Խելոք մնացեք, արա

Չգիտեմ էլ, արժե՞ այս իրավիճակում, երբ աչքիդ առաջ պետությունն է քանդվում, երկիր ենք կորցնում, երանի տալիս անկախությունից մնացած դեռևս երեկվա փշրանքներին, խոսել մի հարցի մասին, որ կարելի է մեկ բառով բնորոշել որպես «ընդդիմության պառակտում»: Իբր մի շատ միասնական էինք, հիմա էլ այս խնդիրը: Նիկոլի մասին էինք ասում՝ այծի պարը կամրջին բռնեց, մեր գլխին եկավ, այսինքն՝ ընդդիմադիրների: Տղերք, դուք Նոր տարուն կամ շատ եք խմել, կամ էլ ընդհանրապես չեք խմել: Ախպոր պես, վերջ տվեք գզվռտոցին, այլապես կստացվի, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, երբ ասում եր, որ այս ընդդիմությունը գործող իշխանության համար իսկական նվեր է: Ուրիշ հարց չկա քննարկելու, մնացել է պարզել, թե ո՞վ բերեց Նիկոլին: Այսօր, արդյոք, միևնույն չէ՞,թե ով բերեց այդ աննորմալ գունավոր երևույթին: Ով էլ բերած լինի, մի՞թե փաստ չէ, որ արդեն յոթ տարի է նա վարչապետ է ու նրան հեռացնել չենք կարողանում: Ու չմոռանանք, որ ընդդիմության մասին մարդիկ կարծիք են կազմում ոչ թե ներսում իրար ուտելու հատկանիշներով, այլ իշխանություններին հեռացնելու կարողականությամբ: Տո էդ Նիկոլին բերողի հերն էլ անիծած… Մենք յոթ տարի այս իշխանությանը չենք կարողացել հեռացնել, հիմա էլ իրար ենք ուտում: Հետո՞: Քոռին ի՞նչ է պետք՝ երկու աչք: Նիկոլի՞ն ինչ է պետք՝ մեզ նման ընդդիմություն:
Կարելի է, իհարկե, երկար վիճել այն հարցի շուրջ, թե ով բերեց Նիկոլին: Ես էլ եմ ինձ այդ հարցը հաճախ տվել ու հանգել ամենատարբեր եզրակացությունների: Ու վերջապես համոզվել եմ, որ այդ հարցի պատասխանը մենք կստանանք հետո, երբ Նիկոլն այլևս վարչապետ չի լինի: Դա շատ հեշտ է անելը: ԱԱԾ-ի պադվալում մի երկու խաչաձև հարցում, մեկ-երկու ֆիզիկական հպումներ, և նա ամեն ինչ կպատմի, լտա բոլորի անուններն ու բնակության հասցեները՝ հեռախոսով, սոցիալական ֆեյք էջերով, բանով: Իսկ հիմա, քանի դեռ նա վարչապետ է, ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել ողջ եղելությունը, և անգամ չենք կարող ասել, թե ինչպես եղավ, որ ընտրությունը կանգ առավ հենց Նիկոլի վրա: Նիկոլին, ի՞նչ է, մի մա՞րդ բերեց: Առնվազն մի 20-30 հոգի գցել-բռնել են, չէ՞, թե ում բերեն, ինչպես բերեն, ինչու բերեն… Ու երբ մենք ասում ենք՝ վերջ, Նիկոլին տվյալ մարդն է բերել, թույլ տվեք ասել՝ շատ ծիծաղելի ենք երևում կողքից: Նորից եմ ասում՝ Նիկոլ բերողի հերն էլ անիծած, մենակ լինի թե խմբակային… Բայց սա Նիկոլից հետո պարզելու հարց է:
Պատկերացրեք՝ Վրաստանում ոչինչ չանեին ու փնտրեին, թե ով բերեց Սահակաշվիլիին: Լավ էր՝ Շևարդնաձեն էլ շուտ մեռավ ու նրան չմեղադրեցին «վարդերի հեղափոխություն» կազմակերպելու մեջ: Մենք դրել՝ յոթ տարի է ման ենք գալիս, թե ով կազմակերպեց «թավշյա էշությունը»: Վրացիները Սահակաշվիլիին իր բերող-չբերողի հետ ի վերջո, շատ ներողություն, սիկտիր արեցին, և դրանից հետո միայն պարզվեց, թե ով է բերել նրան: Հիմա մեզ՝ համբերություն, կամք և ուժ, որ Նիկոլին խռկենք, ու ստանանք մեզ հուզող հարցի պատասխանը: Ասելս ի՞նչ է, սիրելի ընդդիմադիրներ… Եթե իսկսպես մեծ է ցանկությունը պարզելու, թե ով բերեց Նիկոլին ու այսքան տարի պահեց իշխանության ղեկին, ապա եկեք նախ հեռացնենք այդ չարիքը, տանենք ԱԱԾ-ի պադվալ և ամեն ինչ այդպես պարզենք:
Նիկոլի «ծագումնաբանությունն» ուսումնասիրող ընդդիմադիրների մեջ նաև մի շատ հետաքրքիր մրցակցություն է սկսվել: Այնքան հետաքրքիր, որ Նիկոլին մոռանում ենք ու այդ վեճին ենք թամաշա անում: Մի ընդդիմադիր, օրինակ, որ ժամանակին իրեն դրել էր պայքարի զոհասեղանին ու ոչ մեկին մոտ չէր թողնում, այսօր մի ուրիշ ընդդիմադիրի, որ ավելի շատ է տուժել Նիկոլի երեսից, մեղադրում է Նիկոլ բերելու և ընդդիմադիր չլինելու մեջ: Ուզում ես ասել՝ եղբայր, բա արդեն բարձրացել էիր զոհասեղան, գյումրեցու ասած՝ «քեզի պոռդրդեիր գը», ինչո՞ւ Նիկոլը քեզ «չզոհեց» կամ չձերբակալեց: Ըմբռնումով մոտեցանք, տուժել էիր, քթիցդ արյուն էր եկել, բայց հո քեզ չասացի՞նք, որ Նիկոլի մարդն ես: Հիմա դու երազումդ գել ու հարամի ես տեսել, ընկել ես սոցկայքերն ու՝ Նիկոլին սա է բերել, Նիկոլին նա է բերել: Էդ մարդիկ քի՞չ են տուժել Նիկոլից: Ի տարբերություն քեզ՝ բանտ էլ են նստել, դատվել էլ են, ամենավերջին խոսքերն էլ են ասել Նիկոլին: Բա հիմա ո՞նց որոշենք, թե ով բերեց Նիկոլին: Չի կարելի, էլի, այդքան կտրուկ լինել քաղաքականության մեջ: Մի հսկա քաղաքական կուսակցություն ես հանել քո դեմ՝ ինքդ էլ ոչինչ չունես:
Մի խոսքով՝ անշնորհակալ գործով ենք զբաղված, սիրելի ընդդիմադիր հայրենակիցներ: Շարունակեք՝ հաջորդ հոդվածում բոլորիդ անուններով եմ նշելու, անուն առ անուն: Ես բոլորիդ կողքին եմ եղել այս յոթ տարիներին և ձեզ թույլ չեմ տալու հիասթափեցնել ինձ իմ արածից: Ես էժան չեմ այնքան, որ կարողանաք ինձ վաճառել Նիկոլին, ինձ ձեր արշինով չչափեք: Վերջ տվեք այս հիմարությանը, եթե չեք ուզում, որ Նիկոլը ԱԱԾ-ի պադվալում, ձեր անունը տա ու պատմի, թե ինչ արիշվերիշների մեջ եք եղել նրա հետ, մինչև իշխանազավթումը:
Կարծիքներ