Քո սերն էլ, հպարտանալն էլ, խոնարհվելն էլ տեսել ենք․․․

Քո սերն էլ, հպարտանալն էլ, խոնարհվելն էլ տեսել ենք․․․

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ուսուցիչներին է ասում։ Բա մեկը չլինի՞ ասի՝ քո սերը բոլորիս վրա թանկ նստեց։ Մեզ մի սիրիր։ Քո սերը հազարավոր կյանքեր, Արցախի կորուստ արժեցավ։ Մեզ մի սիրիր։  Քո սերը հազարավոր անդամալույծ երիտասարդներ, խոշտանգվող գերիներ արժեցավ, մեզ մի սիրիր։ Սերը չի ավերում, դու դրախտավայրեր, սրբավայրեր ավերեցիր, սերը չի գոռում, ինչպես դու ես գոռում տոնից տոն՝ բոլորիդ սիրում եմ։ Ու ոչ էլ հպարտացիր։

Ընդամենը մի քանի օր առաջ էիր կրթության ծիծաղելի մակարդակի մասին խոսում։ Բարեփոխումներդ կրթության բնագավառում չարափոխումներ են եղել առ այսօր։ Հպարտացիր այն ուսուցիչներով, որ նիկոլիզմի գաղափարներով են տոգորված, որ դըմփ- դըմփի մասնակից են։ Ապագա կերտող ուսուցիչները քեզ հետ ոչ մի կապ չունեն, նրանք քո հպարտանալու կարիքը չունեն։ Քո սերն էլ , հպարտանալն էլ, խոնարհվելն էլ տեսել ենք․․․

Ինչ վերաբերվում է, որ խոնարհվում ես ուսուցիչների առաջ, խոնարհվիր այն ուսուցիչների առաջ, որոնք հասկանում են, որ  մի ողջ գենոֆոնդ ես մատաղ արել, մի սերունդ ես զոհաբերել, մի ոսկե սերունդ, որոնք հայ ժողովրդի լուսավոր ապագան էին։ Ու այդ ապագան, որ լույս պիտի տային, ճառագեին, խավարեցրել ես։  Ուսուցչի առաջ խոնարհվելուց առաջ Եռաբլուրը հիշիր։ Դու պտղատու ծառերի բերքը կարկտի պես փչացրել ես։