ԵՊՀ գիտխորհուրդը պատրաստվում է վիճարկել կառավարության որոշումը

ԵՊՀ գիտխորհուրդը պատրաստվում է վիճարկել կառավարության որոշումը

ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում է կայացրել բողոքարկել կառավարության որոշումը, որով հիմնահատակ ավերվում է բուհերի ինքնավարության գաղափարը։ Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում է ընդունել, որով փոխել է ԵՊՀ կանոնադրությունը, և հոգաբարձուների խորհրդի անդամների թվաքանակն է պակասեցրել՝ նախկին 32-ի փոխարեն հասցնելով 22-ի, նաև ավելացրել է կառավարության աнդամների քանակը՝ այդպիսով բուհին զրկելով որևէ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բուհերի ինքնավարությունը։

Հիշեցնենք նաև, որ կառավարությունը այս որոշումը ընդունել է այն ֆոնի վրա, երբ «Բարձարագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքը հենց այս դրույթի պատճառով ուղարկվել է Սահմանադրական դատարան, այսինքն՝ կառավարությունը ավելի ցածր իրավական ակտով արել է այն, ինչը ավելի բարձր իրավական ակտով՝ օրենքով, չի կարողացել։ ԵՊՀ գիտխորհուրդը ձայների բացարձակ առավելությամբ որոշում է կայացրել դիմել ՄԻՊ-ին, նաև վիճարկել կառավարության որոշումը վարչական դատարանում։ Նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ այսօր ԱԺ-ում ասել է, որ կառավարության որոշումը բողոքարկելու է ՍԴ-ում։ Բացի այդ ԵՊՀ արհմիության ղեկավար Արմեն Ավետիսյանը հրապարակավ նախարար Վահրամ Դումանյանին հրավիրեց գիտխորհրդի նիստին, որպեսզի նա կարողանա բացատրել, թե ինչպե՞ս է ստացվում, որ ժամանակին այդ նույն դահլիճում խոսում էր բուհերի ինքնավարությունից, իսկ հիմա իր օրոք այդ ինքնավարությունը ոչնչացվում է։