Գագիկ Ծառուկյանի հետ առերեսման ժամանակ հաստատվեց, որ մեր պնդումները ճիշտ էին․պաշտպան

Գագիկ Ծառուկյանի հետ առերեսման ժամանակ հաստատվեց, որ մեր պնդումները ճիշտ էին․պաշտպան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը Առաջին ատյանի դատարանում չի կարող քննել նույն դատավորը՝ Ռոբերտ Պապոյանը, նման պրակտիկա չկա։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության, իսկ Առաջին ատյանի դատարանը մերժել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, և դեռևս չեն կարող ասել, թե ինչ որոշում է եղել իրենց ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես միջնորդություններ էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որոնք վերաբերում էին քրեական գործում հիմնավոր կասկածի բացակայությանն ու վարույթն իրականացնող մարմնի ընտրությանը ( պաշտպանական թիմը պնդում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որտեղ քննվում է քրեական գործը, իրավունք չունի այն քննելու և Ծառուկյանին առնչվող քրգործը քննչական ենթակայության կարգով պետք է փոխանցվեր Հատուկ քննչական ծառայությանը)․

«Բացի այն ինֆորմացիան, որ բեկանվել և ուղարկվել է Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, այլ տեղեկատվության այս պահին չենք տիրապետում այն պարզ պատճառով, որ նույնիսկ հրապարակմանը ներկա չենք եղել։ 2 տարբերակ կա․ մեկը՝ դատարանն ասում է, որ գնում է խորհրդակցական սենյակ և որոշումը հրապարակելու օր ու ժամ է նշում, լինում է նաև դեպք, երբ դատարանն ասում է, որ գնում է խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակի վերադառնալուն պես։ Սա երկրորդ դեպքն էր, այսինքն՝ ամսի 7-ին, ավարտելով քննությունը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադարձավ ամսի 8-ին՝ 19։30-ի սահմաններում։ Բնականաբար, մենք չէինք կարող գուշակել, իրենք որոշումը հրապարակել են  օրենքով սահմանված կարգով, մեզ ուղղակի աշխատակազմից տեղեկացրել են որոշման բուն էությունը, այլ ոչ բովանդակությունը՝ մանրամասնություններով։ Հետագայում որոշումը կստանանք, մանրամասներն արդեն պարզ կլինեն։ Դա օրենքով սահմանված կարգ է, և ոչ մի խնդիր չկա»,- ասաց Խաչատրյանը։

Ընտրակաշառքին վերաբերող հայտնի քրեական գործով, որով որպես մեղադրյալ է անցնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կան ևս 3 մեղադրյալներ՝ Վազգեն Պողոսյանը, Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։ Պաշտպանին հարցրինք՝ 4 մեղադրյալների միջև առերեսումներ կատարվե՞լ են այս ընթացքում․

«Այլ անձանց վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղեկատվություն չունեմ, իսկ կոնկրետ պարոն Ծառուկյանի վերաբերյալ  առերեսում եղել է միայն Վազգեն Պողոսյանի հետ։ Մենք կարծում ենք, որ Վազգեն Պողոսյանի ցուցմունքը ի սկզբանե էլ որևէ արժեքավոր տեղեկատվություն չէր պարունակում կոնկրետ պարոն Ծառուկյանին մեղսագրվող արարքի մասով, բայց ամեն դեպքում վարույթն իրականացնող մարմինը առերեսում կազմակերպեց։ Դա նաև մեր պահանջն էր, պարոն Ծառուկյանի պահանջն էր, քանի որ նա իր ցուցմունքում նշել էր, որ եթե կա անձ կամ անձինք, որոնք իր դեմ ցուցմունք են տվել, ապա ինքը, օգտվելով իր իրավունքից, պահանջում է, որ առերեսումներ անցկացվեն։ Մեր կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինը Վազգեն Պողոսյանի ցուցմունքը յուրովի էր մեկնաբանել և գտնում էր, որ այդ ցուցմունքը պարոն Ծառուկյանի դեմ է։ Այդ առերեսումը եղավ, և ևս մեկ անգամ վերահաստատվեց մեր պնդումը, որ Վազգեն Պողոսյանը և՛ ի սկզբանե, և՛ առերեսման ժամանակ քննության համար որևէ արժեքավոր տեղեկություն չի ներկայացրել կոնկրետ պարոն Ծառուկյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ։ Ցուցմունքների բովանդակության մեջ հակասություններ չեն եղել, որը ևս մեկ անգամ հաստատվեց առերեսման ընթացքում»,- պատասխանեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։