Ավինյանի հոր հարցազրույցից հետո ծագած աղմուկը, անկեղծ ասած, մեծ ցավ պատճառեց ինձ: Այո, ճիշտ հասկացաք` ոչ թե օպելներին վիրավորելը, ոչ թե հանրությանը էլիտարների ու համբալների բաժանելու ցինիզմն է ինձ զայրացրել, այլ այն, թե ինչից է մեր հասարակությունը «խելագարվում»: Ոչ մի կասկած չկա, որ Ավինյանի հայրը վատ բան է արել և դա այս իշխանությունների արագ հաբրգելու և մեծամտանալու պատճառով է: Բայց կա երկու հանգամանք, որն ինձ հանգիստ չի տալիս: Մեկն այն է, որ մարդը մեզանում որպես անհատ չի ընկալվում` մեկի հոր, մյուսի մոր, երրորդի զավակի արածն ու ասածն ամբողջությամբ վերագրվում է որդուն, եղբորը, խնամուն ու քավորին:
Մեր հասարակությունը դեռ չի հասկացել, որ ամեն մեկն իր արածի համար է պատասխան տալիս և չի կարելի, ասենք, մարդուն դատապարտել 15 տարվա ազատազրկման` եթե իր եղբայրը կամ հայրը մարդ է սպանել: Ճիշտ է` մեր մերձավորների հանցանքներն ու զանցանքները մեզ վարկաբեկում են, մենք ինչ որ պատասխանատվություն ենք կրում նրանց արարքների համար, բայց դա չի կարող բացարձակ նույնը լինել: Եվ մի բան էլ. գուցե ծնողները մի քիչ ավելի մեծ մեղքի բաժին ունեն, որ հանցագործ որդի են դաստիարակել, բայց զավակներին չի կարելի մեղադրել ծնողներին «վատ դաստիարակելու» համար:
Եվ երկրորդ հանգամանքը, որ ինձ ցավ է պատճառում. մեր հասարակությունը չի կարողանում տարանջատել մասնավոր անձի և իր հարկերից սնվող պաշտոնյայի արարքները: Չի գիտակցում, որ մի երգիչ, բիզնեսմեն, գրող ու լրագրող կարող են նաև սխալ ու կոպիտ խոսել, էթիկայի կանոններ խախտել, ոչ ցենզուրային բառեր օգտագործել, բայց պետական պաշտոնյան, ընտրված պատգամավորը, պետական բյուջեից աշխատավարձ ստացող անձը պետք է առավելագույն կոռեկտ ու օրինապահ լինեն, անթույլատրելի լեքսիկոն չկիրառեն, օրենքը չոտնահարեն: Պահանջները մասնավոր անձից և պաշտոնյայից չեն կարող նույնը լինել:
Այս իմաստով ինչու է մեր հանրությունը փոթորկվել ինչ որ մի անձի (թեկուզ քաղաքապետի հոր) ոչ կոռեկտ խոսքից, իսկ երբ իր ընտրած վարչապետը` մուրճը ձեռքին ասում էր «շինելու եմ ընդդիմությանը», դատավորներին վնգստացող շնաբարո դուրսպրծուկներ էր անվանում, դիվանագետներին` կոշիկ լիզող, երբ sms- ներով պաշտոնյաներ էր ազատում, ԱԺ ամբիոնից հպարտանում էր, որ փորփրել է այլ անձի հեռախոսը` կարդացել ուրիշի նամակները և սպառնում էր, թե` կտեսնեք, որ պատգամավորն իմ պահանջով մանդատը վայր կդնի, բոլորովին չի վրդովվում դրանից: Քիչ թե շատ ադեկվատ հասարակությունն ուշադիր կլինի իրենից աշխատավարձ ստացող իշխանավորների խոսքին ու պահվածքին, այլ ոչ թե նրանց մայրերի ու հայրերի: Շատ ավելի կարևոր է, թե Տիգրան Ավինյանն ինչ է ասում, ինչ ցինիզմով է թանկացումներ անում քաղաքում, ինչի վրա է ծախսում համայնքի բյուջեն, ում է միլիոնանոց պատվերներ իջեցնում և ում է բարձրահարկերի թույլտվություն տալիս, քան այն, թե ինչ է մտածում նրա հայրը օպելների ու կարմիր գծի գների մասին:
Արեգ Մարգարյան