Որդիները` առանձին, հայրը` առանձին, հայտեր են ներկայացրել Քրիստոսի արձանի համար

Որդիները` առանձին, հայրը` առանձին, հայտեր են ներկայացրել Քրիստոսի արձանի համար

Ավելի վաղ գրել էինք, որ գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը եւ որդին՝ Հովհաննեսը, որպես համահեղինակներ, պատրաստվում են հայտ ներկայացնել՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Այսօր քանդակագործի որդուց՝ Հովհաննես Պապոյանից տեղեկացանք, որ իրենց կողմից արդեն հայտերը ներկայացվել են, ավելին, երեք եղբայրներով մեկ առանձին հայտ են ներկայացրել, հայրը՝ առանձին: Հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել նախագծերը:

«Որոշեցինք՝ հայրիկն առանձին իր տարբերակը ներկայացնի, մենք՝ եղբայրներով, մեր տարբերակը: Տարբերությունը կեցվածքի մեջ է: Հայրիկի տարբերակը ձեռքերն ուսահոդերին հավասար պարզած, դեպի ժողովուրդը՝ վերևից իջնող Քրիստոսն է, մերը՝ ձեռքերը կոնքերին հավասար, կրկին դեպի ժողովուրդը ձգվող Հիսուսն է: Այս պահին, ճիշտն ասած, մեզ համար շատ կարևոր է արձանի նյութը, թե ինչից կձուլվի: Մենք առաջարկում ենք բրոնզե տարբերակը, որովհետև ամենամնայունն է, բայց նաև թանկարժեք: Ճիշտ է, նմանատիպ ձուլվածքներն աշխարհում բետոնից են լինում, օրինակ` Բրազիլիայում Հիսուս Քրիստոսը, բայց այն անպայման 1-2 տարվա կտրվածքով վերանորոգման, վերամշակման է ենթարկվում: Եթե Բրազիլիայում կարող են նման ճոխություն թույլ տալ, 3-4 ամսով փակել արձանը, քանի որ ձմեռն էլ այնտեղ սաստիկ չէ, ապա մեզ մոտ՝ տուրիստական բում շրջանում, շատ լուրջ խոչընդոտների առաջ է կանգնեցնելու: Պիտի ասեմ, որ ավելի շատ կարևոր է ոչ այնքան արձանի մեծությունը, որքան որակը: Ինձ համար նաև շատ կարևոր է, թե որտեղ է տեղադրվելու արձանը: Հայաստանի 12 մարզերում էլ սիրուն տեղեր շատ կան, բայց կոմունիկացիաների առումով պետք է հասանելի լինի: Ասենք՝ Արագածի լանջին եթե տեղադրվի, տարին 12 ամիս որքանով հասանելի կլինի»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործի որդին՝ Հովհաննես Պապոյանը:

Նշենք, որ ըստ «Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի՝ արձանի համար արդեն 100-ից ավելի առաջարկներ կան։ Ծանո՞թ են արդյոք մյուսների առաջարկին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ծանոթ չեմ, տեղեկացված եմ այնքան, որքան որ դուք: Մենք հայտ ներկայացրել ենք՝ գնահատելով մեր ուժերը, թե ինչքանով հավանության կարժանանա, կտեսնենք: Կարևոր է նաև ֆինանսական բյուջեն, որը դեռ չգիտենք: Բայց անելուց էլ չենք մտածում անել պլաստմասսե մի գործ․․․․ : Մնայուն արժեք պիտի լինի: Այսպես ասեմ, հա, ոնց որ գնաս հարսանիք, ոսկու փոխարեն հարսին բիժուտերիա նվիրես: Այլ կերպ՝ նույն էֆեկտը կարող ես ստանալ 3D տարբերակով՝ արագ, մատչելի: Անկախ ամեն ինչից՝ ով կանի այդ գործը, հիանալի գաղափար է, ես կուզեի, որ արժեքավոր, բարձրորակ նյութով լիներ, քանի որ մնայուն արժեք է»: