Քաղաքականություն

«Հրապարակ»․ Քաղաքագետ Կոլերովին շուտով հեռացնելու են «Ռեգնում»-ից

«Հրապարակ»․ Քաղաքագետ Կոլերովին շուտով հեռացնելու են «Ռեգնում»-ից

20 տարվա պատմություն ունեցող Regnum գործակալության սեփականատերը որոշել է փոխել ԶԼՄ-ի տնօրենների խորհրդի կազմը եւ աշխատանքից ազատել է գլխավոր տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ, բազմաթիվ գրքերի հեղինակ Յուլյա Կրիժանսկայային։ Նոր տնօրենն «անհայտ մարդ» է՝ RenTV-ից։ Այսպես է բնորոշել նրան Regnum-ի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, որ նրա անունն ինքն անգամ չի կարողանում հիշել։ «Հրապարակի» խնդրանքին՝ այնուամենայնիվ նշել նրա անունը, Կոլերովը պատասխանեց․ «RenTV-ի ֆինանսական տնօրեն Անդրեյ Իոսիֆովիչ Օսիյչուկ։ Ես նրա հետ ծանոթ չեմ եւ նրա մտադրությունները չգիտեմ»։

Regnum-ի կայքը բացել հնարավոր չէ՝ ընթերցողին սպասում է գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ, պատմաբան Մոդեստ Կոլերովի ստորագրությամբ գրառում, որ Regnum-ը փակվում է, որ կառավարող ընկերության սեփականատերը, չբացատրելով պատճառներն ու  նպատակը, փոխել է ընկերության ղեկավարությանը, որ տեղի է ունեցել լրատվամիջոցի ռեյդերական գրավում, եւ եթե այն աշխատի, ապա դա կլինի առանց իր մասնակցության ու կնշանակի, որ գրավումն ավարտված է։ 

Կոլերովը խոստացել է աշխատողների աշխատավարձերը բաժանել մինչեւ նոյեմբերի 10-ը, բայց ինքն էլ չգիտի, թե ինչ է լինելու աշխատակիցների հետ։ «Աշխատողներին հիմա ասել եմ, որ քանի ինտերֆեյսը չի աշխատում, նստեք տանը,  հանգստացեք, սա հազվագյուտ պահ է, օգտագործեք այն»,- հայտնել է Կոլերովը ТАСС գործակալությանը։ Կրիժանսկայայի ազատման վերաբերյալ դիպուկ բնորոշում է արել․ «Չի կարելի վերցնել ու պոկել աթոռի 4 ոտքերից մեկը»։ 

Regnum-ի նոր ղեկավարը երեկ քարտուղարի միջոցով Կոլերովին հրավիրել է հանդիպման, ինչը Մոդեստ Ալեքսեեւիչը համարում է անքաղաքավարի եւ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք։ «Ես արդեն մեծ տղա եմ,- ասել է նա,- եթե նա ուզում է, թող գա իմ աշխատավայր։ Ես կանչով չեմ գնալու իր մոտ։ Ես ուշադիր վերլուծելու եմ, թե ինչպես է նոր իշխանությունն իրեն պահելու ինձ հետ, որովհետեւ, եթե նա ինձ հետ է այդպես վարվում, ապա ինչպես է վարվելու աշխատողների հետ»։  

Անշուշտ, Կոլերովը կատարված փոփոխությունը համարում է իր դեմ արված քայլ, եւ գլխավոր ինտրիգը հիմա այն է, թե կփոխվի՞ արդյոք գործակալության համեմատաբար ընդդիմադիր դիրքորոշումը։ Հասկանալի է, սակայն, որ «Ռեգնում»-ին չի կարելի լիարժեք ընդդիմադիր ԶԼՄ համարել, որովհետեւ Մոսկվայում ընդդիմադիր ԶԼՄ-ներ պարզապես չկան։ Պատահական չէ, որ իր վերջին գրառման մեջ Կոլերովը, որպես իր օգտին «պլյուս», նշում է Պուտինի բարձր գնահատականը, որը ՌԴ  նախագահը հնչեցրել է «Ռեգնում»-ի 20-ամյակին։ Այնպես որ, գործակալության գաղափարական կողմնորոշումը փոխելու մասին խոսք լինել, իհարկե, չի  կարող։ Այն պարզապես անցնում է Կրեմլի մի թեւից մյուսին, իսկ Կրեմլում նման ներիշխանական թեւերը՝ աշտարակները, շատ են, եւ բոլորը մրցում են ՌԴ նախագահին իրենց նվիրվածության աստիճանը ցուցադրելու մեջ։ 

Լրատվական եւ քաղաքագիտական շրջանակներում խոսում են, որ Մոդեստ Կոլերովին, որը մի քանի անգամ է «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիրը եղել, շուտով ազատելու են աշխատանքից, եւ «Ռեգնում»-ն իր հսկողության տակ է վերցնում գործարար, «Россия» բանկի հիմնական բաժնետեր ու նախկին նախագահ, Պուտինի ամենամոտ կողմնակից Յուրի Կովալչուկը, որը 70-ն անց մարդ է եւ քարոզչության ճակատում այնքան անձնուրաց է ծառայում Կրեմլին, որ, օրինակ, Ուկրաինայում նրան համարում են ապատեղեկատվական պատերազմների գեներալ։ Նրա գործակալությունը մեծ տարածում ունի։ Այն օրական մոտ 700 լուր է հրապարակում եւ խմբագրություններ ունի Ռուսաստանի տարածաշրջաններում, հետխորհրդային ողջ տարածքում։ 

Ըստ ռուսական մամուլի՝ Regnum-ի հիմնադիր ընկերության սեփականատերը Սերգեյ Ռուդնովն է՝ 2015 թվականին մահացած Օլեգ Ռուդնովի որդին։ Օլեգ Ռուդնովը «Балтийская медиагруппа» հոլդինգի նախագահն էր։ Կոլերովը, որը «Ռեգնում»-ի հիմնադիրն է, սեփականատերերից է եղել, վաղուց վաճառել է իր բաժնեմասը։ 
Ադրբեջանական կայքերը երեկվանից չեն թաքցնում իրենց ոգեւորությունը։ Անդրադառնալով «Ռեգնում»-ի փակմանը՝ նյութերի վերնագրերում նշում են, որ փակվում է պրոհայկական լրատվամիջոց, որը հայտնի էր հայերին պաշտպանող դիրքորոշմամբ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image