Օգնություն տալու համար անձին պետք է մեղադրա՞նք առաջադրեն. Գորիսի փոխհամայնքապետի պաշտպան

Օգնություն տալու համար անձին պետք է մեղադրա՞նք առաջադրեն. Գորիսի փոխհամայնքապետի պաշտպան

«Ասում են՝ իբրեւ թե տիկին Յոլյանը խախտել է սոցիալական օգնությունների տրամադրման համապատասխան կարգը, եւ պետությանը պատճառվել է համապատասխան վնաս։ Այսինքն՝ տրամադրվել են իբրեւ օգնություններ այնպիսի անձանց, որոնք իրականում կարիքավոր չեն եւ որեւէ խնդիր չունեն։ Մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց»,- քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Երեկ Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։
Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։
Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով։

«Պայմանականորեն ընդունենք՝ կարգը խախտվել է, եթե կա կարգի խախտում, այն իր մեջ նաեւ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ։ Տվյալ դեպքում ինչպե՞ս է վարույթն իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի եւ հանցագործության։ Այդ դեպքում ինչո՞ւ չպետք է կիրառվեն  կարգապահական զանցանքի հարաբերությունները, այլ պետք է քրեական պատասխանատվության եւ քրեական հացագործության հարաբերությունները պարունակեն։ Այն քաղաքացիներին, որոնք դիմում են գրել, բոլորը գրում են հետեւյալը՝ ունենք խնդիրներ, կարիքավոր ենք, խնդրում ենք՝ տրամադրել օգնություն, համայնքապետարանն էլ այդ օգնությունները տրամադրել է։ Այդ մարդիկ այդ գումարներն իրենց գրպանը չեն դրել, այդ քաղաքացիները նրանց հետ որեւէ բարեկամական կապի մեջ չեն գտնվում։ Օգնություն տալու համար անձին պետք է մեղադրանք առաջադրեն եւ դատապարտե՞ն»,- պնդեց Ալեքսանյանը։