատմական տարածքի մեկ տասներորդականից: Այն մի փոքրիկ տարածքից, որը, ի հեճուկս մեր թշնամիների ու չարակամների, ջարդերի ու էթնիկ զտումների, դեպորտացիաների, նույնիսկ՝ ցեղասպանության, հասել է մեր օրեր: 

Ալիևը և ալիևները ցանկանում են ոչնչացնել 1990-ականների աղետից փրկված, հազիվ շնչող, բայց դեռևս գոյություն ունեցող մեր բարձրակարգ գիտությունը, կրթությունը, մշակույթը, արվեստը, տնտեսությունը: Դրսից կազմակերպված աղետի, որը նպատակ ուներ շեղելու մեզ անկախ ու բարեկեցիկ պետություն ունենալու գաղափարից: Նախկինում իրենց խելքով, տաղանդով, բարձր մակարդակի մասնագետներով ու գիտնականներով, մշակույթի և արվեստի աստղերով աշխարհին հայտնի հայերին վերածել կիսագրագետ  ծառաների՝ սպասարկող անձնակազմի, սևագործ բանվորություն անող, տաքսի քշող, ապագա չունեցող անհայրենիք մարդկանց մի բազմության: Մինչդեռ ինքը՝ Ալիևը, գումարներ չի խնայում և ամեն տարի հարյուրավոր ադրբեջանցիների է ուղարկում աշխարհի լավագույն բուհեր՝ կրթություն ստանալու: 

Ալիևները ցանկանում են ոչնչացնել մեր հայրենասիրությունը, մեր ոգին, դարձնել մեզ վախկոտ, ամեն ինչի հետ համակերպվող,  առօրյա հոգսերով ու ճղճիմ երազանքներով ապրող մարդկանց խմբերի: Նրանք ուզում են տարանջատել մեզ ըստ երկրների՝ ադրբեջանահայ, ռուսահայ, պարսկահայ, սիրիահայ, ֆրանսահայ, ամերիկահայ: Ըստ գավառների և քաղաքների՝ արցախցի, սասունցի, վանեցի, բաքվեցի, կիրովաբադցի, թիֆլիսեցի, գյումրեցի, կիրովականցի, ապարանցի: Ըստ թաղերի՝ սարիթաղցի, կոնդեցի, չարբախցի, երրորդմասցի: Նույնիսկ՝ ըստ ընտանիքների: Այսինքն, Տիգրան Մեծի օրոք կայսրություն ունեցած ազգին, հետո ժողովուրդ դարձած հանրությանը պառակտել-դարձնել իրար հանդեպ ծաղրական, նույնիսկ ոչ բարյացակամ վերաբերմունք դրսևորող  մարդկային խմբերի՝ թայֆաների: Ցավոք, ալիևներին և նրանցից առաջ եղած՝ հայերի ազատատենչության դեմ պայքարող գաղութարարներին դա մեծապես հաջողվել է… 

Իսկ ի՞նչ է անում Երևանը: Տասնամյակներ շարունակ համարյա չի հակազդում աշխարհում տարածվող Բաքվի հորինվածքներին՝ համարելով, որ դրանք ծիծաղելի են: Այո, ծիծաղելի են այն փոքրաթիվ մասնագետների համար, որոնց Ալիևը դեռ չի հասցրել կաշառել: Իսկ նա ոչ միայն անհատների, այլ նաև հեղինակավոր գիտական, կրթական, մշակութային և քաղաքական կազմակերպությունների է կաշառում: Մինչդեռ մենք, փոխանակ այդ հարցում օգտվենք հայկական սփյուռքի ֆինանսական և կադրային ներուժից, միայն «կթում» ենք մեր հայրենակիցներին՝ փոշիացնելով նրանց տրամադրած գումարները: Նաև, փոխանակ ստեղծենք հայերի թշնամիների ստեղծած հորինվածքների դեմ պայքարող, պետության կողմից ֆինանսավորվող ու պրոֆեսիոնալներով համալրված հակաքարոզչություն անող կազմակերպություններ, ստեղծել ենք, ըստ չար լեզուների, «ֆեյքերի ֆաբրիկաներ», որոնց նպատակը մարդկանց պառակտելու ու նրանց միջև թշնամություն սերմանելու միջոցով իշխանությունը պահպանելն է:

Այդ է պատճառը, որ, չհանդիպելով հակազդեցության, Բաքվի տարածած ստերն աշխարհի բնակչության ճնշող մեծամասնության համար դառնում են ճշմարտություն: Չէ՞ որ այդ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ են գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը: Այդ մարդիկ չեն կարդում և չեն էլ կարող կարդալ գիտական ամսագրերում մեր գիտնականների տպագրած փոքրաթիվ հոդվածները: Մարդկությունն այսօր տեղեկատվությունը հիմնականում ստանում է ինտերնետից: Մինչդեռ համացանցը և աշխարհի գրադարանները ողողված են Բաքվի կողմից ֆինանսավորվող, պրոֆեսիոնալ պատրաստվածություն անցած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից ուղղորդվող բազմալեզու ստերով: Դրանց դեմ հիմնականում ջանում են պայքարել ազնիվ ու հայրենասեր, բայց անկազմակերպ ու ոչ արհեստավարժ, երբեմն նաև կիսագրագետ մեր փոքրաթիվ հայրենակիցները: 
Եթե այսպես շարունակվի, եթե իշխանության եկողներին հիմնականում հուզի սեփական և իրենց շրջապատի մարդկանց բարօրությունը շուտափույթ ապահովելու հարցը, մենք շատ շուտով կզրկվենք ամեն ինչից: Կզրկվենք թե՛ անկախությունից, թե՛ սեփական հայրենիք ունենալու՝ երկնքից մեզ պարգեւված հրաշքից: 

Ու կկատարվի Ալիևի երազանքը: Հայերը կդառնան  անհայրենիք «ադրբեջանցիներ»: Կդառնան պետությունից պետություն, «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով ուղղորդվող մարդկանց բազմություն: Իսկ ադրբեջանցիները, յուրացնելով հայերի ամեն ինչը, կվերածվեն  «հայերի» և կունենան այն հարգանքը, որն աշխարհում ունեցել ու դեռևս ունենք մենք: 

Եվ մեր այդ դժբախտությունը չի լինի ունիկալ: Երբ մենք գնում ենք Եգիպտոս, կարծում ենք, թե նրա բնակիչները հին եգիպտացիների փառքի ժառանգորդն են: Բայց դա այդպես չէ:

Գրիգոր Էմին-Տերյան