«Հրապարակ». Արթուր Մկրտչյանը 5 րոպեում արտակարգ դատարան ստեղծեց

«Հրապարակ». Արթուր Մկրտչյանը 5 րոպեում արտակարգ դատարան ստեղծեց

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ նրան մեղադրում են ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ, իբրեւ թե, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նախորդ գիշեր դատարանը բավարարել է քննիչի՝ Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը, եւ նրան կալանավորել են՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու ու նրան դատական նիստին մասնակից դարձնելու։

Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղյակ չի եղել, որ գիշերվա կեսին իր պաշտպանյալի գործով կալանքի միջնորդություն են քննում, իր խոսքերով ասած՝ արտակարգ դատարանում, ուստի չի կարողացել ներկա գտնվել նիստին եւ բերել հակափաստարկներ՝ փորձելով այդպիսով հետ պահել դատարանին Իգոր Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացնելուց։  Խաչատուրովը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ միակը չէ պատերազմի մասնակիցներից, որոնց նկատմամբ այս օրերին Նիկոլ Փաշինյանին «առընթեր» դատական համակարգը քրեական հետապնդումներ է իրականացնում ու կալանավորում։

«Քաղաքական հրահանգ կատարող կամակատարները պետք է հնարավորություն մեզ ընձեռեին, որպեսզի մենք կարողանայինք հակափաստարկ ներկայացնել։ Դատական նիստը պաշտպանի բացակայությամբ են իրականացրել, գաղտագողի, ստեղծել են արտակարգ դատարան ու էդ արտակարգ դատարանում, առանց պաշտպանին պատշաճ ծանուցելու, դատական նիստ են անցկացրել»,- ասաց Պողոսյանը։ Ի դեպ, դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը եւ ինքնաբացարկ է հայտնել Իգոր Խաչատուրովի գործով, եւ նրա փոխարեն այլ դատավորի է մակագրվել գործը, ընդ որում, ըստ փաստաբանի՝ գործը մակագրվել է ձեռքով, ոչ թե էլեկտրոնային համակարգի միջոցով։
«Գործը քննել է քաղաքական պատվեր կատարելու հարցում արդեն ոնց որ մասնագիտացած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ով նախկինում ՀՔԾ քննիչ է եղել, երեւի ՀՔԾ-ում վերջին չորս տարվա պաշտոնավարման ընթացքում լավ սերտել է էդ գործողությունները, հիմա էլ նույն գործողությունները գործադրում է նաեւ դատարանում՝ որպես դատավոր»,- ասաց նա։ Արուսյակ Ալեքսանյանն էլ օրենքի խախտմամբ, հապճեպ ու գաղտագողի կայացրել է կալանքի որոշումը` առանց մեղադրյալին ու նրա պաշտպանին լսելու, ինչն աննախադեպ է անգամ մեր անկատար դատական համակարգի պայմաններում:

Ինչ վերաբերում է փաստաբանի նշած «արտակարգ դատարանին», ապա նա իր ձեւակերպումն այսպես բացատրեց․ «Իրականում դա եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ արգելված ինստիտուտ է՝ արտակարգ դատարանի ստեղծումը, դա Սովետական Միության ժամանակ էդ հայտնի «տրոյկաներն» էին, բայց այս գործի քննության ընթացքում ինչ տեղի է ունեցել, ակնհայտորեն վկայում է էն մասին, որ գիշերը կոնկրետ Իգոր Խաչատուրովի գործը քննելու համար ստեղծվել է արտակարգ դատարան, որովհետեւ նախորդ օրը, երբ ես բողոք էի ներկայացրել, էդ բողոքի համար, այսինքն՝ մակագրություն իրականացնելու համար, դատարանի նախագահ կոչեցյալ Արթուր Մկրտչյանից երեք ժամից ավել էր պահանջվել։ Էսօր պարզվում է, որ էդ ամեն ինչն իրականացնելու համար Մկրտչյան Արթուրին կարելի է բերման ենթարկել ու հինգ րոպեում դատարան ստեղծել։ Հիմա Մկրտչյան Արթուրը որոշել է իր ձեռքով ստեղծել դատարան, ինքն է որոշել՝ ով պետք է քննի Իգոր Խաչատուրովի գործը եւ կալանավորի նրան»։

Ինչ վերաբերում է Խաչատուրովին վերագրված մեղադրանքին՝ բռնություն ոստիկանի նկատմամբ, ապա Միհրան Պողոսյանն ասաց, որ մեկ ոստիկանի տված կեղծ ցուցմունքի հիման վրա է այս գործը «կարվել»։ «Եթե մեզ հնարավորություն տային դատական նիստին մասնակցել, դա հենց դատական նիստում կապացուցվեր, մենք ստիպված հանրային դաշտում այսօր-վաղը կներկայացնեինք, որ ոստիկանը կեղծ ցուցմունք է տվել՝ որոշ դրդապատճառներից ելնելով, եւ էդ ամեն ինչի արդյունքում էլ իմ վստահորդի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»,- ասաց Խաչատուրովի պաշտպանը՝ ընդծելով, որ բացի այդ մեկ ոստիկանի կեղծ ցուցմունքից, ուրիշ որեւէ փաստական տվյալ չկա, որ իր վստահորդը բռնություն է կիրառել ոստիկանի նկատմամբ:

Քննչական կոմիտեն իր տարածած հաղորդագրության մեջ նաեւ մի շատ վտանգավոր, անձի պատվին ու արժանապատվությանը դիպչող, նրա բարի համբավն արատավորող պարբերություն է գրել, որով Խաչատուրովին առերեւույթ մեղադրում են թմրամոլության մեջ՝ դրա վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չունենալով։

«Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերեւույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Միհրան Պողոսյանը, արձագանքելով հաղորդագրության մեջ տեղ գտած այս հատվածին, ասաց․ «Ուրեմն էդ հաղորդագրությունը ստեղծող, տարածող, էդ հաղորդագրության հետ որեւէ առնչություն ունեցող պաշտոնատար անձինք, ես վստահեցնում եմ Ձեզ, բարոյահոգեբուժական փորձաքննություն անցնելու անհրաժեշտություն ունեն, որովհետեւ էդ փաստական տվյալը ներկայացնելն աղերս չունի, առաջին հերթին, հոգեբուժական առողջ մտածելակերպ ունեցող մարդու հետ եւ երկրորդ՝ բարոյական առողջ մտածելակերպ ունեցող մարդու հետ»։

Նա հիշեցրեց, որ խոսքը երեկ առավոտյան 8։30-ին տեղի ունեցած ենթադրյալ դեպքի մասին է, եւ հավելեց․ «Էն մարդը, որը պատրաստվում է առավոտյան ութն անց կես բողոքի ակցիա իրականացնել, ձեր կարծիքով՝ պետք է թմրանյութի ազդեցության տա՞կ գտնվի։ Դա քաղաքական իշխանության հերթական խայծն է, որը կատարվում է Քննչական կոմիտեի կամակատարների միջոցով»։ Նա նաեւ նշեց, որ Իգոր Խաչատուրովին առաջարկել են անցնել տոքսիկոքիմիական փորձաքննություն, սակայն, նախ` օրենքով նման փորձաքննություն անցնելու պարտականություն Իգոր Խաչատուրովը չի ունեցել, եւ երկրորդ՝  Խաչատուրովը ներկայացել է փորձաքննության, սակայն տեղում պարզվել է, որ իր փաստաբանին չեն ծանուցել այդ փորձաքննության անցկացման մասին, ուստի Խաչատուրովը հրաժարվել է առանց փաստաբանի որեւէ գործողության մասնակցելուց։

Հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավո՞ր է, որ ՔԿ-ի տարածած այս հաղորդագրության մասով իրավական գործընթաց նախաձեռնեն՝ համարելով, որ ՔԿ-ն այս հաղորդագրությամբ արատավորել է Իգոր Խաչատուրովի բարի համբավն ու վիրավորել նրա պատիվն ու արժանապատվությունը։ Պողոսյանն ասաց, որ այս պահին դա առաջնահերթ խնդիր չէ, բայց քննարկվում է։