Սեփական և պետական շահի արանքում

Սեփական և պետական շահի արանքում

Հարցազրույց ԲԴԽ անդամ չընտրված, իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դոցենտ, Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Մարգարյանի հետ։ Նա ունի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ, մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, իրականացրել տարաբնույթ ծրագրեր: 

- Տիկին Մարգարյան, սպասելի՞ էր, որ իշխող մեծամասնությունը Ձեզ առաջադրելու է, բայց չի ապահովելու ընտրությունը ԲԴԽ անդամի պաշտոնում։ Ի՞նչ բացատրություն կտաք ստեղծված իրավիճակին, իշխող խմբակցությունն ինչպե՞ս մեկնաբանեց իր քայլը, հատկապես, որ կա տեղեկություն՝ դժվար եք ընդունել առաջադրվելու առաջարկը, երկար բանակցել են Ձեզ հետ։

- Բնականաբար՝ անսպասելի էր, որովհետեւ եթե ի սկզբանե գիտես, որ հնարավորություն չունես, չես էլ առաջադրվի։ Ինձ ասացին, որ հիմնական խնդիրը մեծ պատվիրակության գործուղման մեջ գտնվելու հանգամանքն էր, որ «Իմ քայլի» պատգամավորներն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քվեարկությանը։

Միաժամանակ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը ձախողման պատճառ դարձավ, քանի որ ցանկանում էին իրենց թեկնածուն ունենալ այդ կառույցում։ Ինձ համար, իհարկե, հիմնավորումներն այնքան էլ ընդունելի չեն, որովհետեւ խնդիրն այն չէ, թե որ խմբակցությունն է առաջադրել թեկնածու, այլ այն նպատակը, որ դու դնում ես քո առջեւ։ Եթե դու ընտրված ես ԱԺ-ում որպես ժողովրդի ներկայացուցիչ, բնակչության շահերն են կարեւոր, ոչ թե այն, թե ով է ներկայացրել թեկնածուին։ Ես չէ, որ հետեւություններ պետք է անեմ, հետեւություններ պետք է անեն հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքական ուժերը։ 

- Ձեր ընտրության տապալումից հետո գնահատականներ հնչեցին խորհրդարանի իշխող ուժի անլրջության մասին․ ունենալով բացարձակ մեծամասնություն եւ առաջադրելով թեկնածու՝ «Իմ քայլը» տապալեց իր թեկնածուի ընտրությունը, մինչդեռ կարող էր լավ հաշվարկել, արտահերթ նիստն այլ օր տեղափոխել եւ այլն։

- Ես գնում էի ԱԺ, եւ սա պետք է լիներ ընտրովի պաշտոն, կանխակալ քայլեր ես չէի կանխատեսում։ Այնպես չէ, որ կանխորոշված պետք է լինեին պաշտոնում ընտրվելը եւ ԲԴԽ անդամ դառնալը։ Գնում էր հարցուպատասխան, եւ յուրաքանչյուր պատգամավոր ազատ էր՝ իր ներքին համոզմամբ իր ընտրությունը կատարելու։ Ես ցավում եմ, որ մի մասի մոտ դա եղել է ոչ թե ներքին համոզում, որովհետեւ բանավոր դիրքորոշումն այլ էր, արդյունքները՝ ուրիշ։ Զուտ այս առումով եմ ցավում․ պատգամավորի կերպարը ես այլ կերպ եմ պատկերացնում։

- Այսինքն՝ Դուք մտածում եք, որ Ձեր թեկնածությունն առաջադրող խմբակցությունում բոլո՞րը չէ, որ կողմ են քվեարկել։

- Եթե սովորական թվերն իրար կողք դնենք, կստանանք նման պատկեր, հաշվի առնելով ԼՀԿ-ի պատգամավորների եւ «դեմ»-երի քանակը, ապա եղել են դեմ նաեւ այլ խմբակցություններից, ես չեմ կարող ասել՝ ԲՀԿ-ի՞ց են եղել, թե՞ «Իմ քայլից»։ Փակ քվեարկություն է, յուրաքանչյուրն ունի իր կամքն արտահայտելու հնարավորություն, միակ բանը, որ պատգամավորները պետք է անեն՝ առաջնորդվել սեփական համոզմունքներով, առաջնորդվել բնակչության շահով, որովհետեւ իրենք ընտրված են բնակչության կողմից։

- Տիկին Մարգարյան, բայց կարող էր, չէ՞, «Իմ քայլն» այնպիսի ժամանակ կազմակերպել ընտրությունը, որ նման խնդիրներ չառաջանային, ի վերջո, խորհրդարանի, իշխանության վարկանիշի հարցը չէ՞ նաեւ։ Թեկնածու առաջադրել, ունենալ բացարձակ մեծամասնություն, բայց չկարողանալ ընտրել։

- Այո, կարող էր, բայց օբյեկտիվությունն այն է, որ քվեարկությանը 85 հոգի է մասնակցել։ Ես չէի ուզենա առանձնացնել այս կամ այն խմբակցությանը, այլ ընդհանրապես ԱԺ-ում գտնվող այն անձանց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքացիների շահերը։ Անկախ նրանից, թե որ խմբակցության ներկայացուցիչն է, հիմնական չափանիշը պետք է լինի այն, թե ինչու է ինքն այնտեղ գտնվում, ինչ նպատակ է հետապնդում, արդյո՞ք կարողանում է սեփական շահերը ստորադասել պետականին, դա կլինի «Իմ քայլից», ԼՀԿ-ից, ԲՀԿ-ից, թե հետագայում այլ ուժից, պատգամավորը պետք է հիշի սա։ Հիմա տվյալ պարագայում եթե ասենք՝ անլրջություն էր, ես չեմ ուզում գնահատական տալ, թող յուրաքանչյուրը վերլուծի, հասկանա։

- Իսկ գուցե Ձեր տեսակետների հետ համաձա՞յն չէին, Դուք բավականին համարձակ հայտարարություններ արեցիք, հորդորեցիք հրաժարվել «վեթթինգ» տերմինից։

- Այո, գուցե։ Բայց եթե ուշադիր վերլուծեք, ես ասում էի, որ ոչ թե փոփոխություններ ընդհանրապես պետք չեն, այլ ասում էի՝ եկեք այդ բառը չօգտագործենք, որովհետեւ բացասական ենթատեքստեր է պարունակում, դրական չի ընկալվում «վեթթինգ» հասկացությունը։ Գուցե ինչ-որ մարդկանց դուր չի եկել, չի ընկալվել, դա իրենց մոտեցումն է։ Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական կամքը, եւ ես հարգում եմ դա, բացարձակապես վատ չեմ զգում, թող ավելի արժանի թեկնածու լինի, ես միայն ուրախ կլինեմ։

- «Իմ քայլում» ցանկություն ունե՞ն կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը, եթե այո՝ կընդունե՞ք առաջարկը։

- Ցանկություն կա, բայց իմ դիրքորոշումը բացասական է։

- Ինչո՞ւ չեք ցանկանում եւ, ի վերջո, ինչո՞ւ եք դժվարությամբ ընդունել առաջարկը։

- Համառելու խնդիր չկար, մոտեցումը հետեւյալն էր․ ես զբաղվում եմ գիտական գործունեությամբ, եւ իմ համար առաջնայինը դա էր։ Սկզբնական շրջանում համատեղության հնարավորություն չէի տեսնում, հետագայում տեսնում էի։ Մի խնդիր էլ կար․ ես զգում էի, որ աջակցության խնդիր ունեն, մասնագիտական աջակցության, եւ պատրաստ էի այս փուլում իրենց աջակցել։

 - Կուզենայի Ձեր կարծիքը լսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, կա՞ արդյոք ճգնաժամ, ինչպես պնդում է նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։

- Թույլ տվեք ես այդ հարցերի մեջ չխորանամ, որովհետեւ չեմ ուզում քաղաքական գնահատականներ հնչեցնել։