Երուսաղեմի հայկական համայնքի 25 տոկոսը վարձակալության էր հանձնվել՝ պատրիարքարանի ներքին կանոնագրության կոպիտ խախտմամբ․ Մանրամասներ

Երուսաղեմի հայկական համայնքի 25 տոկոսը վարձակալության էր հանձնվել՝ պատրիարքարանի ներքին կանոնագրության կոպիտ խախտմամբ․ Մանրամասներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն 99 տարով վարձակալությանն էր հանձնել  հայկական թաղամասի մոտ 25%-ը։ Այդ գործարքը Երուսաղեմի հայկական համայնքում բավականին վեճերի ու անհաշտությունների պատճառ էր դարձել, որովհետև լուրեր էին պտտվում, որ հայկական թաղամասի «Կովերի այգի» տարածքում հյուրանոց ու ժամանցի վայրեր էին կառուցվելու, իսկ բնակավայրին մոտ հայ բնակիչները պիտի վտարվեին իրենց տներից, ովքեր պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը: Մայր Աթոռը ևս հավանություն չէր տվել վարձակալության այս պայմանագրին ու Երուսաղեմի պատրիարքին հորդորել էր չեղարկել համաձայնագիրը։ 

Ի վերջո, Երուսաղեմի պատրիարքը իսրայելական ընկերության հետ պայմանագիրը չեղյալ ճանաչելու մասին հայտարարությամբ հանդես եկավ, ինչը բնականաբար դուր չի եկել այդ ընկերության ներկայացուցիչներին։

Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ պատը քանդելու դրվագը ուղիղ կապ ունի վարձակալության պայմանագրի հետ։

«Իրենք հիմա փորձում են ճնշել։ Համայնքն այդքան աղմուկ բարձրացրեց, դեմ կանգնեց՝ պատրիարքությունը վերջապես որոշել է չեղարկման գործընթաց սկսել այդ պայմանագրի, որով 25 տոկոսը հայկական թաղամասի վարձակալության էր տրվում։ Դրա համար էլ պայմանագրի մյուս կողմը կատաղել է ու սկսել են ձախ-աջ քանդել, ճնշել ու իրենց կեղտոտ ձևերով այդ հարցերը լուծել»,-ասաց Բալյանը։

Թե պայմանագիրը չեղարկելու ինչ պատճառներ են եղել՝ ոչինչ չի հրապարակվել, ասաց Երուսաղեմի հայ բնակիչը։ Սակայն, իսրայելական այդ ընկերությունը վատ վարկանիշ ունի՝ կոռուպցիոն աղմկահարույց գործերում ներգրավվածության, ոչ այնքան ընդունված կամ օրինական գործելաոճ:

«Ուղղակի խախտում պայմանագրի չի եղել, պարզապես ընկերությունը վատ ռեպուտացիա ունի, խաբել են, բայց հիմնական կետն այն է, որ հայոց պատրիարքության ներքին կանոնագրությանը դեմ է եղել պայմանագիրը, որովհետև ներքին կանոնագրության համաձայն տնօրինական ժողովն ու միաբանական ժողովը պիտի համաձյանություն տար այս պայմանագրի կնքմանը, ինչը չի եղել»,-տեղեկացրեց Սեդրակ Բալյանը։