Հեղափոխական անհանդուրժողականություն

Հեղափոխական անհանդուրժողականություն

Հեղափոխական իշխանությունը շատ ծանր է տանում քննադատությունը։ Ցանկացած քննադատող անձ դառնում է նրա աչքի փուշը եւ ոխերիմ թշնամին։ Բոլոր քննադատությունների հետեւում նրանք տեսնում են իրենց քաղաքական հակառակորդներին, իշխանափոխություն երազողներին, կարճ ասած՝ նախկինների ականջները։ Բանը հասել է այնտեղ, որ «Հայ գրականություն» եւ «Պատմություն» առարկաների չափորոշիչները քննադատողներին էլ են դասում քոչարյանասերժական բանակին։ Եվ նախարարի ու փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձինք մասնագիտական ողջ հանրույթի կարծիքը վերագրում են քաղաքական հակառակորդներին։

Հասկանալի է, որ հանրային քննարկման մասին խոսք լինել չի կարող, եթե ոլորտի պատասխանատուներն այսքան նեղմիտ են ու չարացած։ Բայց հանրությունն էլ չի կարող իր խոսքը չասել ու չքննադատել, որքան էլ դա 4 հսկա ոլորտ կառավարող Արայիկ Հարությունյանին հաճելի չլինի։ Բայց միթե այս մարդիկ հիշողության կորուստ ունեն եւ 2018-ից առաջ տեղի ունեցած իրադարձությունները բոլորովին չեն հիշում։ Մենք, օրինակ, շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր այսօրվա նախարարը 2010 թվականին մի խումբ անձանց հետ նախաձեռնել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը եւ պայքարում էր «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների դեմ։

Հիշեցնենք․ խոսքը Դիլիջանի միջազգային դպրոցի մասին էր։ Այն ժամանակ իշխանության ոչ մի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին կամ նախաձեռնող խմբի մյուս անդամներին չէր համարձակվի կոչել ընդդիմության շահերի սպասարկու եւ չէր ասում, որ նրանք ուղղորդվում են իշխանափոխություն տենչացող շրջանակներից։ Իսկ Արայիկ Հարությունյանն այն ժամանակ հայտարարում էր․ «Մենք ստեղծելու ենք հասարակական շարժում, որը ստիպելու է այս իշխանություններին՝ մի կողմ դնել այդ օրինագծերը»։