Սա Արցախի դեմ նոր դավաճանական գործարքը կանխող ակցիա է

Սա Արցախի դեմ նոր դավաճանական գործարքը կանխող ակցիա է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

- Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսել: Հասարակությանը կոչ է անում դուրս գալ փողոց և պայքարել հանուն Արցախի ու Հայաստանի: Եկեք զուգահեռներ անցկացնենք 2018-ի հայտնի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիաների և այսօրվա պայքարում կիրառվող տեխնոլոգիաների միջև:

- Տեխնոլոգիաների մասին խոսելը բարդ է: Կա տպավորություն, որ 2018-ին մեծ կազմակերպչական աշխատանք է տարվել, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ակցիայի առաջին փուլն ամբողջությամբ եղել է կազմակերպված ինչ-ինչ ինստիտուտների կողմից: 2018-ի դեպքերի միայն վերջին փուլում էին մարդիկ ինքնուրույն փողոց դուրս գալիս: Վերջում իրապես մթնոլորտը փոխվել էր: Ինչ վերաբերում է ներկայիս շարժմանը, ապա հիմա լրիվ այլ իրավիճակ է: 2018-ին Հայաստանը չուներ այսօրվա խնդիրները: Ամենակարևորը` հայ ժողովուրդն այն ժամանակ այսքան հարվածներ ու կորուստներ չէր կրել: Մեծ հաշվով, այն ժամանակ հանրությունն ուղղակի ավելին էր պահանջում, իսկ այսօրվա պահանջը հանուն անվտանգության է, Արցախի դեմ նոր դավաճանական գործարքը կանխող ակցիա: Հիմա դժվար է ասել, թե հասարակության մոտեցումն ինչպիսին կլինի, քանի որ պահանջներն այլ են: Էմոցիոնալ ֆոնն այսօր իրապես մեծ է, սակայն մենք գործ ունենք լուրջ հարվածներ ստացած ու, չեմ վախենա ասել, կոտրված ժողովրդի հետ:

- Իսկ չե՞ք կարծում, որ ընդդիմությունն էլ է այսօր պառակտված:

- Չէ: Նրանք հայտարարեցին, որ լինելու է ապակենտրոնացած պայքար: Ճանաչելով ընդդիմադիր որոշ գործիչների, ես համոզված եմ, որ պառակտվածություն չկա: Ես տեսնում եմ այս անգամ հնարավորինս շատ մարդկանց փողոց դուրս բերելու փորձ, և այդ փորձի ընթացքում նպատակն այն է, որ բոլորն իրենց հնարավոր ռեսուրսները կարողանան ճիշտ օգտագործել:

- Իսկ հասարակության գոնե մի ստվար զանգվածն Արթուր Վանեցյանի շուրջ կհամախմբվի՞: Կգիտակցի՞, որ սա գաղափարական պայքար է, այլ ոչ թե անձակենտրոն:

- Վանեցյանն իր շուրջ համախմբելու հավակնություն չունի, նա խոսում է Արցախը փրկելու անհրաժեշտության մասին: Նրա կոչն այն է, որ մարդիկ փողոցում պայքարեն հանուն երկրի անվտանգության: Կարծում եմ` Վանեցյանն ընդդիմադիր դաշտի այն առաջնորդներից է, որն ունի գլխավոր դերակատար դառնալու շանսեր: Հասարակությունը չպետք է հիմնական կարևորագույն խնդրից, այն է` Արցախն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի հերթական դավաճանական ծրագրից շեղվի: Մնացյալն առայժմ երկրորդական են:

- Առաջարկներ են հնչում, որ նախկին երեք նախագահները պետք է միավորվեն և տապալեն գործող իշխանությանը: Սա որքանո՞վ է իրատեսական:

- Նրանք բոլորը փորձում են պայքարել Փաշինյանի իշխանության դեմ: Նրանք երեքն էլ պատերազմից հետո քննադատել են Նիկոլ Փաշինյանին: Այս տեսանկյունից, կարծես, նրանք երեքն էլ իրենց քաղաքական խնդիրը ձևակերպված` նույնականացնում են: Այլ հարց է, թե որքանով են միասնական ճակատով գործելու: