«Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիրների վախն է բռնո՞ւմ

«Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիրների վախն է բռնո՞ւմ

Մամուլում հրապարակումներ կային, որ դեկտեմբերի 6-ին մեկնարկող խորհրդարանական վերջին հերթական նիստերին գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնելու մի քանի ընդդիմադիր պատգամավորների, առաջին հերթին՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում սկսելու հարցով։ Սակայն մենք տեղեկացանք, որ գլխավոր դատախազը նման միջնորդություն չի ներկայացնի։ Այսօր ԱԺ խորհրդի օրակարգում նման հարց ընդգրկված չէ։

Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ այդ լուրերը հատուկ են տարածել՝ ընդդիմադիրների վախը բռնելու եւ նրանց՝ ինքնակամ մանդատից հրաժարվել ստիպելու նպատակով։ Ոմանք պատահական չեն համարում «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի՝ մանդատից հրաժարվելը․ նրա անունը եւս այն պատգամավորների շարքում էր, որոնք պետք է զրկվեին անձեռնմխելիությունից։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա այցով մեկնում է Մոսկվա, ինչը նշանակում է, որ այս նստաշրջանում՝ մինչեւ տարեվերջ դատախազն այլեւս չի կարող նման միջնորդություն ներկայացնել, քանի որ այսօր նստաշրջանի վերջին հերթական նիստերն են, իսկ ԱԺ արտահերթ նիստում օրենքը թույլ չի տալիս նման միջնորդություն ներկայացնել։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ հաջորդ նստաշրջանում դատախազը հյուրընկալվի խորհրդարանում։