«Հրապարակ»․ Մոսկվան շահագրգռված է, որ բեռները տեղ հասնեն, որպեսզի երկխոսությունը սկսվի

«Հրապարակ»․ Մոսկվան շահագրգռված է, որ բեռները տեղ հասնեն, որպեսզի երկխոսությունը սկսվի

Նախօրեի ուշ երեկոյան կառավարությունը մի արտառոց հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային եւ բժշկական հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել։ Հաղորդագրության տեքստում չի նշվում, թե ինչ ճանապարհով է ուղարկվելու օգնությունը, եթե Արցախը լիակատար բլոկադայի մեջ է։

Առավել արտառոցն այն է, որ եթե հնարավոր էր մարդասիրական աջակցություն ցուցաբերել, ապա ինչո՞ւ դա չէր արվում անցած ութ ամիսների ընթացքում, գոնե հունիսի 15-ից հետո, երբ Արցախն ամբողջությամբ բլոկադայի մեջ է։ Ասվում է միայն, որ նիստի ընթացքում քննարկվել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Աշխատանքային խմբի կազմում են առողջապահության, սոցապ, ֆինանսների, տարածքային կառավարման եւ կրթության նախարարները, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւ ուրիշներ: Խումբն արձանագրել է, որ Արցախի բլոկադան «հանգեցրել է աղետալի հետեւանքների», ուստի առավոտյան երկու տասնյակ բեռնատարներ արդեն ԱԳՆ շենքի հարակից հրապարակում էին՝ «Մարդասիրական օգնություն` Լեռնային Ղարաբաղին, սնունդ` կյանքի համար» գրություններով: Ասվեց, որ Երեւանից 400 տոննա հումանիտար օգնություն է շարժվում դեպի Արցախ, եւ Կոռնիձորից բեռը` ռուս խաղաղապահների միջոցով, կփոխանցվի արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Մինչ բեռնատարները կշարժվեին, ուղեբեռը «զննության» էին ենթարկել ՀՀ ԱԳՆ` խորհրդակցության ժամանած բոլոր դեսպանները: Նրանք սեփական աչքով համոզվել էին, որ Արցախ տեղափոխվող բեռն առաջին անհրաժեշտության ապրանքներ են եւ դեղորայք։ Ի դեպ, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը երեկվա քննարկմանը ներկայացված էր փոխդեսպանի մակարդակով։

«Ինչո՞ւ հիմա եւ ոչ թե, ասենք, երկու շաբաթ առաջ նման որոշում կայացվեց» հարցին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել․ «Օրի եւ ժամկետի ընտրության մասով կոնկրետ չեմ կարող ասել․․․ Դուք, հավանաբար, տեսել եք մեր հաղորդագրությունը` փոխվարչապետի մասնակցությամբ աշխատանքային խմբի նիստի, տեքստում ամեն ինչ գրված է, պատճառները գրված են, իրավիճակը՝ ներկայացված, եւ, ըստ դրա, գրված է, թե ինչու է հումանիտար բեռը գնում հիմա»։ Վարդան Սարգսյանի կարծիքով՝ հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ լիակատար արգելափակման պայմաններում․ «Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից հատկապես երեխաներին, ծերերին, խրոնիկ հիվանդներին աջակցություն ցույց տալու համար։ Այս պայմաններում որոշում է կայացվել, որ պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերվի 400 տոննայի չափով՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցությունը ԼՂ առաքելու նպատակով»։ Բայց Բաքուն երեկ օրվա առաջին կեսին արդեն սադրանք էր որակել Երեւանի այս քայլը․ Սարգսյանն արձագանքեց․ «Երեւանի առաջնային նպատակը, առաքելությունը, տվյալ պարագայում` հումանիտար բեռներ, միանշանակ` հումանիտար մղումներով միջոցառում իրականացնելն է։ Չեմ կարծում, որ ԼՂ-ում արդեն սովի եւ հումանիտար այս ծանր ճգնաժամի պայմաններում հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումը կարելի է սադրանք որակել»։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայկական կողմին կոչ էր արել՝ ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք «հետապնդում են սադրանքի նպատակ եւ ծառայում են իրավիճակի սրմանը»։ «Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը հնարավոր սադրիչ գործողությունների համար լիովին եւ ամբողջովին կընկնի հայկական կողմի վրա»,- ասված է սահմանապահ ծառայության հայտարարությունում։

Հումանիտար բեռնատարների՝ Արցախ շարժվելուց հետո քաղաքական եւ քաղաքացիական ակտիվ շրջանակները սկսեցին քննարկել՝ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը հիմա նման որոշում կայացրեց, այլ ոչ թե շաբաթներ, ինչու ոչ՝ ամիսներ առաջ։ Ոմանք դա կապում են արտգործնախարարների մոսկովյան հանդիպման, ինչպես նաեւ Արցախում եւ Հայաստանում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների, ավելի կոնկրետ՝ բողոքի ակցիաների հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթ առաջ նստացույց սկսեց եւ հայտարարեց, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը չփոխվի, կանցնեն կոշտ մեթոդների: Հարությունյանը մոսկովյան հանդիպումից առաջ իրավիճակը փոխելու կոչ էր հղել երեք կողմերին՝ ասելով, որ հակառակ պարագայում նրանց վրա է մնալու Արցախում ողբերգության պատասխանատվությունը: Ի աջակցություն Արցախի, բազմամարդ ակցիաներ են ընթանում ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ՝ Երեւանում։ Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ակնհայտ դարձավ, որ Մոսկվան նույնպես կողմ է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությանը եւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու համար փորձելու է ջանքեր գործադրել, որ այս հումանիտար բեռները հասնեն Արցախ, եւ այնտեղ համաձայնեն երկխոսել Ադրբեջանի հետ։

Մոսկվայում հուլիսի 25-ին տեղի ունեցած Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը, հիշեցնենք, հայտարարել էր, թե Ռուսաստանը շարունակում է կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանցքային միջնորդի դերը՝ նոյեմբերի 10-ի համաձայնագրից բխող պարտավորությունների համաձայն։ Լավրովը հավելել էր, որ քննարկվել է նաեւ հաղորդակցությունների բացման եւ անարգել երթեւեկության վերականգնման հարցը․ «Մենք մեր զրուցակիցներին ուրվագծեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված հաղորդումները, այն քայլերի մասին, որոնք ցանկալի է անհապաղ ձեռնարկել՝ ելնելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, անխափան էլեկտրաէներգիայով եւ գազամատակարարմամբ ապահովելու շահերից։ Սա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից… Հայկական կողմը հասկանում է ԼՂ հայերին համոզելու անհրաժեշտությունը` հնարավորինս շուտ հանդիպելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ։ Հայերը պատրաստ են նույնն անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»։