Երանի նման խնդիր չլիներ ու նման պարգեւի անհրաժեշտություն էլ, ես էլ չպարգևատրվեի

Երանի նման խնդիր չլիներ ու նման պարգեւի անհրաժեշտություն էլ, ես էլ չպարգևատրվեի

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառույցներից մեկը՝ ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհուրդն արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ գործունեություն է ծավալում մարզում:

Օրերս էլ ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի կողմից՝ համայնքի հետ սերտ համագործակցության եւ արցախահայերին օգնություն ցուցաբերելու համար:

«Տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու հարցում ներդրած ջանքերի համար գնահատանքի արժանանալը եւ հպարտություն էր, եւ ցավոտ, եւ պարտավորեցնող։ Ցավոտ էր, որովհետեւ ․․․․․, որովհետեւ երանի նման խնդիր չլիներ ու նման պարգեւի անհրաժեշտություն էլ չլիներ, ես էլ չպարգևատրվեի»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Վիրաբյանը:

Հարցին, թե այս օրերի Գյումրիում  քաղաքական դաշտը լարված է, որպես քաղաքական կառույցի ներկայացուցիչ՝ ինչ որակում կտար, պատասխանեց․

« Այն, ինչ կատարվում է, կարծում եմ՝ յուրաքանչյուր գյումրեցու սրտով չէ, լարված մթնոլորտ է, տեսնում ենք՝ ավագանու նիստերին ինչեր են կատարվում, անգամ Գյումրի համայնքի 2024թ-ի բյուջեն չհաստատեցին, ինչը չափազանց կարևոր է քաղաքի համար: Ի վերջո, գյումրեցին է ընտրել բոլոր այն քաղաքական թիմերին, որոնք ստանձնել են քաղաքային իշխանության պարտավորությունը, ուստի կրկին անգամ հիասթափեցնել գյումրեցուն, կանգնեցնել նոր փաստերի եւ իրողությունների առաջ, միանշանակ անընդունելի է : Իսկ առհասարակ, ամփոփելով 2023-ը, նշենք, որ քաղաքական առումով ընդհանուր լավ տարի համարել չենք կարող, փորձությունների տարի էր, այն էլ ինչպիսի ․․․․ Ազգովի ականատես եղանք Արցախի հայաթափմանը, եւ դա արդեն բավական էր, որպեսզի մնացած բոլոր գործընթացները դնեինք մի կողմ: Տնտեսական առումով, գուցե վիճակագրական տեսքով պաշտոնական մարմինները աճ նկատեցին, բայց մեզ՝ հասարակ քաղաքացիներիս համար այդ աճն իհարկե զգալի չէր: Ինչևէ, տա Աստված, որ այս տարին լինի ավելի հանդարտ ու կանխատեսելի, իսկ արցախցի մեր քույրերին ու եղբայրներին՝ ուժ, կորով եւ համբերություն ․․․ »,-ասաց մեր զրուցակիցը :