«Հրապարակ». Բժշկական խալաթներով եւ արյունոտ ձեռքերով

«Հրապարակ». Բժշկական խալաթներով եւ արյունոտ ձեռքերով

Երեկ ընդդիմության պայքարի երկրորդ փուլի երրորդն օրն էր, որը մեկնարկեց հերթական բողոքի ակցիաներով ու խաղաղ անհնազանդության միջոցառումներով։ Վաղ առավոտյան նախ փակվեց Աշտարակ-Էջմիածին մայրուղին, ապա Երեւանի տարբեր հատվածներում ամենատարբեր ակցիաներ տեղի ունեցան։ Գիշերը եւս քաղաքացիները հանգիստ չէին նստել․ մայրաքաղաքի տարբեր հատվածներում առավոտյան կարելի էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի խրտվիլակներին։

«Երիտասարդների ձայնը» շարունակում է շրջել քաղաքի բուհերով, իրազեկել եւ երիտասարդությանը կոչ անել, որ միանան իրենց։ Երեկ էլ Թատերական համալսարանի բակում Արցախի դրոշը տեղադրեցին ու սկսեցին փողոցներ փակել, ցուցարարներից շատերը բերման ենթարկվեցին, ինչպես նաեւ մի շարք այլ նախաձեռնությունների անդամներ՝ կրկին փողոց փակելու ու տարբեր ակցիաներ իրականացնելու համար։

«Մենք մեր պացիենտի հետեւից ենք եկել, թողեք՝ մենք մեր պացիենտին օգնենք»,- Հանրապետության հրապարակում, հակագազը գլխին, ասում էր Ազատագրական շարժման անդամ Վահագն Չախալյանը, որի պնդմամբ՝ ինքը եկել էր «ախտահանման», սակայն նրան կառավարության շենքին մոտ գալ անգամ չթողեցին։ Ակցիայի մյուս մասնակիցներն էլ բժշկական սպիտակ խալաթներով էին։ Շարժման համահիմնադիրներից ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը պնդում էր, թե ոստիկանության գործողություններն ապօրինի են, առանց հիմնավորման իրավունք չունեն տեղաշարժը սահմանափակել, դեռ մի բան էլ՝ բերման ենթարկել։

ԱԳՆ շենքի մոտ էլ PARATV-ի աշխատակազմն էր բողոքի ակցիա իրականացնում՝ շենքի աստիճաններին դնելով արյունոտ սպիտակ շապիկներ։ Նման ակցիա նաեւ զոհված զինծառայողների ծնողներն էին երկու օր առաջ իրականացրել, բայց՝ կառավարության շենքի մոտ։ «Եկել ենք մեր ձայնը բարձրացնելու առ այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հանրությունը դեմ է դրան, մենք էլ դեմ ենք դրան ու դրանում մենք համոզվել ենք մեր իսկ կատարած բազմաթիվ հարցումների ու շփումների ընթացքում»,- ասաց TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը։

ԱԳՆ շենքի մոտ իրականացրած ակցիային զուգահեռ էլ իրավիճակը կրկին լարվեց կառավարության շենքի մոտ։ ՀՅԴ երիտասարդները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի եւ Թադեւոս Ավետիսյանի առաջնորդությամբ, դույլով կարմիր ներկ էին բերել։ Ավետիսյանը, ձեռքերը մտցնելով դույլի մեջ, դիպավ գետնին՝ արնանման հետքերը դաջելով ասֆալտին։ Նրան անմիջապես տեղափոխեցին ոստիկանական մեքենա։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ուզում էին ցույց տալ, թե Փաշինյանը որքան է արյան ծարավ։

Մինչ ընդդիմությունը, շարունակելով խաղաղ անհնազանդության պերմանենտ ակցիաները, կրկին փողոցներ էր փակում, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները դարձյալ հավաքվեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ։ Դեռեւս ապրիլի 18-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատներն էին վերոնշյալ պահանջով դիմել դատախազություն, հիմա արդեն մեծ թվով ծնողներ են միացել նրանց պահանջին, տեղի է ունեցել նաեւ ստորագրահավաք, դատախազությանը ներկայացվել է նոր հաղորդում։ «Փաշինյանի խափանման միջոցը պիտի ընտրվի նվազագույնը ստորագրությամբ երկրից չբացակայելը։ Դա անպայման պիտի արվի, որովհետեւ նա ամեն ինչի ընդունակ է, հնարավոր է փախնի։ Դավաճանն ու մարդասպանն ամեն ինչի էլ ընդունակ է։ Պետք է ոտքի կանգնել, որովհետեւ մեր ազգի անտարբերության համար ես ամեն առավոտ տղայիս նկարին նայելով ներողություն եմ խնդրում։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը թող մի հատ իր ազգանունը փոխի, եթե պետք է մեր հարցին սենց վերաբերվի։ Թող դնի Փաշաեւ, Ալիեւ կամ ինչ ուզում է, թող դնի։ Նախ՝ ես չեմ կարծում, որ այս շենքում գոնե մի տղամարդ կա, եթե լիներ, կգար ու հիմա կկանգներ մեր կողքին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը։ «Խանութից մի հատ գողություն են անում, մի երեք տարի մարդուն դատում են, բա սա 5 հազար երեխա է գողացել, ինչո՞ւ իրավապահները չեն աշխատում։ Դատախազությունը պիտի ոչ թե 24, այլ 48 ժամ աշխատի, թե՞ արժանի չենք։ Ես հիմա բոլորի ներկայությամբ, այստեղ՝ դատախազության մոտ, խոստանում եմ, որ եթե Փաշինյանն իր անձնակազմով պատասխանատվության չենթարկվի, ես դառնալու եմ դատավոր ու արդեն դարձել եմ։ Եթե նրա ամենափոքրը կամ ամենամեծն իմ դիմաց դուրս եկավ, ես խեղդելու եմ»,- նշեց զոհված զինծառայողի մայրը։

«Ծնողների կողմից երկու միջնորդություն է եղել, մեկը ներկայացրել են՝ կապված Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող քրեական գործով իրենց զավակներին որպես տուժող  եւ իրենց որպես զոհերի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, ու սա, ըստ էության, դատախազության կողմից բավարարվել է, իսկ մյուս միջնորդությունը կապված է Փաշինյանին որպես մեղադրյալ գործով ներգրավելուն։ Սա ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ իրականացնող քննիչին, այնտեղ պետք է սա քննարկվի»,- նշեց գլխավոր դատախազ Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, Ազատության հրապարակում քանի օր է՝ հացադուլ է անում՝ սպառնալով գնալ ինքնահրկիզման, եթե Փաշինյանին չձերբակալեն։

«Հացադո՞ւլն է ծայրահեղ քայլ։ Դուք ծայրահեղ քայլը մայիսի 8-ին կտեսնեք, եթե մինչ այդ այս մարդուն պատասխանատվության չենթարկեն։ Տեսնո՞ւմ եք՝ սպայի համազգեստով եմ, որդուս սպայական համազգեստն է, այ, հենց սրանով էլ գնալու եմ այդ քայլին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ավետիսյանը։