Հարցազրույց

Տնային կալանքն ավելի ծանր խափանման միջոց է. Մարդը զրկվում է զբոսնելու, տեսակցելու իրավունքից

Տնային կալանքն ավելի ծանր խափանման միջոց է. Մարդը զրկվում է զբոսնելու, տեսակցելու իրավունքից

Քննչական կոմիտեն այս տարվա ապրիլին քրեական վարույթ է նախաձեռնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին տրանսպորտում վիրավորած տնային կալանքի ենթարկված Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարելու մասին հաղորդման առիթով։

Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Վարդանյանը տուժող է ճանաչվել։ Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ապրիլին տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատագամվորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված խոշտանգման մասին: Երիտասարդին ոստիկանական մեքենայով տեղափոխելու ընթացքում ոստիկանները «զարմանալի զուգադիպությամբ»` միասին պետքարան էին ցանկացել գնալ: Նրանք հեռացել էին եւ այդ ընթացքում դիմակավորված անձինք մեքենայից իջեցրել էին անպաշտպան երիտասարդին ու հարձակվել նրա վրա` բռնություն գործադրել, խոշտանգել նրան` ընդամենը ՔՊ-ական պատգամավորին դավաճան անվանելու համար: 

Սրանք ՔՊ-ական այն երկակի ստանդարտներն են, որոնց մասին կարելի է խոսել ամեն օր, ամեն վայրկյան: Օրեր առաջ տեղեկացանք, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանքի որոշում երկարացրել են եւս 3 ամսով: Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում նախ նշեց, որ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով չկա որևէ տեղաշարժ, ապա հավելեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան, որպեսզի վերանայվի երիտասարդի խափանման միջոցը. «Ոչ մի նոր բան չկա խոշտանգման գործի մասով, քանի որ անգործություն է: Մենք այս գործի հանգամանքները պարզելու ջանասիրությունը չենք տեսնում: Ինչ վերաբերում է Սամվելի տնային կալանքին, ապա դրա հետ նույնպես համամիտ չենք, դիմելու ենք Վերաքննիչ դատարան», - նշեց փաստաբանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը խոսելով իրեն դեմոկրատ հռչակած Հայաստանի իշխանությունների ձեռքին մահակ դարձակ խափանման միջոցների մասին, ընդգծեց, որ տնային կալանքը մի քանի ասպեկտներով շատ ավելի ծանր խափանման միջոց է, քան հենց բուն կալանքը. «Այսքան տնային կալանքները ցույց են տալիս համակարգի վերաբերմունքի մասին: Երբ ի հայտ եկավ խափանման միջոց տնային կալանքը, հստակ օրենքում դրվեց տարանջատում` կալանք և այլ խափանման միջոցներ` ըստ ծանրության աստիճանների` տնային կալանք, բացակայելու արգելք, գրավ և այլն: Բոլոր այդ խափանման միջոցները համարվում են այլընտրանքային խափանման միջոցներ և առաջին անգամ օրենքում ամրագրվեց, որ կալանքը բացառիկ խափանման միջոց է և պետք է կիրառել միայն բացառիկ դեպքերում: Կալանքը որպես բացառիկ փախանման միջոց կապված է ոչ թե հանցագործության ծանրության հետ, այլ հիմքերի հետ, երբ լինում են կոնկրետ հաստատված հանգամանքներ, երբ անձը թաքնվել է, կամ խոչընդոտել է գործին: Ինչպես միշտ մեր իրավական համակարգը գնում է կիսամարդ, կիսակենդանի ճանապարհով: Այժմ, երբ շատ է խոսվում կալանքի մասին, որպես խափանման միջոց շատ են ընտրում տնային կալանքը, որը շատ դեպքերում շատ ավելի խիստ խափանման միջոց է, քան հենց կալանքը:

Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև օրինակ` կալանքի ժամանակ քաղաքացին գոնե օրվա մեջ ինչ-որ մի ժամ պարտադիր զբոսանքի է դուրս գալիս, իսկ տնային կալանքի դեպքում անձն առանց բացառությունների զրկվում է ցանկացած զբոսանքից: Բացի այդ տնային կալանք խափանման միջոցի դեպքում սահմանափակվում է անձին տեսակցելու պայմանը: Այժմ «թոզ փչելու» օպերացիայի շրջանակներում այս հանգամանքը ներկայացնում են որպես ձեռքբերում, թե իբրև տեսեք կալանքների թիվը նվազել է, բայց եթե գումարենք տնային կալանքի թվերը, շատ ավելի շատ են, քան կալանքի թվերը, իսկ դա լավ նախադեպ չէ: Դեպքեր են լինում, երբ անձը միջին ծանրության հանցանք է կատարում, միանգամից տնային կալանքի են ենթարկում: Ակնհայտ է, որ այս ճանապարհով ցանկանում են ներազդել մարդու քաղաքական, հասարակական գործունեության վրա: Որպեսզի անձը չունենա հնարավորություն մարդկանց հետ շփվելու, հաղորդակցվելու և այլն: Տնային կալանք ասվածը ևս ձևախեղվել է մեր երկրում: Միջազգային հանրության աչքին են ցանկանում «թոզ փչել», թե իբրև հայաստանյան դատական համակարգը ցանկանում է փոխվել, այնինչ` նպատակը լրիվ այլ է: Մեծ հաշվով շատ հաճախ տնային կալանքի ենթարկվողն էլ է ուրախ լինում, որ չի կալանավորվում, բայց խնդիրը պետք է այլ հարթության մեջ դիտարկել», - եզրափակեց Պողոսյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image