Մի հիվանդի թեկուզ գլխացավի դեղ տված կա՞ս․․․

Մի հիվանդի թեկուզ գլխացավի դեղ տված կա՞ս․․․

Էս նոր իշխանությանը լեզուս չի գալիս մի լավ, օրինակելի բան պատմեմ։ Ինձ թվում է՝ իրենց ուղեղը համակարգչային ինչ որ ծրագրով է աշխատում և ծրագրից դուրս ընկալունակություն չունեն։ Անահիտ Ավանեսյանին ի՞նչ ասես։ Առողջապահության նախարար է, բայց առողջապահության բնագավառի հետ կյանքում կապ չի ունեցել։ Մի հիվանդի տնքոց չի լսել, մեկին մի անալգին չի տվել որ խմի՝ ցավը հանգստանա։ Նրա հետ ի՞նչ խոսես կամ քննարկես առողջապահության, նույն ինքը՝ խղճի  բնագավառից։ Նրա մասին խոսելու փոխարեն, լավ չի՞ խոսեմ մի արժանավոր բժշկի մասին։ Սա Անահիտի համար չեմ պատմում, նա դա չի կարող ընկալել Խորհդային տարիներին Սիսիանում մի դեպքի ականատես եղա։ Գորիսի բանտից վտանգավոր մի հանցագործ էր փախել ու Սիսիանում վնասազերծել էին նրան։ Ծանր վնասվածքներ էր ստացել։ Մեքենայով տեղափոխում էին նրան Երևան։ Սիսիանի վիրաբույժներից Յուրի Հովակիմյանը ոստիկանական պատը ճեղքել ու մոտեցել էր վիրավոր հանցագործին։ Ջահել, հետաքրքրասեր լրագրող էի ու կիզակետում էի։ Ոստիկանները թույլ չէին տալիս, որ բժիշկը մոտենա։ Նա պնդում էր․

- Հանցագործը նույնպես մարդ է, նրան բժշկական օգնություն է պետք։ Մինչև տանեք, արյունաքամ կլինի։ 

Բժշկի ու ոստիկանների միջև  համարյա կռիվ սկսվեց։ Ոստիկաններն ասում էին՝ դու խոչընդոտում ես մեր աշխատանքին, բժիշկն էլ թե՝ դուք իմ աշխատանքն եք խոչընդոտում։ Վերջը ինչ որ տեղ զանգեցին ու թույլ տվին, որ վիրաբույժը մոտենա հիվանդին։ Վիրավորն իրոք արյունաքամվում էր, երակներ էլ էր կտրտել։ Մոտ երկու ժամ բաց պայմաններում վիրաբույժն աշխատեց, արյունը կտրվեց։ Հետո նրան ջուր տվեց։  Թաշկինակով մաքրում էր քրտինքը ու անընդհատ հարցնում՝ էլի ցա՞վ ունես։ Իսկ երբ պիտի տեղափոխեին, արդեն ցուրտ էր, վիրավորի հագին մի պատռոտված , արյունոտված շապիկ էր, բժիշկը հանեց իր վերնաշապիկը և գցեց վիրավորի վրա։ Հանցագործը չորացած շուրթերով հազիվ մրմնջաց՝ շնորհակալ եմ բժիշկ, ես քեզ կհիշեմ, կհանդիպենք։ 

Հիմա նորից եմ կրկնում՝ Անահիտը մի հիվանդի թեկուզ գլխացավի դեղ տված կա՞։ Հիվանդի տնքոց լսած կա՞, որ լրագրողներն էլ հարցնում են, թե՝ դուք ինչպես եք գնահատում ոստիկանների գործողություներն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ։

Վիրավոր, քացու տակ ընկած, արյունլվիկ ջնջխված, վնասվածքներ ստացած քաղաքացիներից եք հարցնում։ Հետո էլ զարմանում, որ ոստիկանության վայրագ գործողություներին նա այսպիսի գնահատական է տալիս՝ նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց։ Շնորհակալություն է հայտնում, որ նրանք ՀՀ քաղաքացիներին արյունլվիկ են արել, տրավմաների հասցրել, ծեր ու ջահել, կին ու անչափահաս չեն խնայել․․․ 

Գոնե գլխիդ համակարգչային սարքը անջատիր ու լռիր։ Դու ի՞նչ կապ ունես հիվանդի, մարդու հետ։ Գնա ու քո աղամաններով զբաղվիր։