Սոչիի օդանավակայանի տերը Հայաստանում գործարան ունի. նոր մանրամասներ ազգային զտումների շուրջ

Սոչիի օդանավակայանի տերը Հայաստանում գործարան ունի. նոր մանրամասներ ազգային զտումների շուրջ

Սոչիի միջազգային օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարության շուրջ սկանդալը օր օրի զարգանում է: Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր համացանցում հայտնվել է օդանավակայանի հայ աշխատակցուհու և նրա ռուս ղեկավարի սկանդալային ձայնագրությունը: Լսվում է, թե ինչպես է վերջինս նախատում է հայուհուն ՌԴ նախագահ Պուտինին հասցեագրված կոլեկտիվի նամակ-բողոքի տակ ստորագրելու համար, իսկ աշխատակցուհին մի կերպ արդարանում է իր արարքի համար: 

Ձայնագրությունը ապացուցում է, որ օդանավակայանի ղեկավարությունը իրոք կադրային ջարդ է իրականացրել: 

Կոնֆիդենցիալ աղբյուրից «Հրապարակին» հայտնի դարձավ  կադրային ջարդի սխեման: Հիմնական աշխատողներին տեղափոխում են պայմանագրային աշխատանքի, ապա ժամկետը լրանալուն պես հրաժարվում են պայմանագրերը երկարացնել:  

Աշխատողները որոշել են դիմել ՌԴ տրասնպորտային դատախազություն և հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: 

Սոչիի օդանավակայանի տնօրինությունը չի խոստովանում, որ ազգային հատկանիշով զտումներ է իրականացնում: Օգոստոսի մեկին օդանավակայանը պաշտոնապես հայտարարեց, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության պահանջներին: Ըստ օդանավակայանի ղեկավարների, աշխատակիցների մի փոքր խումբ վերջերս լուծել է օդանավակայանի հետ պայմանագրային հարաբերությունները, իրենց համար առանձնահատուկ պայմաններ պահանջելով: «Մենք գտնում ենք, որ այդ անձանց գործողությունները օրինաչափ չեն և ազգամիջյան թշնամություն են հրահրում», - ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հայաստանի պետական կառույցները՝ ԱԳՆ-ն, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Սոչիի հյուպատոսարանը զբաղվում են օդանավակայանի հայազգի աշխատակիցների հարցով: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ հայտնեց, որ ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել բոլոր ներգրավված շահագրգիռ կողմերի հետ իրավիճակը պարզելու համար: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն էլ հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը հանդիպում է կազմակերպել Սոչիի օդանավակայանի հայազգի մոտ 50 աշխատակիցների, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորների և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանի հետ: Ստեղծված  նախաձեռնող խումբը փորձելու է հարթել կոնֆլիկտը ՌԴ պատկան մարմինների հետ աշխատելով: 

Մեր տեղեկություններով, ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանը Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Կրասնոդարի մարզի ղեկավարության, ՌԴ տրանսպորտի նախարարության և օդանավակայանի տնօրինության հետ: 

Տվյալներ կան, որ աշխատանքից ազատվածների շրջանում մեծ են նաև այլ ազգերի ներկայացուցիչները: Հավանաբար, օդանավակայանի ղեկավարությունը որոշել է, որ ռազմավարական այդ օբյեկտում միայն էթնիկ ռուսներ պետք է աշխատեն:  
 

Սոչիի միջազգային օդանավակայանի  սեփականատերը «Ռուսալ» ընկերությունն է, որի նախագահը Օլեգ Վայտմանն է: Իսկ «Ռուսալ» միավորված ընկերության սեփականատերը, ինչպես հայտնի է, ռուսաստանյան խոշոր գործարար, միլիարդատեր, օլիգարխ Օլեգ Դերիպասկան է: Այս տարվա ապրիլին նա գնել է հայկական լավագույն գործարաններից մեկը՝ «Արմենալը»: Անմիջապես այս գործարքից հետո «Արմենալի» գործերը, ինչպես հայտնի է, վատացան: Մարդիկ ազատվեցին աշխատանքից, քանի որ Դերիպասկայի ընկերությունները հայտնվեցին ամերիկյան սանկցիաների տակ, և «Արմենալը» գրեթե ամբողջությամբ դադարեցրեց արտահանումները դեպի ԱՄՆ: 

Ի՞նչ նպատակով է Սոչիի միջազգային օդանավակայանների ղեկավարությունը ազատում հայկական ազգանուն կրող կադրերից: Հարցն այս մնում է չպարզաբանված: Հավանաբար, դրա արմատներն ավելի խորն են: Չի բացառվում, որ որոշ ուժեր այս կերպ ցանկանում եմ լարում առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում, ազգամիջյան թշնամանք հրահրել: