3 միլիոն վերլուծաբան

3 միլիոն վերլուծաբան

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, կարծում եմ, մի բացահայտման առիթ դարձավ՝ ցուցադրեց, որ հայ հասարակությունն այնքան է բեւեռացած, որ անգամ հեռու-հեռավոր կոնֆլիկտի թեման կարող է մեզ բաժանել հակամարտող բանակների։ Երբ հետեւում ես, թե ինչ է կատարվում սոցցանցերում, ինչպես են մարդիկ թեժ «մարտերի» մեջ մտնում միմյանց հետ եւ ինչ համոզվածությամբ են պաշտպանում կոնֆլիկտի այս կամ այն կողմին, համոզվում ես, որ մենք անդառնալիորեն կորցրել ենք համերաշխ ու միակամ հասարակություն լինելու վերջին շանսերը։ Դրանում, իհարկե, մեղավորն առաջին հերթին սոցցանցերն են, ապա՝ իշխանությունները, որոնք առաջնորդվելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ամեն ինչ արեցին, որ պառակտումն ու թշնամանքը մեզանում խորանան։ Որ յուրաքանչյուր փոքրիկ տարաձայնություն ու անհամաձայնություն վերածվի հաշիվ մաքրելու, միմյանց ազգուտակն անպատվելու, դիմացինին ոչնչացնելու մոլուցքի։

Թվում է՝ մարդուն խելքն ու գիտելիքները տրված են նրա համար, որ հասկանա․ երբեմն կարող է նաեւ ինքը սխալվել՝ պարտադիր չէ, որ միշտ դիմացինը սխալված լինի։ Անգամ եթե դու ճիշտ ես, իսկ դիմացինը՝ սխալ, նա էլ իրավունք ունի տեսակետ ունենալու։ Հնարավոր է, որ ժամանակ անցնի, եւ մարդն ինքնուրույն հասնի այն ճշմարտությանը, որին դու գուցե հասել ես ավելի վաղ, բայց դա բոլորովին պատճառ չէ, որ այդ անհամաձայնությունը դառնա լուրջ կոնֆլիկտի թեմա։ Սակայն, ցավոք սրտի, մեզանում անհանդուրժող ու իրենց ճշմարտացիության մեջ համոզված են ինչպես անգրագետները, այնպես էլ՝ գրագետները, ինչպես ռուսամետները, նույնպես էլ արեւմտամետները, ինչպես երիտասարդները, այնպես էլ՝ տարեցները։ Իմաստունների, քաղաքագետների, մեծ վերլուծաբանների, Փաշինյանի լեզվով ասած՝ 3 միլիոն վարչապետների ազգի ենք վերածվել։