Փաշինյանը ժամեր առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանի Կիրանցի հատվածում, ծանոթացել նոր ճանապարհի կառուցման ընթացքին։ Մայիսի 25-ի «դաժան» հանդիպումից հետո Փաշինյանն այս անգամ չի ցանկացել տեսնել կիրանցիներին։ Գյուղ է մտել գաղտագողի, միայն սահմանային հատվածում է եղել։ Մեզ պատմեցին, որ փորձել է մոտենալ գյուղի տղամարդկանցից մեկին, սակայն կիրանցին արհամարհել ու հեռացել է։
Ի դեպ, նույն կիրանցին ներկա է եղել Փաշինյանի հետ նախկին հանդիպումներին։ Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Փաշինյանի այցի մասին իմացել է միայն վերջում, երբ նա արդեն հեռացել է։ «Փաշինյանը գիտեի, որ իր հետ ամենաշատը մի 10 հոգի կհանդիպի։ Երբ նա գալիս էր գյուղ, փորձում էր զրուցել գյուղացիների հետ, դուռը փակում ու տուն էին մտնում»,-պատմեց կիրանցին։ Փաշինյանի էջում տեսանյութ է հրապարակվել Կիրանցի փշալարերի մոտ, որտեղ ասում է, թե մարդիկ ապահով իրենց այգին կարող են մշակել։ Գոհար Վարդանյանը պնդում է՝ սուտ է, գյուղացիները չեն կարողանում մինչեւ վերջ մոտենալ իրենց վարելահողերին։
«Տեսանյութում ասում ա, որ մինչեւ վերջին սանտիմետրը կարողանում են մտնել վարելահողեր, մինչդեռ այդպես չէ, սահմանապահները թույլ չեն տալիս մոտենալ»,-հավելեց նա։
Գովազդային տեսահոլովակ նկարահանելուց հետո Փաշինյանն ուղղությունը փոխել է հարեւան Աճարկուտ։ Այստեղ վարչական շրջանի ղեկավար Աշոտ Հարությունյանը, որին այլեւս թույլ չեն տալիս մտնել Կիրանց, տնետուն է գնացել ու խնդրել գյուղացիներին՝ դիմավորել Փաշինյանին։ Դիմավորել, որեւէ պահանջ չներկայացնել, հնարավորինս լայն ժպտալ, ցույց տալ իրենց անվերապահ սերն ու աջակցությունը, այդպես էլ անցել է հանդիպումը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պահանջով հանձնված Տավուշի եւ Ղազախի հատվածի գյուղերից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, ադրբեջանական կողմին անցավ։ Մայիսի 20-ից սկսվել է հարակից Աճարկուտ բնակավայրով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքները: