Անգամ Ավինյանին փոխարինողի անունն է շրջանառվում

Անգամ Ավինյանին փոխարինողի անունն է շրջանառվում

Վաղ առավոտից համառ լուրեր են շրջանառվում, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարական է տվել։ Վարչապետը ստորագրել է այն, սակայն որոշել են հրապարակել մայիսի 15-ից հետո, կամ երբ կավարտվի արտակարգ դրությունը։ 

Մի քանի աղբյուրից ստացված այս լուրը փորձեցինք ճշտել Ավինյանին մոտ կանգնած անձանցից։ 
Նրանցից մեկն ուղղակի բոլոր «սրբություններով» երդվեց, որ նման բան չկա՝ հավատում ենք։ Երկրորդն ասաց, որ պարբերաբար վարչապետ-փոխվարչապետ հարաբերությունները լարվում են, նրանք դաժան վեճեր են ունենում, որի ժամանակ խախտվում են բոլոր կարմիր գծերը։ Տիգրան Ավինյանը միայն թվացյալ է այդքան մեղմ ու զուսպ։ Նա այն փոքրաթիվ մարդկանցից է, որ հակաճառում է Նիկոլ Փաշինյանին, վիճում եւ անգամ երբեմն կոպտում նրան։ Ինչ վերաբերում է դիմում գրելուն, ապա ըստ ամենայնի, այդ «գործողությունը» տեղի է ունենում պարբերաբար, ինչպես Արթուր Վանեցյանի դեպքում էր՝ երբ 3-րդ դիմումը բավարարվեց։ 

Բուռն վեճերին, որպես կանոն, հաջորդում են հաշտության շրջանները, երբ կողմերը հրադադար են կնքում եւ անգամ ջերմանում միմյանց հանդեպ։ Նիկոլ Փաշինյանը, որը զայրույթի անկառավարելի նոպաներ է ունենում, նույնքան անսպասելի մեղմանում է եւ սիրո ու զեղումների շրջաններ է ունենում։ Դա է պատճառը, որ շատերը պնդում են՝ նրա մեջ երկու իրարամերժ մարդ է նստած։ Մեր երկրորդ աղբյուրը վկայում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ բուռն վեճ է ծագել Ավինյանի եւ Փաշինյանի միջեւ, սակայն նախօրեին հերթական հաշտության փուլն է սկսվել եւ դիմում, եթե անգամ եղել է, պատռվել է։ Հիմա «մեղրամսի» շրջանն է՝ մինչեւ հաջորդ դիմում։ 

Մեզ պատմեցին, որ վարչապետի անզուսպ ցասումի պահերը ոչ ոք չի կարողանում կանխատեսել, բայց բոլորն աշխատում են արդարացնել այդ պահվածքը, որ կարողնան շարունակել աշխատել։ Դա վերագրում են նրա նյարդային լարվածությանը, տնտեսական դժվարություններին, ինչ որ մեկի կողմից վարչապետին «վատ» ինֆորմացիա փոխանցելուն, ինչ որ մեկի վրիպումին եւ այլն։
Ինչ վերաբերում է Ավինյանին, կառավարությունում վստահ են, որ նա վաղ թե ուշ հեռանալու է։ Անգամ քննարկվում է նրան փոխարինողի հարցը։ Մեզ ասացին, որ կառավարությունում խոսում են, թե հավանական թեկնածուներից մեկը Արամ Զավենի Սարգսյանն է, ով մի կարճ շրջան հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ է աշխատել եւ այսօր, կարելի է ասել, գործող իշխանությունների գրեթե միակ պաշտպանն է քաղաքական կուսակցությունների ղեկավարներից։ Մեր զանգերին Արամ Սարգսյանը համառորեն չպատասխանեց, որ այս լուրը ճշտեինք նրանից։